«Առավոտի» 20.01.09-ի համարում տպագրված «Կենգուրուն կայցելի ՀՀ դպրոցներ» հոդվածից հետո խմբագրություն զանգահարեցին որոշ ծնողներ՝ ցանկանալով ավելի մանրամասն ծանոթանալ «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակցության կարգին: Մասնավորապես, նրանց հետաքրքրում է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայտագրվելու համար, եւ դրանք ում պիտի ներկայացվեն: Նաեւ հարցնում էին՝ եթե իրենց երեխայի հաճախած դպրոցը չի մասնակցում մրցույթին, ապա իրենց զավակը կարո՞ղ է անհատապես մասնակցել մրցույթին: Այս հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստացանք «Կենգուրու 2009» մրցույթի հայաստանյան կազմակերպիչ, «Այբ» կրթական հիմնադրամի PR համակարգող Աննա Վելիցյանից: Նա հայտնեց. «Ոչ մի փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Աշակերտները կամ ծնողները պետք է նախ դիմեն իրենց դպրոցի տնօրեններին` հայտնելով իրենց ցանկությունը մասնակցել «Կենգուրու 2009»-ին: Ապա սպասեն մինչեւ փետրվարի 2-ը` դպրոցների գրանցման վերջնաժամկետը, եւ, եթե իրենց դպրոցը չի հաստատել մասնակցությունը մրցույթին, թող զանգահարեն «Այբ» կրթական հիմնադրամ` 54 37 07 հեռախոսահամարով, եւ երեխաներին կհայտնեն իրենց հարմար մեկ այլ դպրոցի հասցե, որտեղ անցկացվելու է «Կենգուրուն»: Երեխաները կմիանան իրենց տարեկիցներին՝ այլ դպրոցներում: Յուրաքանչյուր երեխա պետք է 970 դրամի չափով հանգանակություն կատարի՝ այդ գումարը ԹՁը բանկի համապատասխան հաշվեհամարին փոխանցելով: Սա երեխայի անձնական ներդրումն է Հայաստանում «Կենգուրուի» անցկացման համար, եւ հանգանակությունները ուղղվելու են բացառապես հուշանվերների, հավաստագրերի (որոնք ստանալու են բոլոր երեխաները եւ դպրոցները), մրցանակների եւ այլ կազմակերպչական ծախսերի վրա: Իսկ հաշվեհամարը տնօրենները կստանան հունվարի 27-ին՝ Ֆիզմաթ դպրոցում կազմակերպվելիք ծանոթական սեմինարի ժամանակ»: