Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 680 հազար եվրո վճարել 2002 թ. անհայտ կորած (կամ սպանված) չեչեն քաղաքացու հարազատներին: Սա ռեկորդային թիվ է, որը Եվրոդատարանը նշանակել է Ռուսաստանին՝ իր ողջ հայցերի պատմության մեջ, նշում է «Կոմերսանտը»:
Տուժածները դատարան են ներկայացրել ընդամենը 6 հայցադիմում, որոնք վերաբերում են 2002 թ. Չեչնիայում կատարված իրադարձություններին: Քննված գործերից մեկում հաստատվել էր, որ մարտի 6-10-ը ռուս զինվորականները Հին Ագատներ գյուղում ձերբակալել եւ անհայտ ուղղությամբ են տարել 10 մարդու:
Հայցադիմումներից մեկում նշվում է Չեչեն-աուլ գյուղի 6 բնակիչների մասին: Նրանք անհետացել են 2002 թ. աշնանը, այնուհետեւ նրանց մարմինները, բռնության հետքերով, գտել են գյուղից ոչ հեռու: ՌԴ-ի դեմ մեկ այլ գանգատ էլ ներկայացրել են Գրոզնի քաղաքի բնակիչ Սաիդ Դանգիեւի հարազատները: Սաիդին ռուս զինվորականները գնդակահարել էին սեփական տան բակում: Երկու գործ էլ վերաբերել է Ուռուս Մարտինայի եւ Ախչոյ Մարտինայի անհետացմանը: Եվրոդատարանը որոշել է, որ իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք վերաբերում են մարդու կյանքին եւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին: Ինչպես գրում է «Կոմերսանտը»՝ դատարանը եզրակացրել է, որ վերոնշյալ հայցադիմումներում «հայցվորները ներկայացրել են հստակ եւ հիմնավորված փաստեր, որ իրենց հարազատներն առեւանգվել են ռուսական զինծառայողների կողմից: Հատուկ նշվել է նաեւ, որ իշխանության ներկայացուցիչները մահացու ելքով ուժի կիրառման համար արդարացումներ չեն ներկայացրել: Եվրոդատարանի որոշմամբ, ՌԴ-ն պետք է զոհված կամ կորած քաղաքացիների հարազատներին վճարի 613 550 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 62 400 եվրո՝ որպես նյութական վնաս»: 41 200 եվրոն պատասխանող կողմից կբռնագանձվի դատական ծախսերի համար: