Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունվար 23,2009 00:00

Գիտական համագործակցություն

«Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությանը, տեղեկացնում է, որ ՀՀ ԿԳՆ-ի եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national des recherches scientifiques-CNRS) միջեւ հունվարի 20-ին Փարիզում ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է խորացնել երկու երկրների միջեւ գիտության բնագավառում համագործակցությունը: Պայմանագրով նախատեսված են երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների եւ սեմինարների կազմակերպում: Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները՝ Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները եւ Միջազգային գիտահետազոտական խմբերը: Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ: Իբրեւ երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, նշվել են, մասնավորապես, մոլեկուլյար ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, հումանիտար եւ սոցիալական գիտությունները։

CNRS-ը պետական հաստատություն է, որը գործում է Ֆրանսիայի բարձրագույն կրթության եւ գիտության նախարարության հովանավորությամբ: 2008-ին Կենտրոնի բյուջեն կազմել է 3,277 միլիարդ եվրո: Կենտրոնի աշխատանքն ընդգրկում է գիտության եւ տեխնոլոգիաների բոլոր բնագավառները: Կենտրոնն իր տարբեր լաբորատորիաներում հյուրընկալում է տարեկան 5 հազար օտարերկրացի գիտնականների, ստորագրել է համագործակցության 85 պայմանագիր՝ աշխարհի 60 երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հետ: ՌԴ-ից եւ Բելառուսից հետո Ֆրանսիան երրորդ երկիրն է, որի հետ Հայաստանը ստորագրեց նման պայմանագիր:

Մարտին՝ օլիմպիադաների մարզային փուլը

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հունվարի 21-ի հրամանի՝ հաստատվել են 2008-09 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, ինչպես նաեւ՝ առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային եւ հանրապետական փուլերի ժամանակացույցը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը:

Տեղեկացնենք, որ դպրոցական առարկայական օլիմպիադաները կազմակերպվում են 14 առարկայից, այն է՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայ գրականություն: Օլիմպիադան կազմակերպվում է չորս փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային եւ հանրապետական: Մարզային փուլը կանցկացվի մարտի 1-10-ը: Հանրապետական փուլը՝ մարտի 20-ից ապրիլի 25-ը:

Հանցագործներն ուսանողներ են

Ազգայնական ուղղվածության հանցագործությունների թվաքանակը, 2007 թվականի տվյալների համեմատությամբ, 2008 թվականին Մոսկվայում աճել է 30%-ով եւ կազմել 95 հարձակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության պետ Վլադիմիր Պրոնինը: «Ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիների վրա 2008 թվականին կատարվել է 95 հարձակում, որի արդյունքում գրանցվել է 47 սպանություն եւ առողջությանը ծանր վնաս հասցնելու 46 դեպք»,- ասել է Պրոնինը: Ըստ նրա՝ անցած տարի միլիցիան կասեցրել է նացիստական ուղղվածության հինգ խմբի գործունեություն, հարուցվել է 58 քրեական գործ, որից 52-ը հետաքննված եւ հանձնված է դատարան: «Բոլոր կասկածյալները քոլեջների եւ ինստիտուտների սովորողներ են՝ 15-21 տարեկան»,- նշել է Պրոնինը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ 2009 թվականի սկզբից կատարվել է 16 հարձակում ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիների վրա: Դրանք բոլորը բացահայտված են, ձերբակալված է երիտասարդների չորս խումբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել