Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսարանից դուրս

Հունվար 23,2009 00:00

«Մարտի 1-ի» գործով անցյալ տարի մարտի 9-ին իրավապահների կողմից բռնվեց եւ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տարվեց Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ Նորիկ Հարությունյանը:

Նախկինում չդատված Ն. Հարությունյանը հունիսի 3-ին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, չնայած մեղադրողը պահանջել էր 4 տարի ժամկետով մեկուսացում: Նա մեղադրվել էր քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, «Վիլիս» ավտոմեքենան «հրելու» համար: Ընդ որում՝ այդ մեքենան էլ հրել էր «կոչերով»:

Մեկուսարանում նա պահվել է թիվ 22 խցում, իսկ մարտյան գործով իր հետ էին եւս 10-ը: Նա 10 ամիս գտնվել է մեկուսարանում, աշխատել է տնտեսական մասում՝ ճաշարանում: «Նուբարաշեն» մեկուսարանից դուրս գալուց հետո նա մտադիր է գնալ Ռուսաստան՝ շինարարությունում աշխատելու: «Առավոտի» հետ զրուցում նա ասաց, թե իրեն այդ 10 ամսվա ընթացքում որեւէ մեկը չի այցելել, չի հետաքրքրվել իր անձով, չնայած իր խնամքին կա 70- ամյա ծերունի հայր, երկու անչափահաս երեխա եւ հաշմանդամ կին: Ն.Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմել է նախագահին՝ ներում ստանալու համար: «Ուզում եմ հանգիստ խղճով հեռանամ Հայաստանից»,- ասաց նա:

Կարեն Ասրյանն էլ «Մարտի 1-ի» գործով ազատազրկվել էր մարտի 4-ից: Նա «Ռոբերտո» խանութի գողության ժամանակ իր սեփական մեքենայով ինչ-որ մարդկանց խնդրանքով ապրանք է տեղափոխել: Մեղադրվել է՝ որպես աջակից: Նրան 1 տարի ժամկետով փորձաշրջան է նշանակվել, եւ պետք է հանրության առջեւ իր մեղքերը քավի 218 ժամ աշխատելով: Նա նույնպես իր պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (թիվ 32 խուց), ուր «Մարտի 1-ի» գործով 4 խցակից ընկերներ ուներ: Նա, ինչպես Ն. Հարությունյանը, առաջին անգամ էր հայտնվել մեկուսարանում: Դժվարությունն այն էր, որ կինն ու 8 տարեկան տղան Ուկրաինայում էին, իրեն այցելողներ չի ունեցել: 15 օր բուժվել է մեկուսարանի բուժմասում, ընդհանուր առմամբ որեւէ խախտում չի ունեցել ազատազրկման ժամանակահատվածում: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ է մտադիր անել, Կ. Ասրյանը պատասխանեց, որ պետք է միջոցներ գտնի Ուկրաինա գնալու, ընտանիքին տեսնելու: Նա նաեւ ասաց, որ 4 օր առաջ ՀՀ նախագահին ներման դիմում է գրել եւ ուզում է, որ դրսում խնդիրներ չունենա: Անհանգիստ էր, քանի որ չի բացառվում, որ մերժվի այլ դատապարտյալների նման:

8 ամիս 21 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժն է կրել Երեւանի ճարտարապետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արման Գեղամյանը: Վերջինս 2 ամիս առաջ ազատվել է եւ զբաղված է քննական կուտակված պարտքերը հանձնելով: 16 առարկայական քննություններից միայն մեկը չի հասցրել հանձնել: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ այս ուսանողը գտնվել է Սարյան փողոցում եւ հսկել է իր ընկերոջ դեղատունը, վախենալով, թե այն հարձակման կենթարկվի: Բնականաբար, եղել է քաշքշուկ: Նա նույնպես առաջին անգամ է հայտնվել արտաքին մեկուսացման մեջ: Արման անունով փաստաբանն իրեն այցելել է միայն դատաքննության ժամանակ: Մեկուսարանում, իր ասելով, խնդիրներ չի ունեցել: «Հացի, դեղի կարիք չեմ ունեցել: Միայն մեկ անգամ ատամս ցավեց: Տեղափոխվեցի բուժմաս»: Գեղամյանը 10 օր առաջ դիմել է նախագահին՝ ներման համար: Նա «Առավոտին» ասաց, որ չի ուզում, որ իր ուսման ժամանակ խնդիրներ ծագեն:

Զրուցակիցներս պատասխանում էին իմ բոլոր հարցերին, սակայն չցանկացան մեկ անգամ եւս «նկարվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել