Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ազգությամբ հայ Վրաստանի երկու քաղաքացու՝ ապօրինի զինված խմբավորում ստեղծելու եւ լրտեսության կասկածանքով: Ինչպես հաղորդում է BLACK SEA PRESS-ը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, Գրիգոր Մինասյանը եւ Սարգիս Հակոբջանյանը կասկածվում են Վրաստանի ՔՕ 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 հոդվածի առաջին մասով (ապօրինի զինված խմբավորման ստեղծում) եւ 314 հոդվածի առաջին մասով (լրտեսություն) նախատեսված հանցանքների մեջ:
«Արմինֆոն» տեղեկացնում է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: Իսկ ահա «Երկիր» միությունն այս առթիվ հայտարարել է, որ տեղի է ունեցել սադրանք, «որի միջոցով վրացական իշխանությունները գիտակցաբար հետապնդում են Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների սրման նպատակը՝ ձգտելով՝ 1) շեղել միջազգային հանրության հետզհետե աճող հետաքրքրությունը ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ ընթացող դատավարությունից, որի ընթացքում «Միասնական Ջավախք»-ի առաջնորդը եւ նրա դատապաշտպանները բարձրացնում են ջավախքահայությանը հուզող խնդիրները եւ պահանջում դրանց լուծումը, ինչը վրացական իշխանություններին մղում է նորանոր եւ բացահայտ դատավարական խախտումների եւ անօրինականությունների: 2) Միջազգային հանրության առջեւ խաղարկելով «հայկական անջատողականության» խաղաքարտը՝ խուսափել իր երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ փոքրամասնության, իրավունքների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումից: 3) Նույն «անջատողականության» քարտի խաղարկմամբ ՀՀ իշխանություններին մղել նորանոր զիջումների ջավախքահայության եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում»: