Տղաների լայն տաբատները, նեղ շապիկներն ու երկար մազերը մոդայի արտացոլումն են
Եթե մի տեղ՝ սրճարանում, լսարանում, երթուղայինում իրար շուրջ են հավաքված երկու-երեք ընկերուհի, ապա շատ հավանական է, որ խոսակցության թեման տղաներն են: Ըստ աղջիկների՝ անհնար է, որ լինի աղջկական հավաքույթ, ու այդտեղ չշոշափվի տղաների թեման՝ չբամբասեն հակառակ սեռից: Բամբասանքի թեման հիմնականում հակառակ սեռի վարքն է, հագուկապը, աղջիկների հանդեպ վերաբերմունքը եւ այլն:
«Առավոտի» հարցախույզի թեման հայ կանանց ու աղջիկների կարծիքն է տղաների մասին:
Երեւան քաղաքի 67-ամյա բնակչուհի Սեդա տատիկը շատ մտահոգված է, նրա ձեւակերպմամբ՝ հայ տղաները մոռացել են, որ իրենց երակներով հայի արյուն է հոսում. «Նախկինում այնքան տղամարդկային էին, նրբանկատ, աշխատասեր: Իսկ հիմա՝ ալարկոտ, աղջիկներից «բեթար» բամբասկոտ եւ մի տեսակ աղջկական են: Ես նման բաներ չեմ սիրում: Պատահում է՝ չես տարբերում, թե ով է տղա, ով է աղջիկ, որովհետեւ ե՛ւ նրանց հագուստներն են նման, եւ մազերի սանրվածքն է նույնը: Ես էլ թոռ ունեմ, արդեն հասուն տղամարդ է, շուտով հայր է դառնալու, բայց նկատում եմ, որ նա էլ դեռ այդքան լուրջ չէ, եւ «զիզի-բիզի» բաներ է սիրում՝ երկար մազեր, նեղ շապիկներ… Ասում է՝ մոդայիկ է: Թե ո՞րն է դրա մոդայիկը՝ չեմ հասկանում»:
Պարզվում է՝ երիտասարդ աղջիկների կարծիքը տղաների մասին այնքան էլ դրական չէ:
18-ամյա Աննան մեզ ասաց. «Տղաների մասին կարծիքս փոփոխական է. վերջին շրջանում ինձ ուղղակի նյարդայնացնում է նրանց մազերի երկարությունը: Նրանք չեն հասկանում, որ հայերին օտարածին երեւույթները չեն սազում: Միեւնույն է, որքան էլ երկարացնեն՝ երբեք Դիմա Բիլան չեն դառնա եւ պետք էլ չէ, որ դառնան: Իսկ ո՞ւր մնաց տղամարդկային կարճ սանրվածքը, կեցվածքը, կոկիկ հագուկապը: Չգիտես ով ու որտեղից բերեց Հայաստան «ջակի-ջուկի» հագուստը, իբր թե հանգիստ է, հարմար է… Չեմ կարծում, թե կախ ընկած տաբատներն ու նեղ վերնաշապիկները հարմար են: Այդ ոճով հագնված տղաներին տեսնելիս՝ տպավորություն եմ ստանում, որ մի կերպ են այդ նեղ շորերը հագել: Եթե շարունակեմ խոսել՝ բողոքներիս շարքը չի վերջանա: Թող տղաներին չթվա, թե նրանք մեզ այդպիսին դուր են գալիս»:
Աննայի կուրսընկերուհի Շուշանն էլ խոսեց տղաների կողմից աղջիկների նկատմամբ հարգանքի բացակայության մասին. «Հագուկապը, արտաքինը դեռ ուղղելի են: Բայց հարգանքն ու նրբանկատ վերաբերմունքը աղջիկների, կանանց, երեխաների նկատմամբ՝ ոչ: Էլ չեմ խոսում մեծերի նկատմամբ նրանց անհարգալից, լկտի պահվածքի մասին: Օրինակ, մայրս միշտ նկատում է, որ իր ժամանակվա տղամարդիկ այլ էին՝ սիրով, հարգանքով, վստահելի: Իսկ այսօր ոչ մեկին չես կարող վստահել, քանի որ լուրջ, իսկական տղամարդ տղաներ շատ քիչ են մնացել՝ 100-ից՝ 3-ը»:
25-ամյա Մերին էլ գտնում է. «Հայ տղաները «բռի» են իրենց ամեն ինչով՝ «սուտի գողական» խոսակցականով, թիթիզությամբ, աղջիկների մասին թյուր պատկերացումներ ունենալով: Նրանք ասում են՝ էս դարում ով ա աղջկան սիրո առաջարկություն անում, հա՜, մի հատ էլ չխնդրե՜մ… Կամ՝ էս դարում ով ա աղջկան վարդ նվիրում, թող ինքը ինձ նվիրի, ես կամ՝ հերիք ա… Սարսափելի է: Շատ անգամ եմ լսել, թե ինչպես են իրար մեջ խոսում՝ «ես էդ աղջկան մաքուրով եմ ուզում…», անհարմար է՝ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել»:
Արտասահմանում բնակվող երիտասարդ հայուհիներն էլ հայ տղաների մասին այլ կարծիք ունեն: Շվեդահայ 21-ամյա Լիլիթը հավաստիացնում է՝ «Մեր հայ տղաներից լավը աշխարհում չկա: Ես հայերին շատ եմ սիրում, գուցե դա գալիս է նրանից, որ հանգամանքների բերումով շատ եմ առնչվում օտարերկրացիների հետ: Մենք՝ հայ աղջիկներս, սովոր չենք նմանատիպ տղաների՝ համեստ, քնքուշ, քեզ լսող ու միայն քո սրտով գնացող… Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ աղջիկ սիրում է, որ իր կողքի տղամարդը իսկական տղամարդ լինի, քեզնից ուժեղ, խոսքդ հարգող, բայց իր ասածի տեր, կայուն, հաստատակամ: Այդպիսին են հայ տղաները: Վերջերս եկա Հայաստան ու 7 տարվա բացակայությունից հետո հաճելիորեն զարմացա փոփոխություններից՝ դարձել են բավականին համակրելի, լրջացել են: Իսկ ինչ վերաբերում է նրանց նորաձեւ հագնվելուն, սանրվածքին՝ դա դարերից եկած կարգ է, նորաձեւությունը չի կարող անտարբեր անցնել նաեւ հայաստանցիների կողքով: Քաղաքում շատ հանդիպեցի երկարամազ, նեղ տաբատներով տղաների: Երեւանցիներին խորհուրդ կտամ չփնովել նրանց, որովհետեւ նրանք արժանի չեն նման վերաբերմունքի»:
Ֆրանսաբնակ 24-ամյա Թերեզան էլ մեզ հետ զրույցում նշեց. «Արդեն 8 տարի է, ինչ ապրում եմ Փարիզում, բայց դեռ չի եղել մեկը, ով ինձ դուր գա ու ցանկանամ ընկերություն անել: Պատճառն այն է, որ ես օտարի մեջ միշտ ման եմ եկել հայ տղամարդուն բնորոշ գծեր ու, ցավոք, չեմ գտել: Համոզված եմ, որ իմ իդեալին կգտնեմ միայն Հայաստանում՝ հայեցի դաստիարակությամբ, հայկական մենտալիտետով»: