Կարծում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը
Սիրում է վարդի բույրն ու դրանից պատրաստված օծանելիքը: Ալկոհոլային խմիչքներից նախընտրում է օղին, երբեք ավտոմեքենա չի ունեցել, սակայն հավանում է «Մերսեդեսը»: Կնոջը նվիրում է միայն մուգ կարմիր վարդեր:
Ուրիշների օգնությամբ հարթեց սիրո ուղին
Առաջին սերս 7-րդ դասարանում է եղել: Չգիտեմ՝ դա սե՞ր էր, թե՝ ոչ, բայց իրականությունից լրիվ կտրվել էի ու միայն այդ աղջկա մասին էի մտածում: Հետո, երբ ուսանող դարձա, հանդիպեցի կնոջս ու մեր հանդիպման պահից սիրեցի նրան ու հասկացա, որ նա է իմ իրական սերը: Սիրո մեջ խենթ եմ… Ես միանգամից զգացի հարազատ զգացողություն, բայց ինձնից երեք տարի պահանջվեց, որ զգացմունքը փոխադարձ լինի ու միայն չորրորդ տարում նշանվեցինք: Ինչպես բոլորն են անում, ես էլ Աստղիկին սիրո խոստովանություն արեցի, սակայն մերժում ստացա ու նրան չկորցնելու համար առաջարկեցի զուտ ընկերություն անել: Այդ ժամանակահատվածը համընկավ մեր դժվար տարիների հետ: Կյանքը ստիպում էր աշխատանք փնտրել արտերկրում, որոշել էի ես էլ գնալ: Չէր բացառվում, որ այնտեղ էլ ամուսնանայի, քանի որ մինչեւ իմ մեկնելն արդեն աղջիկ էին գտել ինձ համար: Իմ մեկնելուց օրեր առաջ մեր կուրսեցիներով որոշեցինք համալսարան գնալ, ոտքով քայլում էինք ու մեր թիկունքում Աստղիկի բղավոցը լսեցինք: Տեսա՝ մի քանի երիտասարդ նրան քաշքշում են, որ նստեցնեն մեքենա: Բարեբախտաբար, շուտ հասանք ու երիտասարդներից մեկին նույնիսկ հարվածեցի… Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա, քանի որ մինչ այդ ինձ խաբել էր, թե ընկեր ունի, նրա սուտը բացահայտվելուց հետո կրկին առաջարկեցի մաքուր ընկերություն անել, ու հաճախակի հանդիպումներից հետո ծնվեց մեր մեծ սերը… Արդեն ունենք երեք երեխա, եւս երկուսն էլ նախատեսում ենք ունենալ: Ես ծնողներիս 10-րդ երեխան եմ ու մեծ ընտանիք ունենալը շատ լավ է…
Կինն առանձնահատուկ չէ, ոչ էլ թույլ սեռ…
Ինձ համար կնոջ արտաքինը կարեւոր է եղել, բայց առավել կարեւոր եմ համարում շփվելու, հետաքրքիր զրուցակից լինելու, արվեստի նկատմամբ անտարբեր չլինելու հանգամանքը: Կինն ինձ համար առանձնահատուկ էակ չէ, նա սովորական մարդ է, սակայն շատ եմ գնահատում այն կանանց, ովքեր ճիշտ են գնահատում արժեքները, ուշադիր են իրենց ընտանիքի նկատմամբ եւ իրենց դրսեւորում են ոչ թե որպես թույլ սեռ, այլ կին, որը չի պահանջում ավելին, քան իրականում իր արժեքն է:
Դիսկոտե՞կ, խաղատո՞ւն, թե՞ խնջույք…
Դիսկոտեկներ մեկ-մեկ այցելում եմ, այլ վայրեր այնքան էլ չեմ գնում: Եթե ընկերներով հավաքվում ենք՝ բլոտ, նարդի ենք խաղում: Ֆուտբոլ եմ շատ սիրում եւ զբաղվում եմ: Ազարտային խաղեր չեմ սիրում, նույնիսկ մի ժամանակ, երբ տներում լոտո էին խաղում՝ հրաժարվում էի նրանց միանալ: Հակակրանք ունեմ փողով խաղերի նկատմամբ, որովհետեւ անաշխատ եկամուտ են: Երբ ֆինանսների նախարարությունում էի աշխատում, ու մի քանի հոգով գործուղման մեկնեցինք ԱՄՆ, այնտեղ մի հրեա մեզ $1000 նվիրեց՝ պայմանով, որ Նյու Ջերսի նահանգի խաղատներից մեկում խաղանք: Համաձայնեցինք ու ամբողջ գիշեր խաղացել ենք, գումարը կրկնապատկել, բայց առավոտյան արդեն գումար չունեինք: Ընտանիքով տեղ գնալու ժամանակ չեմ ունենում, բայց ամեն ամիս գերդաստանով խնջույք ենք կազմակերպում:
Զոքանչին մոր պես է սիրում
Երբ ծնվեց իմ առաջին երեխան, մայրս ասաց, որ ճիշտ կլինի, եթե կնոջս մոր անունով կոչենք՝ Աիդա: Տղայիս անունը աներոջս անունն է՝ Սեյրան, իսկ փոքրիս անունը հայրիկիս անվան փաղաքշական տարբերակը դրեցինք՝ Գարեգին: Մենք աներոջս ու զոքանչիս հետ ենք ապրում: Եթե բնակարանիս պայմաններն էլ բարելավեմ, երբեք չեմ ուզի, որ նրանք մեզանից առանձին ապրեն, մի ընտանիք ենք դարձել: 23 տարեկանում, երբ ծնվեց առաջին երեխաս՝ հետաքրքիր զգացողություն ունեցա, բայց արտառոց ու հատուկ բան ինձ հետ չկատարվեց, ավելին զգացի, երբ երրորդ երեխաս ծնվեց, կարծես թե միանգամից հասունացա այդ պահին:
Փլավի իսկական վարպետ
Կնոջս հագուկապին չեմ խառնվում, նա է ինձ դիմում, ընտրությունը թողնում եմ իրեն: Այդ հարցով երբեք կոնֆլիկտ չենք ունեցել: Քմահաճ եմ ուտելիքի հարցում, այնպես չէ, որ ինչ պատրաստեն՝ կուտեմ: Օրինակ, եփած սոխ չեմ ուտում: Բայց եթե տանն ուտելու բան չլինի, կռիվ չեմ սարքի, հաց ու պանիր կուտեմ: Հիմնականում մսակեր եմ, բայց չեմ հրաժարվում սպանախից ու կանաչեղենից: Հիշում եմ, մի անգամ կինս փլավ էր եփել, դժգոհեցի, որ լավ չի եփել, ինքն էլ առաջարկեց, որ ես եփեմ: Պատրաստածս փլավը շատ հավանեցին:
Հարբած ու խենթ երգիչ
Կյանքումս հարբածության 2-3 դեպք եմ ունեցել, որից ամենատպավորիչը 26 տարեկանում պատահածն է, երբ ընկերներով Սեւան էինք գնացել: Այնքան էի խմել, որ ուշ աշնանը որոշեցի լճում լողալ: Ընդհանրապես լողալ չգիտեի ու մի 20 սմ էի ջուրը մտել, բայց ինձ թվացել էր, թե շատ եմ խորացել ու արդեն կխեղդվեմ՝ գցվեցի ջուրը, արդյունքում՝ առավոտյան արթնացա բազմաթիվ վնասվածքներով: Դարձյալ խմած վիճակում մի անգամ ընկերներիս հետ փողոցում երգելով Օպերայի մոտից իջել ենք Մաշտոցի պողոտա: Այս տարիքում էլ նման խենթություններ կանեմ… Երբ ընկերներով հավաքվում ենք՝ երգում եմ, ասում են՝ լավ եմ երգում, բայց ես այնքան էլ չեմ հավանում: Հիշում եմ, նույնիսկ մեծ եղբորս հարսանիքի երաժշտությունն են դադարեցրել, ինձ բարձրացրել սեղանին ու երգացրել, 5 տարեկան եմ եղել…