Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ

Հունվար 23,2009 00:00

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հանրապետության քաղաքացիները 2009 թ. հունվարի 1-ից հայ- վրացական սահմանը պետք է հատեն միայն միջազգային անձնագրերով: Բանն այն է, որ մինչ այս, ջավախահայերը արտոնություն ունեին Հայաստան ժամանել նաեւ անձնական վկայականներով, ու նրանց մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում էր՝ անհրաժեշտ չհամարելով միջազգային անձնագրերի առկայությունը: Սակայն այժմ, իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված, իսկական խառնաշփոթ է ստեղծվել ոչ միայն համապատասխան փաստաթուղթ չունեցողների շրջանում, այլեւ՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի անձնագրային ծառայություններում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիշյալ կառույցների հարակից տարածքներում օր օրի ավելացող մարդկանց բազմությանը: Ու թեեւ Ախալքալաքի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները, ինչպես նաեւ Թբիլիսիից ժամանած մասնագետները հնարավորինս փորձում են անձնագիր ցանկացողների պահանջը կարճ ժամկետում բավարարել, բայց պարզվում է՝ դա այնքան էլ հեշտ չէ: Անձնագրի ձեռքբերման պահանջով առաջինը դիմելու ցանկությունը երբեմն շատերին ստիպում է խանգարել ցուցակագրման կարգը:

Անձնագրի պահանջով դիմող մարդկանցից ոմանք, վկայելով շտապ վիրահատության կարիք ունեցող իրենց հարազատների մասին, փաստում են, որ նրանց ճակատագիրն այժմ անորոշ է, քանզի Հայաստանում վիրահատություն անցկացնելու համար վերջիններիս միջազգային անձնագիր է անհրաժեշտ, եւ, փաստորեն, հաշվի չի առնվում անգամ նրանց ծանր հիվանդ լինելու հանգամանքը: Շատերն էլ դժգոհում են, որ անծայրածիր հերթերի մեջ ստիպված են չարչարվել նաեւ իրենց փոքրիկները՝ անգամ նորածինները, քանի որ այսուհետեւ սահմանահատման համար նրանց էլ է անհրաժեշտ միջազգային անձնագիր:

Ախալքալաքի անձնագրային ծառայության աշխատակիցները խնդրում են տեղաբնակներին՝ իրենց դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, մինչ իրենք կհասցնեն արդեն դիմածներին ապահովել համապատասխան փաստաթղթերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել