Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվիները» հասարակության հայելին են

Հունվար 23,2009 00:00

Նրանց արտադրանքը հասարակական պահանջարկի արտացոլումն է

2009 թվականը հասարակության մի մասի համար «սպառնում» է վերածվել ինքն իր դեմ պայքարի տարվա: Հնարավոր չէ ուրիշ անուն տալ նույն այդ հասարակության հայելին հանդիսացող հեռուստատեսության դեմ պայքարին: Ընդ որում, այդ պայքարը որքան անկեղծ, իսկ դա կարծես թե փորձում է դառնալ այդպիսին, այնքան ավելի զավեշտի է վերածվում: Բայց այստեղ առկա է մեկ այլ հանգամանք, որ ավելի խորն է դարձնում զավեշտը: Պայքարողները իրենք եւս հասկանում են, որ հեռուստատեսությունը (այսուհետեւ՝ «թիվիները») ընդամենը արտացոլում են հասարակությունում տիրող արժեքային համակարգը: Իսկ վերջինս գողական է: Հիմա մեզանում հենց այդ իրականությունն է, եւ այդպիսի երկրում աշակերտը երազում է դառնալ ոչ թե տիեզերագնաց կամ առնվազն օդաչու, ինչպես Սովետի ժամանակ էր, այլ գող կամ միլիցիա: Ընդ որում, տասը բարձրդասարանցի աշակերտից ութը՝ գող, երկուսը՝ միլիցա, ինչպես պարզվել էր ինչ-որ դպրոցում կատարված ուսումնասիրության արդյունքում: Կամ՝ որ աշակերտները ավելի ծանոթ են հայկական գողական սերիալի հերոսներին, քան Թումանյանի հերոսներին. դա էլ «թիվիներից» մեկն էր պարզել: Անչափահասները, եւ ինչու ոչ՝ չափահասները եւս, դիտում եւ ընկալում են սրտամոտը, իրենց համար հասկանալին: Հասարակությունն այլ բան ընկալեր կամ պահանջեր՝ «թիվիներն» էլ այդ կցուցադրեին: Եվ այս դեպքում ոչ մի օգուտ չեն տա բազմապիսի «տհաճային» անվանակարգերը, եթե չասենք՝ հակառակը: Ուրիշ հարց է, թե ինչու է այդպիսին մեր հասարակությունը: Այստեղ կարելի է գնալ պատմության եւ ազգային կերպարի խորխորատները, չբավարարվելով սովետական կեղծ արժեհամակարգով, թուրքական եւ պարսկական լծով, դարեր ի վեր պետականության բացակայությամբ, արեւելցու մտածողությամբ կամ գոնե դրա հսկայական շերտերով, կենցաղի եւ սովորույթների բնույթով եւ այլն, եւ այլն:

Իսկ ինչ անել արժեհամակարգը փոխելու համար: Համենայնդեպս, պետք չէ կռիվ տալ հիվանդության հետեւանքների դեմ, դրանից հիվանդությունը չի բուժվի: Իսկ այն, ինչ արվում է՝ հենց կռիվ է հիվանդության հետեւանքների դեմ, ինչպիսի մտայնությամբ էլ այն պայմանավորվի կամ ինչպիսի պատմուճանով էլ պարուրվի:

«Ի՞նչ անել» հարցին պատասխանելու համար մեր «թիվիներին», եւ ոչ միայն նրանց, նաեւ հասարակության այն խավին, որ խնդիր է դրել մեր եթերը մաքրել «տհաճություններից», պակասում է մտածողության եւ գործունեության ինքնուրույնություն ու անկախություն, ազնվություն ու համարձակություն: Իսկ արժեհամակարգ կոչվածը որքան էլ տեսական երեւույթ լինի, այն միանգամայն իրական է եւ դրսեւորվում է կոնկրետ անհատների վարքում եւ վարքով: Այն անհատների, որոնց դեմ խոսք ասելը հղի է հանգստությունը կորցնելու, առողջությունը կորցնելու, աշխատանքը կորցնելու եւ նույնիսկ կյանքը կորցնելու վտանգով: Անուններ տալ պետք չէ, դրանք այն անհատներն են, ովքեր եղանակ են ստեղծում կյանքի բոլոր բնագավառներում. իշխանություն եւ բիզնես (ավելի ճիշտ՝ բիզնես-իշխանություն), մշակույթ եւ բարոյականություն (ավելի ճիշտ՝ անբարոյականություն) եւ այլն, եւ այլն:

«Ինչպե՞ս անել» հարցի պատասխանն էլ է հայտնի, եւ այդ հարցում եւս հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Կա՛մ հասարակությունն է դարեդար վերափոխվում եւ իրեն համապատասխան փոփոխում իշխանությունը, կա՛մ էլ իշխանությունն է խնդիր դնում եւ փորձում ավելի կարճ ժամանակահատվածում փոխել հասարակությունն ու ինքն իրեն: Առաջինի դրսեւորումը ողջ արեւմտյան համակարգն է, երկրորդինը՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը եւ մեկ-երկու այլ պետություն: Ի վերջո, Չինաստանը՝ «մերն ուրիշ է» առանձնահատկությամբ, բայց, ի վերջո՝ նույն ուղղությամբ: Մերոնք, ինչպես երեւում է, բռնել են երկրորդ ուղին, բայց վա՜յ էն բռնելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել