Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐ

Հունվար 24,2009 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, մեր խնդրանքով անդրադառնալով ԴԱՀԿ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանի նկատմամբ կատարված դանակահարությանը, ասաց, թե այն, ինչ կատարվում է այս ոճրագործության շուրջ՝ «Հայաստանյան բնավորություն է»:

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը հարձակման էր ենթարկվել հունվարի 21-ին. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական օրենսգրքի» 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը: Մեր խնդրանքին՝ առավել մանրամասնել, թե հատկապես ի՞նչ նկատի ունի ինքը՝ այդպես ասելով, պրն Սահակյանն ասաց. «Երեւույթը, որ կատարվում է, բոլորը փորձում են յուրովի մեկնաբանել. իմ կարծիքով՝ պետք է մի քիչ սպասել, մինչեւ հետաքննական մարմինները կարողանան ի հայտ բերել: Իհարկե, կարելի է տարբեր վարկածներ առաջադրել, բայց դա տարբեր մտածողություններից եւ ցանկություններից է: Թիմային ինչ-որ բան է՝ դեպքը քաղաքականացնել, կապել ինչ-որ մարդկանց հետ, փորձում են նաեւ բացատրել, որ, ըստ երեւույթին, իշխանություններն արեցին: Մեր կյանքը քաղաքականացված է, եւ տարբեր թիմեր տարբեր վարկածներ են առաջարկում: Հավատի կորուստ է, պիտի հավատը վերականգնել, պիտի հավատանք իրավապահներին»: Մեր հարցին՝ մի՞թե չափից շատ չենք սկսել սպասել իրավապահներին, պարոն Սահակյանն ասաց, որ մենք չունենք հետաքննող մասնավոր կառույցներ. «Դրա համար էլ ամեն մեկս դարձել ենք նման երեւույթների հետախույզներ»: Հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերում «Բջնի»-ի աճուրդին, տեսնո՞ւմ է դրանում քաղաքականություն, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Ամեն ինչի մեջ էլ կարելի է քաղաքականություն տեսնել, բայց չենք կարող այլ բան խոսել, որովհետեւ մարդիկ ասում են՝ օրենք է խախտվել եւ օրենքով սնանկացման է գնում, հիմա սրա դեմ կռվան ունենալու համար պիտի ունենաս համապատասխան գրասենյակ, որի միջոցով փորձես առաջ գնալ, այնպես որ՝ կանխավարկածային է ամեն ինչ»: Իսկ անձամբ ինքը՝ պարոն Սահակյանը, հավատո՞ւմ է, որ «Բջնի»-ի դեպքում օրենք է խախտվել: Պարզեցինք, որ «մեր իրավիճակում շատ հնարավոր է, որ ոչ միայն «Բջնի-» խնդիրն առաջ գա, այլեւ ընդհանուր առմամբ շատ այդպիսի դեպքեր լինեն, պարզապես լիազորված մարմինները պիտի կարողանան աշխատել, որպեսզի հասարակության մեջ այդ կողմնապահության զգացումը չլինի»:

Մեր այն հարցին՝ մի՞թե իրեն չի հուզում անազատության մեջ գտնվող գործընկերների, մասնավորապես՝ իր ղեկավարած խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Համապատասխան հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը բազմաթիվ այցեր ունի, այնպես որ՝ մեր հետաքրքրության շրջանակներից դուրս չէ, եւ երեկ էլ արդեն թույլատրվեց, որ Հակոբ Հակոբյանին տեղափոխեն իր մասնավոր բժշկի հսկողության տակ: Սովորաբար, ոչ թե խուսափում ենք տեսնելուց, նրանց հանդիպելուց, այլ խուսափում ենք սենսացիաներից, սա սենսացիոն հարց չի, որ Գալուստ Սահակյանը գնա եւ ասեն՝ էս ինչ լավ մարդ է, մյուսն էլ ասի՝ իշխանությունների կողմից գնաց: Մենք հակված ենք, որպեսզի արդարացի լուծումներ լինեն, ինչքան էլ ցանկանան այսօր անազատության մեջ գտնվողները կամ դրսի մարդիկ քննադատել, փնովել, համենայնդեպս, գոնե ես շատ լուրջ եմ նայում այդ խնդիրներին եւ հակված եմ մտածելու, եւ ժամանակը կգա՝ դա էլ պարզորոշ կերեւա, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարադատության սկզբունքներից դուրս՝ խարդախ գործարքներով մեր ընկերների նկատմամբ վերաբերմունք չդրսեւորվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել