Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԲԵՈՒԹՅԱՆ «ԶՈՀԵՐԸ»

Հունվար 23,2009 00:00

\"\"Երբեմնի հարուստ մարդը աղքատ դարձավ, իսկ մեղավորները մինչ օրս վայելում են կյանքի ազատությունը:

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Վանաձորի «Մալանչ» ԲԲԸ տնօրեն Միշա Դավթյանի խաբեությունից տուժած Նիկոլ Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ՝ ԲԲԸ-ն սեփականաշնորհվել է 1996թ. սեպտեմբերի 4-ին՝ աճուրդի կենտրոնում: Ընկերության տնօրեն Միշա Դավթյանը, որը նաեւ Վանաձոր քաղաքի բամբակյա գործվածքային արտադրական միավորման ֆաբրիկայի տնօրենն էր, առաջարկել է իրեն օգնել 20 հազար դրամ անվանական արժողությամբ 2400 սերտիֆիկատով, որպեսզի կարողանա իր ընկերությունը սեփականացնել: Մ. Դավթյանն իր խնդրանքը պատճառաբանել էր պատրաստի գումար չունենալով, քանի որ բանվորական ձեռնոցներ էր ուղարկել Ռուսաստան՝ վաճառելու եւ դրանից ակնկալում էր ստանալ 30 000 դոլար: Նա խոստացել էր գումարը ստանալուն պես պարտքը փակել եւ մարդկանց հավաստիացրել է, որ այդ սերտիֆիկատները պետք են նաեւ այն ժամանակվա ՀՀ արդյունաբերության փոխնախարար եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանին, «Յանց» ՍՊԸ տնօրեն Հովսեփ Սեֆերյանին, Մարալիկի ԲԳԱՄ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանին: «Չնայած մենք այդ քանակության սերտիֆիկատներ չունեինք, բայց, վստահելով նշված անձանց հեղինակությանը, բոլոր ջանքերը գործադրեցինք հավաքելու անհրաժեշտ քանակությունը եւ հանձնեցինք Միշա Դավթյանին: Նա այդ գործարքն իրականացնելուց հետո սերտիֆիկատները վերադարձրեց մեզ, ինչով շահեց մեր վստահությունը: Որոշ ժամանակ անց նա կրկին խնդրեց 2300 սերտիֆիկատ, այս անգամ «Մալանչ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման համար: Միշա Դավթյանը մեզ տվեց կնիքով հաստատված ստացականներ, ինչպես նաեւ 1996 թվականի նոյեմբերի 12-ով թվագրված գրավոր մի հայտարարություն այն մասին, թե ինչի համար է վերցնում սերտիֆիկատները»,- ասաց Նիկոլ Բաղդասարյանը: Ըստ նրա, իրենք ավելի ուշ են իմացել, որ Մ. Դավթյանը «Հայէկոնոմբանկի» Վանաձորի մասնաճյուղից 1995թ. հունիսի 5-ին 6 ամիս ժամկետով վարկ է վերցրել ու չի վերադարձրել: Բանկը, չգիտես ինչու, սպասել է 4 տարի եւ միայն 1999 թ. է դիմել դատարան: «Միշա Դավթյանը դատին չի ներկայացել: Դատարանը սնանկ է ճանաչել «Մալանչ» ԲԲԸ-ն եւ որպես պարտատեր ճանաչել համբերատար լռած բանկին՝ պարտքը ճանաչելով 89 միլիոն դրամ, որից մայր պարտքը՝ 29 միլիոն դրամ, մնացածը տոկոսներն են: Այժմ բանկն է տնօրինում «Մալանչ» ԲԲԸ-ի գույքը: Վստահելով օրենքի ուժին՝ 2001թ. մայիսի 17-ին դատի տվեցինք Մ. Դավթյանին: Դատարանը մեր օգտին վճռեց բռնագանձել 46 միլիոն դրամ, սակայն հաշվի չի առել, որ մեր գումարները, ստացականի համաձայն, տրվել են գործարանի սեփականաշնորհման համար»,- ավելացրեց Ն. Բաղդասարյանը: Տուժածը, որը բաց նամակով դիմել է հանրապետության նախագահին, հավելեց, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի) պետք է գործարանի բռնագրավմամբ պարտատեր ճանաչեր հենց իրեն, այնինչ՝ մնացել են զուտ Մ. Դավթյանի անձնական պարտատերերը: Մինչդեռ, իրականում փաստացի տված գումարները ծառայել են գործարանի սեփականաշնորհման համար, ինչը ապացուցվում է նաեւ տրված ստացականով:

Խմբագրությանը դիմած Ն. Բաղդասարյանը դիմել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, խնդրելով անմիջական հսկողության տակ պահել գործընթացը եւ հանձնարարել գլխավոր դատախազությանը՝ բացահայտելու «Հայէկոնոմբանկի» Վանաձորի մասնաճյուղի կողմից «Մալանչ» ԲԲԸ-ին վարկ տրամադրելու հանգամանքները, ինչպես նաեւ՝ շահագրգիռ անձանց շրջանակը: Նիկոլ Բաղդասարյանը համոզված է, որ բանկի հայցով «Մալանչին» սնանկ ճանաչելը, եւ այդ առումով դատարանի 1999թ. ապրիլի 28-ի վճիռն անհիմն են: «Ոստիկանությունը պետք է բացահայտի եւ բերման ենթարկի Միշա Դավթյանին: Խնդրում ենք քրեական գործ հարուցել: Պահանջում ենք հանցավոր համաձայնության եկած անձանց կողմից բաժնետերերիս հասցված վնասը վերականգնել, որը կազմում է 46 միլիոն դրամ»,- խոսքը եզրափակեց Ն. Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել