Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքը կսպասի

Հունվար 24,2009 00:00

Իսկ իշխանության համբերությունը «սահման ունի»

ՀՀ կառավարության 2008թ. տարեվերջյան որոշումներից մեկով լուծարվել է Ազգային անվտանգության ծառայության՝ հատուկ մարտական գործողությունների վարչությունը, ավելի կարճ՝ ԱԱԾ-ի «սպեցնազը»: Այդպիսի ստորաբաժանում հիշյալ կառույցում ստեղծվել էր դեռ 1994թ. հունվարին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ: Նպատակը ղարաբաղյան պատերազմի տարիներին արտաքին ագրեսիայից ՀՀ տարածքը պաշտպանելն էր, իսկ ստորաբաժանման խնդիրն էր այդ՝ մինչեւ 50 կմ խորությամբ տարաբնույթ դիվերսիոն գործողություններ կազմակերպելը: Նման կառույցներ կան, ի դեպ, ցանկացած երկրի ազգային անվտանգության կառույցում: Այդ ստորաբաժանումն էր, որ կոչված էր նաեւ մեր երկրի տարածքում ապահովելու, օրինակ՝ ԱԷԿ-ի անվտանգությունը եւ այլն: Այսօր, երբ տակավին ավարտված չէ արցախյան պատերազմը, երբ ընդհանրապես կա արտաքին ագրեսիայի որեւէ վտանգ, այդ ստորաբաժանման (ըստ փորձագետների՝ բավականին գրագետ կադրերով համալրված) լուծարումը հիշյալ կառույցում ծառայած մարդիկ ու մասնագետները համարում են պետական, ազգային դավաճանություն: ՀՀ կառավարության որոշումն այդպես որակողներից մեկը ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էր:

«Առավոտի» աղբյուրների ասելով՝ լուծարված ստորաբաժանման զինծառայողների եւ սպաների մի մասը տեղափոխվել է ԱԱԾ-ի ենթակայությամբ գտնվող սահմանապահ կամ ՀՀ ոստիկանության զորքեր: Սակայն սպայական կազմի մի զգալի հատված հրաժարվել է տեղափոխվել ՀՀ ոստիկանության զորքեր կամ ոստիկանության ենթակայությամբ նոր ստեղծվելիք «սպեցնազ»: Բանն այն է, որ հայրենի իշխանությունները որոշել են ձեւավորել ոստիկանության «սպեցնազ»: Այդպիսին ոստիկանությունն ունի միայն Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում: Մեզ հասած տեղեկություններով, այդ նորաստեղծ «սպեցնազն» ունենալու է 1000-1500 զինծառայող, բայց ոչ թե՝ ժամկետային, ինչպես էր ԱԱԾ-ի պարագայում, այլ բացառապես «նայոմնիկներ»՝ պայմանագրային հիմունքով: Այդ ստորաբաժանումը ծառայելու է, բնականաբար, ներքաղաքական բունտերը զսպելու, ցրելու, ծեծելու կամ սպանելու դեպքերում: Բանն այն է, որ ԱԱԾ-ի արդեն նախկին «սպեցնազցիները» 2008թ. հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ՝ մարտի 1-ին, «Ազատության» հրապարակի «մաքրման» ժամանակ, ցերեկն ու նաեւ երեկոյան գործողությունների ժամանակ պակաս ագրեսիվ են եղել, քան ոստիկանության զորքերը, «6-ի սպեցնազն» ու օլիգարխների թիկնապահները, եւ այլեւս վստահելի չեն: Իսկ առջեւում մեզ սպասվում է ֆինանսական ճգնաժամ, սոցիալական վիճակի վատթարացում, հնարավոր է նաեւ՝ սոցիալական բունտ եւ ընդդիմության զանգվածային միջոցառումների ակտիվացում: «Բնականաբար, էս իշխանության միտքը հո հայրենիքի պաշտպանությո՞ւնը չի լինելու: Նրանք իրենց իշխանությունը պաշտպանելու խնդիր ունեն հիմա: Իսկ ԱԱԾ «սպեցնազը» էլի մի անգամ ներքաղաքական գործընթացներին խառնելը արդեն մեծ հնչեղություն կարող է ստանալ»,- նկատեց Գ. Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել