Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԿ-ԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ ՋԱՎԱԽՔԻՆ

Հունվար 23,2009 00:00

\"\"Ջավախահայերը ժամանակակակից հայ գրականությանը «ծանոթանում» են միայն թերթերից կամ հեռուստատեսությամբ

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ախալքալաքի հայ երիտասարդական կենտրոնը (ՀԵԿ) շրջանում ակտիվ գործունեություն է ծավալել: Կազմակերպության տնօրինության տեղեկացմամբ՝ կառույցը ստեղծվել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ջանքերով, որում ներգրավված են ԱՄՆ Արեւմտյան ափի եւ Կանադայի ՀՕՄ միավորումները: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Նաիրի Մնացականյանի խոսքերով, նման կառույց հիմնադրելու նպատակը մեկն է եղել՝ ջավախահայ երիտասարդության համար ստեղծել այնպիսի հավաքատեղի եւ զբաղմունքի վայր, ուր նաեւ հայրենասիրական եւ ազգային արժեքները մեկ անգամ եւս կամրապնդվեն՝ տարբեր նախաձեռնությունների եւ միջոցառումների շնորհիվ:

Նման երիտասարդական կենտրոն հիմնադրվել է նաեւ Ախալցխայում, իսկ 2009 թ. ընթացքում նախատեսվում է նաեւ՝ Նինոծմինդայում… Բայց մինչ այս, Ախալքալաքի երիտասարդական կենտրոն հաճախող 370-ից ավելի աշակերտները շարունակում են «մասնագիտանալ» տարբեր առարկաներում՝ մասնակցելով համակարգչային, հայոց լեզվի եւ գրականության, հայոց պատմության, վրացերենի, անգլերենի, ձեռագործության խմբակների պարապմունքներին… Ի դեպ, միայն համակարգչային դասընթացների մասնակիցներին է, որ, համապատասխան քննություն հանձնելուց հետո, տրվում են վկայագրեր, իսկ մնացած՝ 9 ամիս տեւողությամբ դասընթացներին հաճախողներին՝ դեռեւս նման հնարավորություն չի ընձեռվում…

Կենտրոնի ուսուցիչներն ընթացիկ դասընթացներից հատկապես կարեւորում են հայոց լեզվի, անգլերենի եւ վրացերենի ուսուցանումը, ինչպես նաեւ՝ հայոց պատմության դասաժամերի պարտադիր առկայությունը: Ասվածի հիմնական պատճառը ներկայումս տեղի հանրակրթական դպրոցների դասացանկից հանված, փաստորեն, «անպետք» համարվող, հայոց պատմության դասաժամերն են, ինչի հետեւանքով ջավախահայ աշակերտները պարզապես անտեղյակ են իրենց իսկ պատմությունից: Հայ երիտասարդական կենտրոններ հաճախող անձինք 12-27 տարեկան երիտասարդներ են, իսկ դասավանդող ուսուցիչները՝ բարձրագույն կրթությամբ փորձառու մանկավարժներ են, ովքեր աշխատում են նաեւ Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում:

Ախալքալաքի ՀԵԿ-ի տնօրինության խոսքերով, ընթացիկ դասընթացները դպրոցական ծրագրով չեն տարվում, եւ իրենք բնավ էլ նպատակ չունեն դպրոցական ծրագրի պակասը լրացնել: Խոսքը հիմնականում վերաբերում է աշակերտներին լիարժեք եւ տարաբնույթ տեղեկատվություն տալուն, ընդհանուր զարգացածություն ապահովելուն, ինչն իրականացվում է ոչ միայն պարապմունքների, այլեւ՝ հաճախակի կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների շնորհիվ:

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի հայոց լեզվի եւ գրականության խմբակի ղեկավար Թագուշ Սարգսյանի հավաստմամբ, աշակերտները մեծ սիրով են մասնակցում խմբակում տարվող աշխատանքներին: Ու քանի որ մայրենի լեզուն հարազատ է բոլորին, նրանք մեծագույն սիրով ու ամենայն պատասխանատվությամբ են հաճախում կենտրոն: Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ դասընթացների արձանագրած արդյունքներին, ապա հպարտանալու առիթ, իրոք, կա: Թ. Սարգսյանը հատկապես շեշտեց տեղի ռուսաց դպրոց հաճախող եւ հայերենին անծանոթ հայ աշակերտներին՝ մեսրոպատառ այբուբենի ուսուցանման փաստը, ինչն էական արդյունք արդեն ապահովել է: Բայց, ասվածի հետ մեկտեղ, հայոց լեզվի եւ գրականության խմբակի սաներին հուզող կարեւոր խնդիր կա, որը, պարզվում է՝ մերթընդմերթ է իր մասին հիշեցնել տալիս: «Շատ հաճախ անհրաժեշտ գրականություն ձեռք բերել չենք կարողանում: Երբեմն նույնիսկ դասական գրականություն չենք կարողանում գտնել: Շրջանային գրադարանից երեխաները երբեմն օգտվում են, բայց այնտեղ էլ առկա գրականությունն այնքան հարուստ չէ, հատկապես ժամանակակից գրականությունը… Մենք մայր հայրենիքից հեռու ենք եւ դա զգում ենք: Ասենք, նոր գրքեր են հրատարակվում, բայց մեզ դրանք չեն հասնում… Միայն հեռուստատեսությունից կամ թերթերից ենք տեղեկանում այդ մասին»,- ասաց Ախալքալաքի ՀԵԿ-ի հայոց լեզվի եւ գրականության խմբակի ղեկավարը: Նա նաեւ ցավով փաստեց, որ նոր սերունդը գնալով հեռանում է գրքերից, իսկ ընթերցանությամբ հետաքրքրված ջավախահայ երիտասարդների այս փոքրիկ կորիզին պարզապես անհրաժեշտ է «շփումը» հայկականի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել