Լենինին հնարավոր չէ փոխարինել Աստվածածնով
Աստվածածինը (հայուհին) լուսապսակով:
..եւ առանց լուսապսակի
Տարիներ առաջ լրագրող ընկերս երբ ասաց, թե Գյումրիում Վ. Լենինի տեղահանված արձանի թափուր պատվանդանին տեղադրվել է Մարիամ Աստվածածնի արձանը, զարմանքի ու անհարմարության զգացում ապրեցի: Հետո՛ հասկացա՝ ինչու. միտքս պարզապես հրաժարվում էր «Աստվածածին» եւ «արձան» բառերը միատեղել՝ դրանք այնքան անհարիր էին: Համենայնդեպս՝ լուսավորչական հայիս համար: Մտքովս անցավ նաեւ, թե այդ ամենը գյումրեցու չստացված սրախոսություն է, անհաջող կատակ: Բայց այսօր Գյումրի այցելող յուրաքանչյուր մարդ, ով կանցնի Անկախության հրապարակով, Լենինի արձանի՝ երկար ժամանակ թափուր մնացած պատվանդանին կտեսնի արձանացած Աստվածամորը:
2002 թվականին, արձանը տեղադրելուց կարճ ժամանակ անց, նույն հրապարակով անցել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը, տեսել է Ս. Աստվածածնի արձանը եւ դժգոհել տեսածից: Այսօր քչերը ստուգապես գիտեն՝ կաթողիկոսը կամեցել է արձանը տեղափոխե՞լ, թե՞ ձեւափոխել, սակայն փաստ է, որ այդ այցելությունից անմիջապես հետո (ականատեսների վկայությամբ՝ նույն օրվա երեկոյան) հեռացվում է Աստվածածնի գլխավերեւի լուսապսակը, որից հետո արձանադրության նորօրյա ջատագովներին նույնիսկ արձանի թիկունքից բարձրացող երկար խաչը չի խանգարում հայտարարել, թե լենինյան պատվանդանին արձանացածն այսուհետեւ ոչ թե Ս. Աստվածածինն է, այլ… Հայուհի:
Լուսապսակը հանելուն եւ արձանի Աստվածածին- Հայուհի «անցմանը» արձանի հեղինակ, քանդակագործ Արտուշ Պապոյանը, ինչպես ինքն է ասում, տեղեկանում է «գործողությունից» հետո, բայց նաեւ արագ համակերպվում է իրավիճակին, աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ արձանը կարող էր նաեւ տեղահանվել եւ ընդհանրապես որեւէ տեղում չկանգնեցվել: Ինչ վերաբերում է գյումրեցիներին, նրանցից շատերը մինչեւ այսօր էլ դժվարանում են հաշտվել այն մտքի հետ, թե արձանը պատկերում է հայուհու: Նրանց անուղղակիորեն թերեւս խանգարում է նաեւ այն հանգամանքը, որ քաղաքը վաղուց ունի իր Հայուհին՝ «Մայր Հայաստանը», հետեւաբար եւս մեկի՝ բռնազբոսիկ կերպով Հայուհի անվանյալի կարիքն ամենեւին չունի: Ուստի եւ մարդկանց գիտակցության մեջ ու մտապատկերում արձանը շարունակում է մնալ որպես Ս. Աստվածածին, միայն թե տարօրինակորեն այնպիսի Աստվածածին, որի մոտ հնարավոր չէ ոչ միայն մոմ վառել, այլեւ՝ աղոթել:
Ժամանակն է հիշեցնել, որ արձանի պատվիրատուն եղել է Գյումրու քաղաքապետարանը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Բնականաբար, դժվար է որոշակիորեն պնդել, թե կրոնական ինչ զգացումներ են դրդել աստվածավախ քաղաքապետին այդ աննախադեպ որոշումը կայացնելու համար, սակայն ակնհայտ է, որ նրան դրդել են ոչ միայն ինչ-ինչ զգացումներ, այլեւ հարազատ եկեղեցու պատմության խոր չիմացությունը:
Արձանի տեղադրման համար եղե՞լ է Շիրակի թեմի առաջնորդի համաձայնությունը: Ըստ քանդակագործ հեղինակի՝ եղել է, ավելին՝ առաջնորդը նույնիսկ հետեւել է արձանի ստեղծման ընթացքին: Այս պարագայում՝ Գյումրու քաղաքապետ- Շիրակի թեմի առաջնորդ մերօրյա հակասության ֆոնի վրա արձանը ներկայանում է իբրեւ հակամարտ կողմերի միջեւ անցյալում իրականացված զարմանալի համերաշխության մի ապացույց, որն էլի մի քանի հարցեր է առաջադրում: Անկեղծ ասած, դժվարանում ենք հավատալ, թե նա այդ արձանը տեղադրելուն ոչ միայն չի ընդդիմացել, այլեւ անհրաժեշտ չի համարել այդ մասին կաթողիկոսին տեղյակ պահել: Ով՝ ով, բայց եպիսկոպոսը հրաշալի պիտի իմանար, որ, ի տարբերություն, օրինակ, կաթոլիկ եկեղեցու, հայ եկեղեցին, բացի հարթապատկերներից, երբեք չի խրախուսել կամ արտոնել Աստվածամոր որեւէ քանդակա-արձանագործական կերպավորում: Ուրեմն, ինչպե՞ս կարող էր նա հանդուրժել Ս. Աստվածածնի արձանի քանդակումը, ապա նաեւ տեղադրումը կրոնական միջավայրից, հոգեւոր մթնոլորտից ուղղակիորեն զատված, խիստ աշխարհիկ մի միջավայրում՝ հրապարակ, կանգառներ, ավտոմեքենաներ, աղմուկ, սուլոց: Եվ դարձյալ ու անվերջ զարմանալ կարելի է, թե բացառիկության այդ ի՛նչ մարմաջ է ժամանակին պատել գյումրեցի մի քանի այրերի (մատնացո՞ւյց անել՝ տեսեք, մենք Աստվածածնի արձան ունենք):
Մեր կարծիքով՝ ուշ չէ (երբեք էլ ուշ չէ) արձանը տեղահանել եւ, քանի որ արվեստագետի ներշնչմամբ մեկ անգամ արդեն կյանքի կոչվածը ոչնչացնելը սրբապղծություն կլինի, մտածել համապատասխան միջավայրում ու տեղում այն կանգնեցնելու մասին, հատկապես որ՝ գործը գեղարվեստական արժեք ներկայացնում է:
Վերջում ավելացնենք, որ Գյումրին վաղուց ունի եկեղեցի՝ կոչված հենց Ս. Աստվածածին (Յոթ վերք): Ուրեմն, պատշաճ չէ՞ Ս. Աստվածածնի արձանը տեղադրել իր իսկ անունը կրող եկեղեցուն մերձ տարածքի մի հարմար հատվածում: Անշուշտ, նաեւ վերականգնել լուսապսակը, որը, քանդակագործ հեղինակի հավաստմամբ, ծավալային-գեղարվեստական կարեւոր խնդիր էր լուծում եւ վերջինիս արվեստանոցում դեռ սպասում է իր ժամանակին: