Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին բեմադրիչ Արմեն Մազմանյանը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրանք քննարկեցին ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցը: Այս կապակցությամբ Ա. Բլեյանը նկատեց. «Եթե հայաստանցին ձայնազուրկ է, ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ձայն ունի՞, թե՝ ոչ»: Խոսելով արտաքին աշխարհում Հայաստանի «ներառվելու» մասին՝ Ա. Բլեյանն ասաց. «Այժմ Հայաստանում իրականացվում է ներառական կրթություն, ուստի մենք ինքներս չենք կարող աշխարհին չներառվել»: Երբ խոսքը գնաց ներքաղաքական խնդիրների մասին, Ա. Մազմանյանը կարծիք հայտնեց. «Եկեք մեր խնդիրները մեր ներսում լուծենք: Անընդհատ տղա բերելը, նրանց կարծիքների վրա հույս դնելը շատ գավառական է: Ընդդիմադիր, թե իշխանամետ՝ մի ազգ ենք, մի խնդիր ունենք, ու ցավը բոլորինս է: Մարտի 1-ը ազգային ցավ էր, մահացողն էլ էր մերը, ոստիկանն էլ, ընդդիմությունն ու իշխանությունն էլ: Այդ հարցը պիտի համաներումով փակեին, հետո նստեին իրար հետ եւ հասկանային ճիշտն ու սխալը»: Ա. Մազմանյանը, սակայն, սրտի խորքում զգում է, որ ՀՀ-ին ԵԽԽՎ-ում ձայնից չեն զրկի: Ա. Բլեյանն էլ հեգնեց. «Ես ձայն չունեմ, ուստի ինձ ձայնից զրկել հնարավոր չէ: Ինձ այժմ ավելի շատ հուզում է հայաստանցիների ազատազրկման փաստը, քան ինչ-որ խմբի ձայնից զրկելը: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ հայաստանցին ունի հիմնարար իրավունքների եւ ազատությունների մի շրջանակ, որը համընկնում է Եվրոպայում ապրող մարդկանց ունեցածի հետ: Ուստի, այս տեսանկյունից ազատությունը, անձեռնմխելիությունը, ընտրելու իրավունքը ազդարարում եմ՝ որպես ազգային արժեքներ ու հայտարարում եմ, որ մի մեծ խումբ մարդկանց համար այդ արժեքները ոտնահարված են»:
Անդրադառնալով «Յոթի գործին»՝ Ա. Բլեյանն ասաց. «Յոթի դատաքննությանը մասնակից, ներման դիմում գրած տղաները պատանդներ են: Մեր բոլոր գործողությունները պիտի ուղղենք դրա լուծմանը, հակառակ դեպքում՝ բոլորս կհայտնվենք պատանդի դերում: «Յոթի գործի» շոուն ավելի այլասերող է, քան բոլոր սերիալները միասին վերցրած: Մենք այլասերում ենք հասարակությունը, քանի որ այդպիսի գործողության մասնակից ենք դարձնում ակնհայտ ոչ հանցագործ Ոսկերչյան Գրիգորին կամ Ալիկ Արզումանյանին: Մեր աչքի առաջ ոչնչանում է պետությունը: Էլի թող գնա դատական պրոցեսը, Ալիկը թող գա դատարանի առաջ պատասխան տա, բայց ինչո՞ւ տնից դուրս չգա»: