Անցյալ տարվա ընթացքում Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը 1247 տաքսի ծառայություններից ստուգել է ընդամենը 5-ի մեքենաները:
Չնայած օրենքի պահանջին՝ Հայաստանում գործող տաքսի ծառայությունների զգալի մասի մեքենաներում առայժմ հաշվիչներ տեղադրված չեն, եւ դրանց մատուցած ծառայությունները դուրս են վերահսկողությունից: Նշենք, որ սպառողն այս կամ այն տաքսի ծառայությունից օգտվելու համար ընտրության մեծ հնարավորություն ունի, ու, մտածելով, որ հաշվիչ ունեցող տաքսիները չեն խաբի եւ ավելի գումար չեն գանձի, նախընտրում են հենց այդ տաքսիներից օգտվել: Սակայն խաբված լինելու հավանականությունը մեծ է անգամ այս պարագայում:
Անցած տարի ՀՀ կառավարությունը սկսեց տաքսիների լիցենզավորման գործընթաց, որով սահմանվեցին տաքսիների գործունեության որոշակի չափորոշիչներ, սակայն, ինչպես մի առիթով «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը. «Տաքսի ծառայությունների լիցենզավորում իրականացնող հանձնաժողովը կազմակերպությունից պահանջում է, որպեսզի ավտոմեքենաներում տեղադրված լինեն հաշվիչներ, սակայն այդ հանձնաժողովը տաքսի ծառայություններից չի պահանջում, որ այդ հաշվիչները համապատասխանեն որեւէ չափանիշի: Լիցենզիա տրամադրող հանձնաժողովի ու կապի եւ տրանսպորտի նախարարության իրավասությունների մեջ չի մտնում հաշվիչների տեխնիկական ճշգրտության ստուգումը, սակայն, կարծում եմ, այդ հաշվիչների անճշտության խնդիրն, անշուշտ, առկա է»:
Թե ում իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակներում է չափման եւ ստուգման ծառայությունների անցկացումը, պարոն նախարարն այդպես էլ չի հստակեցնում. «Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք կարող են չափման եւ ստուգման ծառայություններ իրականացնել, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ստանդարտացման ծառայությունը»:
Մինչդեռ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված են այն մարմինները, որոնք ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են իրականացնել այդ գործառույթը. համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ բոլոր չափիչ սարքերը, այդ թվում՝ տաքսիների հաշվիչները, ենթակա են պետական չափագիտական վերահսկողության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ու Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից:
Առաջին մարմինը զբաղվում է հաշվիչների ստուգաչափմամբ: Այսինքն՝ մինչեւ գործարկելը, հաշվիչը ստուգվում է եւ տեխնիկական համապատասխանության դեպքում՝ ուղարկվում շահագործման: Ստուգաչափման պարբերականությունը, համաձայն օրենքի, սահմանում է այն իրականացնող մարմինը: Կոնկրետ տաքսիների հաշվիչների համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն սահմանել է մեկ տարի ժամկետ: Ըստ ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանի՝ անցած տարվա ընթացքում ընկերությունը ստուգաչափել է ընդամենը 450 հաշվիչ, որից 350-ը տեղական արտադրության է: Սա այն դեպքում, երբ ՀՀ-ում անցած տարվա տվյալներով գործում է 1247 տաքսի ծառայություն, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի տասնյակ մեքենա: Այսինքն, կարելի է արձանագրել, որ Հայաստանում գործող տաքսիների գերակշիռ մասի հաշվիչները ստուգաչափված չեն:
Ինչ վերաբերում է հաշվիչների ճշգրտության ընթացիկ պետական վերահսկողությանը, ապա այստեղ վիճակն ավելի տխուր է: Շուկայի եւ սպառողների պաշտպանության պետական տեսչությունն անցած ամբողջ տարվա ընթացքում ստուգումներ է իրականացրել ընդամենը 5 տաքսի ծառայությունում, որոնցից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ հաշվիչները ստուգաչափված չեն եղել: Օրենքով սահմանված կարգով օրինախախտ ընկերությունները տուգանվել են 100-հազարական դրամով: Տեսչության պետ Աշոտ Ղազարյանը ստուգումների նման համեստ քանակությունը բացատրում է ռեսուրսների անբավարարությամբ: «Առավոտի» հետ զրույցում Ա. Ղազարյանն ասաց. «Ինչպես կարող ենք մենք բոլորին վերահսկել, երբ մեր տեսչությունը բաղկացած է 7 հոգուց, իսկ Հայաստանում գործում է 600 տաքսի ծառայություն»:
Նշենք, որ ըստ 2008թ. Հարկային պետական ծառայության պաշտոնական տվյալների, Հայաստանում գործում է ոչ թե 600, այլ՝ 1247 տաքսի ծառայություն: Շուկայի ու սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ղեկավարի պատկերացումները գործող տաքսի ծառայությունների քանակի վերաբերյալ, թերեւս, արդեն խոսում են այդ մարմնի իրականացրած աշխատանքի որակի մասին: