Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆԱԿ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ»

Հունվար 23,2009 00:00

\"\"Իսրայելցի մեր հայրենակիցը՝ հայ համայնքի խնդիրների մասին

Այս օրերին Հայաստանում է գտնվում իսրայելաբնակ պատմաբան, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Ժորժետ Ավագյանը, որը պատմեց տեղի հայ համայնքի առանձնահատկությունների ու խնդիրների մասին: Դրանց մի մասը, ըստ մեր զրուցակցի, պետական մակարդակով լուծումների է կարոտ:

Ժ. Ավագյանն այժմ դասավանդում է Երուսաղեմի համալսարանում, ժամանակին եղել է նաեւ Իսրայելի արաբական դպրոցների տեսուչը: «Կրթական նախարարությունում էլ էի աշխատում, բայց քանի որ Հայ դատի գրասենյակում զբաղվածությունս մեծ էր, ժամանակի սղության պատճառով հրաժարվեցի նախարարությունում աշխատելուց»,- ասում է նա:

Դառնալով Իսրայելում ապրող հայերին՝ տիկին Ժորժետը նշում է, որ ժամանակին նրանց թիվը 20 000-ն անցնում էր, հիմա մոտ 4000 հայ է մնացել: Ըստ մեր զրուցակցի՝ հայկական գաղութը «միատարր» չէ. եկեղեցական համայնք՝ կենտրոնացած Երուսաղեմում, աշխարհիկ՝ Թել Ավիվում եւ այլ քաղաքներում: Մի խոսքով՝ հայեր, որոնք 4-րդ դարից են այստեղ բնակվում, ցեղասպանությունից հետո գաղթածներ, ԽՍՀՄ փլուզումից ու դրանից հետո եկածներ: Ասում է՝ բազմաթիվ հայեր, որ հրեա էին արձանագրվել, հիմա սկսել են «բուն հայերի կողմը գալ, նրանք տարբեր պատճառներով վերահայացման ճանապարհին են: Ակումբներ ունեն՝ «Արարատ», «Նաիրի», «Արարատ-Հայֆա», Հայոց ցեղասպանության տարելիցի օրը մեզ հետ միասին են մասնակցում միջոցառումներին… Ցավոք, հայերը մի խնդիր ունեն. հրեաները նրանց չեն թույլատրում թաղվել իրենց մոտ՝ քրիստոնյա լինելու պատճառով, ասում են՝ պիտի փաստես, որ ծնողներդ հրեա են»: Տիկին Ժորժետը փաստեց, որ իրենց մոտ 135 000 հրեա ադրբեջանցի կա. «Հզոր լոբբի ունեն, հայերի դեմ են աշխատում: Նաեւ սա նկատի ունենալով են հայերը սկսել համախմբվել»:

Նշենք, որ Ադրբեջանն էլ հակահայ ձեռնարկներին աջակցում է. օրինակ, ըստ day.az-ի, International Analytics R-Club-ի նախաձեռնությամբ Իսրայելում եբրայերեն եւ անգլերեն տպագրվել էր Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Րովշան Մուստաֆաեւի «Մահվան քայլերգ» գիրքը, որը պատմում է «Հրեաների դեմ հայերի գործած հանցանքների մասին»:

Ժ. Ավագյանը նշեց, որ Երուսաղեմի հայկական համայնքը մշտապես հայտնվում է երկու կրակի արանքում, երբ Պաղեստինը եւ Իսրայելը ինչ-ինչ հարցեր լուծելիս բարձրացնում են հայկական տարածքների ու հայերի կողմնորոշման խնդիրը. «Պիտի հավասարակշռված լինես, որովհետեւ հայերն են Երուսաղեմի հարցով բանալին, մանավանդ՝ տարածքների, վանքերի 25%-ը մերն է»:

Անդրադարձ եղավ նաեւ Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հայ եւ հույն հոգեւորականների միջեւ տեղի ունեցած բախմանը, որը ծագել էր այն պատճառով, երբ հույները փորձել էին պարտադրել գոյություն չունեցող մի բան՝ միաբան էին մտցրել Քրիստոսի գերեզմանի նախամուտին՝ Հրեշտակի քարի մոտ:

Տիկին Ժորժետն ասում է, որ այդ դեպքերից հետո մի խումբ մտավորականներ, նաեւ ինքը հեռուստատեսությամբ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով՝ վկայակոչել ինչ-ինչ փաստեր, սակայն այս ամենը բավարար չէ. «Մենք մտահոգված ենք մեր իրավունքների դեմ ոտնձգություններով, ուզում ենք, որ այս եւ նման հարցերին ՀՀ կառավարությունն աջակից լինի, ինչպես Հունաստանի կառավարությունն է իր համայնքների թիկունքին կանգնում: Առայժմ մենակ ենք, միայն Հայ դատն է այդ հարցով զբաղվում: Այս վիճակը երկար տեւել չի կարող, դիվանագիտական ճանապարհով պիտի խնդիրը կարգավորվի, որպեսզի հունական կառավարությունը չքաջալերի հույներին, իսրայելականն էլ կողմնակալ չգտնվի»:

Ժ. Ավագյանը խոսեց նաեւ մեկ ուրիշ ցավոտ հարցի՝ խառն ամուսնությունների եւ հայերին բանակ զորակոչելու մասին. «Հատկապես վերջին 10 տարիներին հայերը շատ են ամուսնանում արաբների, իսկ Հայաստանից եկածները՝ հրեաների հետ: Մի ժամանակ միայն հրեաներին էին բանակ կանչում, հիմա քանի որ նոր եկած հայերը համաձայնել են բանակ գնալ, հրեաները սկսել են նրանց զավակներին էլ զորակոչել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել