Գիտելիքների ընթացիկ ստուգումներն այդ կրթօջախներից ոչ բոլորին են «այցելել»
ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի 2008 թ. դեկտեմբերի 15-ի հրամանով՝ 2008-ի դեկտեմբերի 17-19-ը «ՀՀ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-րդ եւ 10-րդ դասարաններում» պետք է կազմակերպվեր ընթացիկ գնահատում: Գրում ենք՝ «պետք է», քանի որ ոչ բոլոր դպրոցներում է անցկացվել: Բանն այն է, որ չնայած նախարարի հրամանում չի շեշտված դպրոցների կարգավիճակը, ինչը նշանակում է, որ ընթացիկ ստուգում անցկացնելու հրամանը վերաբերում է բոլոր դպրոցներին, սակայն մասնավոր դպրոցներից ոմանք տեղյակ չեն եղել այդ գործընթացին: Նկատենք, որ, ըստ ԿԳ նախարարի նույն հրամանի՝ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին էր հանձնարարված «ՀՀ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպություններին ապահովել ընթացիկ գնահատման հետ կապված տեղեկատվություն»: Մենք տիկին Հովհաննիսյանին հարցրինք, թե մասնավոր դպրոցները տեղեկացվե՞լ են ընթացիկ ստուգումներ անցկացնելու մասին, նա պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, քանի որ այդ ստուգումները ԳԹԿ-ն էր կազմակերպում: Հավանաբար, նա տեղյակ չէր նաեւ նախարարի հրամանից:
«Առավոտը» տարբեր մասնավոր դպրոցների տնօրեններից փորձեց պարզել՝ ընթացիկ ստուգումներն իրենց օգնեցի՞ն, թե՞ խանգարեցին: Պարզվեց՝ որոշ դպրոցների տնօրեններ ընդամենը դեսից-դենից էին լսել ստուգումների մասին: Օրինակ՝ «Կռունկ» կրթահամալիրի տնօրեն Վարդան Ասատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Տեղյակ էի, որ այդպիսի ստուգումներ անցկացվում են, սակայն մեզ ոչ ոք չէր ասել, որ մեր դպրոցում էլ պիտի անցկացվեն: Ուստի, ինքներս ենք այդ գործընթացը կազմակերպել՝ մեր մասնագետների պատրաստած թեստերով»:
«Մաքսեդան» կրթահամալիրի տնօրեն Անուշ Սեդրակյանն էլ սպասում է, որ շուտով ստուգումներն իրենց «դուռն էլ կծեծեն»: Տիկին Սեդրակյանին փոխանցեցինք ոլորտի տարբեր մասնագետների հնչեցրած կարծիքը, ըստ որի, եթե շատ-շատ հարցերում խտրականություն է դրվում մասնավոր եւ պետական դպրոցների միջեւ, ապա թող ստուգումներն էլ անցկացվեն միայն պետական դպրոցներում: Այս կապակցությամբ զրուցակիցս ասաց. «Քանի որ հանրակրթական սեկտորում ավելի մեծ թվով աշակերտներ են ընդգրկված, դրա համար էլ ուշադրությունը կենտրոնանում է այդ դպրոցների վրա: Բայց քանի որ մասնավոր դպրոցներն էլ են գտնվում ԿԳՆ ենթակայության տակ, ապա հնարավոր չէ, որ մեզ անտեսեն, ուստի մեզ մոտ էլ անպայման կընթանա ընթացիկ ստուգումների գործընթացը»:
«Օհանյան» վարժարանում անցկացվել են ընթացիկ ստուգումներ: Կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյանը հայտնեց. «Գոհ ենք թե՛ կազմակերպվածության աստիճանից, թե՛ համակարգի արդյունավետությունից: Թեստերը ճիշտ ժամանակին մեզ մոտ էին: Պարզապես՝ մեր աշակերտները մի փոքր թերացան բնագիտական առարկաներից, ինչը ոչ միայն մեր դպրոցի, այլեւ համընդհանուր խնդիր է: Բնագիտական առարկաներից գրանցված արդյունքները տատանվում էին միջինի սահմաններում, իսկ մաթեմատիկայի եւ լեզուների մասով դրանք ավելի բարձր էին: Դրա պատճառն այն է, որ մեր դպրոցում հիմնական շեշտը դրվում է լեզուների եւ մաթեմատիկայի ուսուցման վրա: Չեմ ուզում վատ բան ասել որեւէ դպրոցի աշխատանքների մասին, սակայն մեր դպրոցում գնահատականներն իջնում են հատկապես մյուս դպրոցներից եկած երեխաների արդյունքների պատճառով: Առաջին դասարանից մեր դպրոցում սովորած երեխաների գիտելիքներն անհամեմատ բարձր են»: Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն «Առավոտին» փոխանցեց, որ իրենց կրթահամալիրում իր նախաձեռնությամբ են անցկացվել գիտելիքների ընթացիկ ստուգումները. «Ցանկանում էի պարզել, թե ինչ համապատասխանության մեջ են թեստերն ու պետական չափորոշիչները եւ մեր սաների գիտելիքներն ու այդ թեստերի պահանջները: Ճեմարանականների արդյունքները բավականին բարձր էին, իսկ թեստերի մակարդակը ընդհանուր առմամբ գոհացուցիչ է: Ուրախալին այն է, որ վերջապես Հայաստանում որոշակի քայլ արվեց ինչպես սովորողների, այնպես էլ դպրոցների մակարդակի գնահատման չափանիշների մշակման ուղղությամբ»: Ճեմարանի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանն էլ նշեց. «Կազմակերպչական տեսակետից ավելի նպատակահարմար կլիներ թեստերը տրամադրել քննությունների սկսվելուց գոնե կես ժամ առաջ՝ պատճենահանման աշխատանքները կատարելու համար: Բացի դրանից, ընթացիկ ստուգումները խանգարում էին ընդհանուր դասապրոցեսին: Այդ տեսակետից կարելի է ուսումնական պլաններով մեկ առանձին շաբաթ հատկացնել գիտելիքների ստուգումներին, այլապես՝ մի առարկայից գիտելիքների ստուգումը հանգեցնում է մյուս առարկաների ծրագրերի թերակատարմանը»:
Երեւանի միջազգային դպրոցից եւս «Առավոտը» հետաքրքրվեց ընթացիկ ստուգումների կազմակերպման մասին, սակայն այնտեղ մեզ պատասխանեցին, որ իրենք չեն ենթարկվում հայաստանյան օրենքներին, քանի որ իրենց մոտ սովորում են արտասահմանցիները: ՀՀ օրենքներին չենթարկվող այս դպրոցի մասին մանրամասներ կներկայացնենք «Առավոտի» հաջորդ համարներից մեկում: