Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնեղենն ու մսեղենը ճոխություն են

Հունվար 23,2009 00:00

\"\"Այն ՀՀ քաղաքացիները, որոնք միայն թոշակով են ապրում, օրերով մսի, ձվի, կաթնամթերքի, մրգի երես չեն տեսնում:

ՀՀ կառավարության որոշումը՝ թոշակները 2000 դրամով բարձրացնել, բազմաթիվ թոշակառուների վրդովմունքն է հարուցել: «Առավոտը» գրեթե ամեն օր թոշակով ապրող քաղաքացիներից դժգոհություններ է ստանում: Նրանց մեկնաբանմամբ՝ մեր երկրում վերջին տարիներին այնքան բարձր գնաճ է արձանագրվել, որ «այդ 2 հազար դրամը՝ եղած-չեղած մի հաշիվ է»: 63-ամյա Ռայա Սայիյանը մեկն է այն հազարավոր թոշակառուներից, որոնք օրերով կաթնամթերքի, ձվի, մրգի երես չեն տեսնում, էլ չենք ասում, որ նրանց բյուջեն չի ներում, որ անգամ ամիսը մեկ իրենց թույլ տան մսամթերք գնել: Տիկին Ռայայի խոսքերով՝ ընդամենը 20 հազար դրամ թոշակ է ստանում: Նա մի պարզ հաշվարկ կատարելով՝ արձանագրում է, որ ապրելու համար իրեն օրական 645 դրամ է բաժին ընկնում: Երբ այդ գումարից նա հանում է հեռախոսի, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ու աղբի վարձը, որը, կնոջ ներկայացմամբ, ամսական 8-9 հազար դրամ է կազմում, ապա Ռ. Սայիյանին սնվելու, տրանսպորտով երթեւեկելու եւ այլ ծախսերի համար օրական 400 դրամից էլ պակաս է մնում: «Հետաքրքիր է, դուք կարո՞ղ եք օրական 350 դրամով յոլա գնալ: Ես այդ գումարով մի՞ս, թթվասե՞ր, ձո՞ւ, կա՞րագ, թե՝ հաց գնեմ»,- ՀՀ իշխանություններին հարց է ուղղում տիկին Ռայան: Նրա խոսքերով. «Միայն պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրացնում: Վերջերս հեռուստացույցով ինչ-որ պատգամավոր հարց էր բարձրացնում, որ իրենց օգնականներին աշխատավարձ տա պետությունը: Իբր ինքը քիչ է ստանում, մի բան էլ օգնականին փող տան: Նման բաների վրա են ծախսում պետական բյուջեն, հետո էլ պատճառաբանում՝ բյուջեում փող չկա, որ թոշակները եղածից ավելի բարձրացնեն»:

«20 հազար դրամով ի՞նչ անեմ: Երբ լոգանք եմ ընդունում, ջուրը չեմ թափում, հավաքում եմ, որ զուգարանը լցնեմ, ամաններն էլ, որ լվանում եմ, ջուրն էլի հավաքում եմ. միակ տնտեսվող բանն է»,- պատմեց Ռ. Սայիյանը: Նրա խոսքերով. «Առաջ գոնե նպաստ էի ստանում, սակայն դա էլ կտրեցին, ինչ է թե՝ տանը ջեռուցման համակարգ կա, բայց ախր ես այդ համակարգը մինչ թոշակի գնալն եմ տեղադրել, այն էլ՝ մի քանի բարեկամներից պարտք եմ արել, պայմանով, որ կամաց-կամաց մարեմ: Մեր տեղամասային սոցիալական ծառայության աշխատակիցններն ինձ ասում են՝ ումից պարտք ես արել՝ թող նրանք էլ քեզ պահեն: Թոշակն ընդամենը 2000 դրամով են բարձրացրել, սակայն սննդամթերքի գներն այնքան են թանկացրել, որ խեղճ թոշակառուները ստիպված են լինում ցամաք հացով սահմանափակվել»:

Տիկին Ռայան առողջական լուրջ խնդիրներ ունի. դիմել է բժշկի, պարզվել է՝ շտապ վիրահատություն է պետք. «Իմ ստացած թոշակով ո՞րն անեմ, ո՞րը թողնեմ: Այսօր ո՞վ կարող է այդ գումարով գոնե սովորական ատամնաբույժի մոտ գնալ, որ ես կարողանամ վիրահատության գնալ: Դիմել էի առողջապահության նախարարություն՝ պետպատվերով վիրահատվելու համար, սակայն մերժեցին, ասելով, որ պետք է հաշմանդամության կարգ ունենամ»: Ռ. Սայիյանի պատմելով՝ սոված չմնալու համար նույնիսկ մուրացկանություն է արել. «Բայց հո էդպես չի՞: Պետությունը պարտավոր է այնպես անել, որ ոչ մուրացկան լինի, ոչ էլ՝ աղքատ մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել