Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՄՈՒՏՆ ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ

Հունվար 23,2009 00:00

\"\"Հելսինկիում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մենասահորդ Գեղամ Վարդանյանը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակեց մասնակիցների ցուցակը: Այս մասին երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել ձախողման պատճառը:

– Նախորդ օրը կայացած մեր զրույցում Դուք ասել էիք, թե բարձր տեղեր գրավելու հույս չկա: Բայց դա չէր նշանակում, որ Գեղամը պետք է գրավի վերջին տեղը:

– Այո: Նա իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Ես մշտական կապի մեջ եմ Ֆինլանդիայում գտնվող մեր պատվիրակության հետ: Մարզիչ Արմեն Ասոյանը հեռախոսով ինձ տեղեկացրեց, որ Գեղամը լավ է սկսել մրցելույթը, հաջող կատարել կարճ ծրագրի պարտադիր տարրերից կրկնակի ակսել ցատկը եւ արժանացել հանդիսականի ծափողջույններին: Սակայն դրանից հետո նախ ձախողել է երեք ցատկից բաղկացած համակցված թռիչքը, ապա նաեւ եռակի տուլուպը:

– Գեղամը մարզումների ժամանակ դրանք չի՞ կատարել:

– Իհարկե՝ կատարել է: Բայց, կարծում եմ, ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք նրա հոգեբանական պատրաստվածության վրա: Ճիշտ է, նա մի քանի անգամ հանդես է եկել աշխարհի պատանեկան առաջնություններում, այդ տարիքային խմբի «Գրան Պրիներում», սակայն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որտեղ մասնակիցների վարպետության մակարդակն ու պայքարի լարվածությունն անհամեմատ բարձր են: Իմ կարծիքով, նա չդիմացավ դրան: Որոշիչ եղավ նաեւ մեծահասակների հետ պայքարելու մրցափորձի բացակայությունը:

– Այսինքն՝ Գեղամի վարպետությանը չե՞ք կասկածում:

– Վարպետության աստիճանը ուղիղ համեմատական է առկա մարզումային պայմաններին, ինչը Հայաստանում գրեթե չկա: Շենգավիթի գեղասահքի դպրոցի սահադաշտն իր չափերով ու որակով չես համարի բավարար: Այն երկու անգամ փոքր է սովորական սահադաշտից: Իսկ մարզիկն իր ծրագիրը կազմելու եւ կատարումը հղկելու համար պետք է համապատասխան ազատ տարածք ունենա: Չմոռանանք նաեւ, որ մարզադպրոցը մի որոշ ժամանակ չի գործել:

– Երեւանում, հիմնանորոգումից հետո վերագործարկվել է մարզահամերգային համալիրը, որտեղ Ձեր նշած բոլոր պայմաններն ապահովված են, այն էլ՝ միջազգային չափանիշներով:

– Այո: Բայց ընդամենը երկու-երեք ամիս է, ինչ սահադաշտն սկսել է գործել: Մտադիր եմ դիմել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նրա աջակցությամբ ՄՀՀ-ում մեր առաջատար գեղասահորդներին մարզումների հարմար ժամեր տրամադրվեն:

– Հելսինկիում հանդես է եկել եւս մի հայ մենասահորդ՝ Տիգրան Վարդանյանը: Նա ներկայացրել է Հունգարիան եւ գրավել 35-րդ տեղը:

– Տիգրանը մեր Շենգավիթի մարզադպրոցի սան, ԽՍՀՄ հավաքականի անդամ, ԽՍՀՄ եռակի գավաթակիր Գուրգեն Վարդանյանի որդին է: Գուրգենը երկար տարիներ է, ինչ բնակվում է Հունգարիայում:

– Այսօր կարճ ծրագրի կատարումով հանդես է գալու Անի Վարդանյանը: Նրանից ի՞նչ սպասելիքներ կան:

– Ցավոք՝ ոչ մի: Ու նույն պատճառներով:

– Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում Հայաստանը գոնե միջինից բարձր տեղեր գրավող մարզիկ կունենա՞:

– Հուսով ենք, որ այդ օրը հեռու չէ: Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու ցանկություն ունի մեր հայրենակից Պիեռ Բալյանը: Նա բնակվում է ԱՄՆ-ում: Մարզվել է աշխարհի չեմպիոններ Ջեֆրի Բաթըլի եւ Ասադայի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի, ինչպես նաեւ Իրինա Ռոդնինայի, Ալեքսեյ Միշինի մոտ, ԱՄՆ-ի առաջնությունում մտել լավագույն տասնյակ, որը շատ բարձր ցուցանիշ է: Ներկայումս ընթացքի մեջ է Պիեռին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Մենք արդեն դիմել ենք միջազգային ֆեդերացիա՝ աշխարհի առաջնությունում Պիեռ Բալյանին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու թույլտվության համար եւ սպասում ենք նրանց որոշմանը:

Զավեշտալին եւ արյունալին՝ կողք կողքի

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հանդիսատեսը ձանձրանալու առիթ, ինչպես երեւում է, չունի: Մրցաշարը նոր է մեկնարկել, սակայն սահադաշտում մարզասերների համար հաճելի ու սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում:

Պարտադիր ծրագրի կատարման ժամանակ Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Ռուբլյովա-Իվան Շեֆեր պարային զույգի զուգընկերուհու կրծկալը պոկվել է, եւ գեղեցկուհին ստիպված է եղել ծրագիրն ավարտել կիսամերկ (նկարում):

Իսկ ահա սպորտային պարերում Իսրայելը ներկայացնող Եկատերինա եւ Ֆեդոր Սոկոլով ամուսնական զույգը չի ավարտել կատարումը՝ Կատյայի ստացած վնասվածքի պատճառով: Ծրագրի կեսին մարզուհին վայր է ընկել՝ այդ պահին իր իսկ չմուշկով կտրելով ծունկը, եւ սառույցը ողողվել է արյունով: Բժիշկները նրան պատգարակով անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Բարեբախտաբար՝ վնասվածքը վտանգավոր չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել