«Արտեկը»՝ սնանկացման եզրին
«Արտեկ» հանրահայտ միջազգային մանկական կենտրոնի գլխավոր տնօրեն Բորիս Նովոժիլովը հացադուլ է հայտարարել եւ դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը, պահանջելով, որ ձեռնարկվեն շտապ միջոցներ, որպեսզի «Արտեկը» փրկվի սնանկացումից եւ պահպանվեն աշխատատեղերը: «Արտեկ» ճամբարի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ են ստացել 2008-ի նոյեմբերին: Այս տարի առաջին անգամ «Արտեկում» ձմեռային հերթափոխ չի լինելու: Վիճակն ավելի է սրվում այն պատճառով, որ Ուկրաինայի 2009 թվականի պետբյուջեում «Արտեկն» ընդհանրապես անտեսված է: Բորիս Նովոժիլովի խոսքերով՝ ճամբարի պատմության 84-րդ տարին կարող է այդ պատմության վերջակետը դառնալ: Ըստ Նովոժիլովի՝ չի բացառվում, որ ճամբարը հատուկ են փորձում սնանկացնել, քանի որ այն գտնվում է մի հրաշալի տարածքում՝ ձգվում է Ղրիմ թերակղզու Այու-դաղ լեռից մինչեւ Գուրզուֆ: Եվ այդտեղ հողի գինը համեմատական է Մոնակոյի հողատարածքների գնի հետ:
Հյուսիսային հեքիաթն ավարտվեց
Երեքշաբթի օրը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մոտ 2000 մարդ (որը բնակչության համարյա 1%-ն է) հավաքվել է երկրի խորհրդարանի մոտ՝ պահանջելով կառավարության լուծարումը: Ինչպես հաղորդում է «Նովիե իզվեստիա» թերթը, ցուցարարներն ավիրում էին խանութների ցուցափեղկերը եւ հարվածում էին դատարկ կաթսաներին: 2 ամիս տեւող բողոքի ակցիաների պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է: Իսլանդիան բավականին ճոխ էր ապրում՝ էժան արեւմտյան վարկերի շնորհիվ, սակայն երբ վարկատուները պահանջեցին իրենց գումարները վերադարձնել նոր՝ ավելի կոշտ պայմաններով, երկրի տնտեսությունը տապալվեց: Իսլանդական դրամը՝ կրոնան, արժեզրկվեց համարյա 2 անգամ, արտասահմանյան տարադրամը վերջացավ, եւ երկիրը սնանկ ճանաչվեց: Ինչպես միշտ՝ այդ դեպքերում կառավարությունը զբաղվում է արտաքին թշնամու փնտրտուքով. պաշտոնական Ռեյկյավիկը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային՝ իր ՆԱՏՕ-ական դաշնակցին ձեռք չմեկնելու համար:
Իսլանդիայի կառավարությունն արդեն դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ), որը նրան օգնություն է խոստացել $2,1 միլիարդի չափով: Մոտ $8,5 միլիարդ պատրաստ են տալ նաեւ մի շարք երկրներ, սակայն այդ վարկերը ստանալու համար Իսլանդիան պետք է կատարի ԱՄՀ-ի որոշ կարծր պահանջներ, որոնք նույնպես բնակչության դժգոհությունը կառաջացնեն: Օրինակ, Կենտրոնական բանկն արդեն իսկ բարձրացրել է վերաֆինանսավորման դրույքաչափը՝ 12%-ից դարձնելով 18%: Դա, մասնավորապես, նշանակում է, որ մարդիկ ստիպված կլինեն հիպոթեքային վարկերը վերադարձնել ավելի բարձր տոկոսներով: Հյուսիսային հեքիաթն ավարտվեց
Ռուսաստանը մեկ շաբաթում կորցրեց $30 միլիարդ
Ռուսաստանի կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալներով՝ միայն մեկ շաբաթում՝ հունվարի 9-16-ը, երկրի ոսկեարժութային պաշարները կրճատվել են $30,3 միլիարդով: Իսկ անցած տարվա օգոստոսից ԿԲ-ն ծախսել է իր պաշարների 1/3-ը` փորձելով դանդաղեցնել ռուբլու անկումը միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ռուսաստանյան իշխանություններն անց են կացնում ռուբլու աստիճանական գնաճի քաղաքականություն: Այս հունվարին դոլարի հանդեպ ռուբլու թուլացման ամենօրյա քայլը մեծացավ՝ դառնալով մոտավորապես օրը 50 կոպեկ: Մասնագետները նշում են, որ այդպիսի տեմպերով Կենտրոնական բանկը կարող է մի քանի ամսվա ընթացքում ծախսել իր բոլոր պաշարները, որից հետո այլեւս անհնարին կլինի վերահսկել գնաճի տեմպերը: Չորեքշաբթի օրը ռուբլին մի փոքր թանկացավ, բայց դա, վերլուծաբանների կարծիքով, կապված է ավելացված արժեքի հարկի վճարումների ժամկետի հետ, երբ ռուբլու պահանջարկը մեծանում է: Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները ստեղծվել են նախորդ տարիների ընթացքում, երբ բարձր էր նավթի գինը: Չնայած պաշարների սրընթաց անկմանը, Ռուսաստանն այսօր էլ այդ ցուցանիշով զիջում է միայն Չինաստանին եւ Ճապոնիային: