Հրաշալի գիտակցելով, թե մարտի 1-ի հետեւանքներն ինչ են լինելու Հայաստանի համար արտաքին քաղաքական ասպարեզում՝ իշխանության խոսնակները հոխորտում էին միջազգային կառույցների վրա:
Մարտի 1-ին հաջորդող օրերին միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները հերթով սկսեցին «դեղին քարտեր» ցույց տալ Հայաստանին: Սակայն մեր հանրության այն հատվածը, որը տեղեկատվություն էր ստանում արտակարգ դրության պայմաններում գործող լրատվամիջոցներից՝ շարունակում էր անգիտության մեջ պահվել, թե ինչ սպառնալիքի առջեւ է հայտնվել մեր երկիրը: Իշխանական քարոզչամեքենան, ասենք, լռեց, որ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգը մարտի 2-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել, որ «առավելագույն զսպվածություն ցուցաբերեն եւ հարգեն համարժեքության սկզբունքը: Հայտարարված արտակարգ իրադրությունը ծայրահեղ միջոց է եւ պետք է վերացվի հնարավորինս շուտ՝ խաղաղ ցուցարարների շրջափակումը եւ լրատվամիջոցների սահմանափակումը իսկական ժողովրդավարների լավագույն պատասխանը չէ այլախոհ հայացքներին»: Իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն արդեն մարտի 3-ին էր հայտարարել, թե «հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունները կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար», եւ հորդորել ՀՀ իշխանությանը քննարկել սահմանված սահմանափակումների արդարացվածության հարցը. «Այս սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է»: Չհաղորդվեց նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների մարտի 4-ի կոչը՝ «Ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը իրականացնելու համար»:
Միջազգային կառույցներին նման պահանջ-զգուշացումները լռության մատնելու, անտեսելու գործելակերպը չտարածվեց միայն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարտի 3-ի հայտարարության վրա, որը Հ2-ը հաղորդեց: Սակայն բաց թողեց հետեւյալ մասը, որ Պան գի Մունը ՀՀ իշխանություններին հորդորել է քայլեր ձեռնարկել նորմալ վիճակին վերադառնալու համար՝ «ներառյալ արտակարգ իրավիճակի անհապաղ վերացումը»:
Այսուհանդերձ, իշխանական խոսնակները սկսեցին այս չհաղորդված կամ կիսատ հաղորդված հայտարարություններին ներքին լսարանի առջեւ արժանի հակահարված տալու գործընթացը: Եվ մասնավորապես ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը մարտի 4-ի ասուլիսում ելույթ ունեցավ այն թեմայով, թե կատարված դեպքերին գնահատական տվողները ո՛ր փաստերն ու հանգամանքներն են պարտավոր արձանագրել. «Հակառակ դեպքում մի բան է ինձ մնում ասել, որպեսզի մնամ կոռեկտության սահմաններում, թե դրանք անտեղյակ հայտարարություններ են»:
Իսկ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը մարտի 4-ին Հ2-ի տաղավարում զարգացրեց այն թեզը, որը շրջանառության մեջ էր դրել նախագահի խոսնակը: «Կան որոշ ձեւակերպումներ այդ հայտարարությունների մեջ, որ այս օրերին հնչել են Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, Եվրոպական միությունից, որոնք, երեւում է, տեղեկատվության պակասի որոշակի արդյունք են»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ որպես մի նման ձեւակերպման օրինակ նշելով ոստիկանների կիրառած անհամարժեք ուժի մասին պնդումները: «Ակնհայտ է, որ այդ իրավիճակում որեւէ ուրիշ արձագանք չէր կարող լինել, եւ մենք ամեն ինչ անում ենք այս օրերին, որպեսզի մեր գործընկերներին պատմենք, թե ինչպես են զարգացել իրադարձությունները»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի օգնականը:
Սակայն նաեւ չբացառեց, թե նման հայտարարությունների պատճառը տեղեկատվության պակասը չէ. «Միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնյաների մեջ միշտ կան բազմաթիվ մարդիկ, ում թվում է, որ իրենք կառավարում են աշխարհը: Եվ իրենք մոռանում են, որ միջազգային կազմակերպության անդամ պետությունն այդ կազմակերպության հիմնադիրներից է եւ ոչ թե զիջել է իր ինքնավարության մի մասը: Օրինակ՝ կա հանրահռչակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, ում վերաբերմունքն այս տարածաշրջանին եւ ում օրակարգը մենք գիտենք դեռ իր (այն ժամանակ չհրապարակված՝ Հայաստանի ջանքերի արդյունքում) Ղարաբաղին վերաբերող զեկույցից: Իհարկե, նա իր հայտարարություններում փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ Հայաստանի հետ կապված կան ավելի խորքային խնդիրներ»: Վիգեն Սարգսյանը նաեւ ասաց. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ բոլոր այն գործերը, որոնք Հայաստանում քննվելու են այս իրավիճակի հետ կապված՝ վերջում իրենց բողոքարկմանն են հասնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եվ դա գիտակցելով՝ իհարկե անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր գործերը քննվեն իրավունքի եւ մեր միջազգային պարտավորությունների տառին համահունչ: Եվ դա արվելու է միանշանակորեն»: Ի դեպ, հետաքրքիր կլիներ այժմ էլ պաշտոնավարել շարունակող պրն Սարգսյանից պարզել, թե իրավունքի տառին համահո՞ւնչ է համարում արդյոք այն, որ նախաքննության մարմինն, ասենք, հարցաքննել էր այն բոլոր մարդկանց, որոնց այդ շրջանում զանգահարել էր Գրիգոր Ոսկերչյանը՝ ընդամենն այդ հեռախոսազանգը կասկածահարույց դիտելով:
Ընդգծենք, որ այս հարցազրույցից դատելով՝ նախագահի աշխատակազմում հրաշալի գիտակցում էին, թե ինչ է սպասվում այս ամենի հետեւանքով: Լրագրողի հարցին՝ «Այս զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վարկանիշի վրա՝ միջազգային հանրության մեջ լինելու տեսակետից», Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք գտնվելու ենք մի վիճակում, երբ ստիպված ենք լինելու, մի փոքր քայլ հետ կատարելով՝ կրկին բացատրություններ տալու, կրկին ապացուցելու, որ մեր մտադրությունները եւ մեր վարվելակերպը համահունչ են մեր հռչակած արժեքներին եւ այն արժեքներին, որոնք դավանում են այդ կազմակերպությունները»:
Իսկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այդ օրերին իր ասուլիսներում վստահեցնում էր, թե արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները նախատեսված են Հայաստանի Սահմանադրությամբ եւ միջազգային հռչակագրերով: Միջազգային հանրության հայտարարությունների առնչությամբ էլ ասում էր. «Մենք շարունակում ենք բոլորի հետ աշխատել, փորձում ենք ապացուցել եւ վստահեցնել, որ պետությունն ամեն ինչ կանի թափանցիկ եւ բաց ձեւով հետաքննություն անցկացնելու, պարզելու այս ամենի մեղավորներին»: Ավելորդ է թերեւս հիշեցնելը, որ չնայած հաջորդող ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունը շարունակում էր աշխատել միջազգային կառույցների հետ, ապացույցներ փոխանցել նրանց՝ այդպես էլ չհամոզեց, եւ ի վերջո հասանք այսօրվա վիճակին, երբ մեր երկիրը հայտնվել է առնվազն ԵԽԽՎ-ի կողմից «կարմիր քարտ» ստանալու սպառնալիքի առջեւ:
Ու եւս մի հիշեցում: Մարտի 1-ին ՀՀ նախագահի նստավայրում, իր ասուլիսի ժամանակ, որից հաշված ժամեր անց կրակ արձակվեց ցուցարարների վրա՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում էր. «Զգում եմ, որ կրիտիկական պահ է. եթե այս պահին լինում է ճիշտ կողմնորոշում՝ մենք շահում ենք»: Իսկ պաշտոնաթողությունից հետո Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլաթաս» հիմնադրամի «Հայաստան 2008. ճգնաժամ եւ հնարավորություն» զեկույցում այժմ նշված է. «Մարտի 1-ի արդյունքում երկիրը ոչ միայն սուզվեց վերջին տասնամյակի վատագույն քաղաքական ճգնաժամի մեջ. այն նաեւ լրջագույն հարված հասցրեց Հայաստանի ժողովրդավարության կայուն, սակայն անհամաչափ առաջընթացին»: