Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանգարանը այցելուներ չունի

Հունվար 23,2009 00:00

\"\"Դեռեւս 1958 թ. Ախալքալաքում հիմնադրված միակ գավառագիտական թանգարանը, չնայած երբեմնի տարաբնույթ խնդիրներին, կանոնավոր գործում է մինչ օրս: Վերջինիս տնօրեն Սեդա Համբարյանը ցավով վերհիշեց այն օրերը, երբ թանգարանը վթարային վիճակում է եղել. պատերը՝ խարխուլ, տանիքը՝ կիսափուլ: Բայց այժմ, բարեբախտաբար, ասվածն անցյալում է, քանզի 2005 թ.-ին կառույցը հիմնավերանորոգվել է՝ բարեկարգվել է տանիքը, կատարվել են շինության ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ:

Սեդա Համբարյանի խոսքերով՝ ինքն արդեն հինգ տարի է, ինչ Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրենն է, եւ հատկապես վերջին տարիներին էապես զգում է շրջանային վարչության ուշադրությունը կառույցի նկատմամբ: Չնայած բարեկարգված կառույցի գրեթե մշտապես գործելուն (թանգարանը փակ է միայն կիրակի եւ երկուշաբթի օրերին), ինչպես նաեւ ընդամենը 50 թեթրի (մոտ 25 սենթ կամ 100 դրամ) արժեք ունեցող տոմսին, պարզվում է՝ այցելուներն այնքան էլ շատ չեն: Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրենի վկայմամբ՝ այցելուները հիմնականում դպրոցահասակներն են, այն էլ՝ ուսումնական տարվա վերջերին:

Գավառագիտական թանգարանում պահպանվող ցուցանմուշների մեծամասնությունը հիմնականում նվիրատվություններ են տարբեր անձանց կողմից: Այստեղ պահպանվում են վրացական եւ հայկական մշակույթներին առնչվող տարբեր կտավներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական գործիքներ, կահ-կարասի, ձեռագործ գորգեր, պայուսակներ, երաժշտական գործիքներ՝ ջութակ, քամանչա, սրինգ…

Ախալքալաքի գավառագիտական թանգարանի սրահներից մեկում տեղադրված են Էջմիածնի մայր տաճարի եւ Զվարթնոցի մակետները: Մեկ այլ ցուցասրահ նվիրված է Մեծ եղեռնին՝ ներկայացված են ցեղասպանության մասին վկայող տարբեր փաստեր: Վերջինիս հարակից սրահն էլ Հայրենական մեծ պատերազմի եւ Ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցներին է նվիրված, ուր փակցված են ջավախահայ մասնակիցների լուսանկարները, նրանց կենսագրական տվյալները, այլ նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել