Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունվար 23,2009 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԵԼ

Մոսկվայի պնդումը, թե Հայաստանին $800 միլիոնի զինամթերքի անհատույց փոխանցման մասին մեղադրանքներն անհիմն են, չի բավարարել Բաքվին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հարցով իր հետաքննությունը թույլ է տալիս ենթադրել, որ իրենց ունեցած վերոհիշյալ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը: Ըստ այդ գերատեսչության՝ միջադեպը նպաստում է հայկական կողմի՝ Ադրբեջանի տարածքի օկուպացիայի շարունակմանը: «Պաշտոնական Բաքուն համարում է, որ այդպիսով ողջ պատասխանատվությունը՝ իրավիճակի հետագա զարգացման համար, ընկնում է Ռուսաստանի ուսերին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Ռեգնումը» հիշեցնում է, որ Բաքվի պնդումների համար հիմք է հանդիսացել ադրբեջանական ԶԼՄ-ների այն լրատվությունը, թե Գյումրիում գտնվող ռուսաստանյան ռազմաբազայում Հայաստանի զինված ուժերին են փոխանցվել զինամթերքի մի շարք տեսակներ: ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարություններն անմիջապես հերքեցին այդ փաստը:

Իսկ վերջերս նույնն արեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը լրագրողներին հայտարարեց, որ զինտեխնիկայի փոխանցման փաստերի առկայության դեպքում «մենք չենք վստահի Ռուսաստանին՝ որպես հարեւանի եւ անլուրջ կհամարենք ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Բաքվում արված հայտարարությունները»:

 

ՃԳՆԱԺԱՄ, ՈՐ ՄԻՇՏ ԻՐԵՆՑ ՀԵՏ Է

Ռուսաստանյան «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նավթոգազի» միջեւ կնքված պայմանագիրը, որի շնորհիվ ռուսական գազը վերջապես հասել է Եվրոպա, խիստ քննադատության է ենթարկվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի շրջապատի կողմից: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ պետության ղեկավարի ներկայացուցիչները գտնում են, որ այդ համաձայնությունները չեն համապատասխանում երկրի ազգային շահերին: Ընդ որում, հունվարի 17-ին, երբ պետք է կնքվեր պայմանագիրը, լրագրողներից մեկը հարցրել է ՌԴ նախագահ Մեդվեդեւին՝ արդյոք Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոն օժտվա՞ծ է բանակցություններ վարելու եւ որոշումներ ընդունելու լիազորություններով, ՌԴ նախագահը պատասխանել է, որ այդ հարցով զրուցել է իր ուկրաինացի գործընկերոջ հետ, որը հավաստիացրել է, թե իր եւ վարչապետի դիրքորոշումները գազային հարցում բացարձակապես համանման են:

Այժմ Յուլիա Տիմոշենկոն ակտիվորեն պատասխանում է նախագահական կողմի մեղադրանքներին, հայտարարելով, մասնավորապես, որ եթե նախագահին մոտ կանգնած միջնորդ կազմակերպության՝ շվեյցարական «Ռոսուկրէներգո» ընկերության վերացումը նշանակում է ազգային շահերի դավաճանություն, ապա նախագահը սխալ է հասկանում ազգային շահերը: Ըստ Տիմոշենկոյի՝ Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրն իր երկրի մեծ հաղթանակն է, որը հնարավորություն կտա դիմագրավել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մարտահրավերներին:

 

ԲԵՆ ԼԱԴԵՆԸ «ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼՈՒ» ՏԵ՞Ղ ՈՒՆԻ

Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադդաֆին առաջարկել է ԱՄՆ նոր վարչակազմին երկխոսության մեջ մտնել միջազգային ահաբեկչական ցանցի՝ «Ալ Ղաիդայի» ղեկավար Ուսամա Բեն Լադենի հետ: Ինչպես հաղորդում է newsru.com կայքը՝ այդ գաղափարը Քադդաֆին առաջարկել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հեռուստակամրջի ժամանակ: Քադդաֆիի կարծիքով՝ Բեն Լադենը վերջին ժամանակներս ազդանշաններ է տալիս՝ Արեւմուտքի հետ բանակցելու մասին: «Ուսամա Բեն Լադենը մի մարդ է, որին պետք է փոխվելու շանս տալ: Հնարավոր է, որ երկխոսության միջոցով մենք հասկանանք, թե ինչն է նրան ստիպել անել այն ամենը, ինչ որ նա արել է»,- ասել է Լիբիայի առաջնորդը: Արեւմտյան դիտորդները նշում են, որ առայժմ «վերադաստիարակված» գործչի ամենավառ օրինակն է ինքը՝ Քադդաֆին: 1980-ականների վերջին Վաշինգտոնը մեղադրել է Լիբիայի հատուկ ծառայություններին մի շարք ահաբեկչական գործողությունների համար: Երկար ժամանակ այդ երկիրը միջազգային մեկուսացման մեջ էր, սակայն 2004-ին Լիբիան վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ինչ վերաբերում է Բեն Լադենին, ապա նա վերջին անգամ իր մասին հիշեցրեց այս տարվա հունվարին՝ իսրայելա-պաղեստինյան հերթական բախման ժամանակ: Իր ձայնային դիմումում նա կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին «ջիհադ» (սրբազան պատերազմ) սկսել Իսրայելի եւ ԱՄՆ-ի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել