Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհում են իրացումից եւ ՀԴՄ-ներից

Հունվար 23,2009 00:00

\"\"Տոնավաճառների աշխատակիցները չեն ուզում ՀԴՄ-ով աշխատել, իսկ իրացման գոտու բնակիչներն էլ՝ «իրացվել»

Երեկ կառավարության շենքի դիմաց ցուցարարների 2 «բանակ» էր հավաքվել՝ իրացման գոտու բնակիչներն ու մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների, ինչպես նաեւ՝ ոսկու շուկաների առեւտրականները, որոնք դժգոհում էին ՀԴՄ-ների պարտադիր կիրառումից:

«Առավոտի» հետ զրույցում տոնավաճառների աշխատակիցները հրաժարվում էին ներկայանալ, պառճառաբանելով, որ վաղն եւեթ իրենց կզրկեն աշխատատեղից: Նրանցից մեկի խոսքերով. «Ինչո՞ւ են այդ ՀԴՄ-ները բերել, ի՞նչ են մեզանից ուզում: ՀԴՄ-ի 3%-ն են ուզում, էդ ի՞նչ նորություն ա: Առանց այն էլ մեռանք սրան-նրան փող տալով»: Ոսկու շուկայի առեւտրականներից մեկի ներկայացմամբ. «Ամեն ամիս 18 հազար դրամ հարկ եմ վճարում պետությանը, 35 հազար տեղի փող եմ տալիս, 7 հազար էլ՝ սոցիալական հարկ: Էդ անտեր ՀԴՄ-ների սպասարկման վարձն էլ եմ տալիս՝ 1500 դրամ: Էլ ի՞նչ են ուզում: Պահանջում են ինչ աշխատենք՝ իրե՞նց տանք»: Տոնավաճառի աշխատակիցների բողոքներին արձագանքեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որը նրանց առաջարկեց մյուս անգամ հանդես գալ համախմբված՝ արհմիության շրջանակներում, քանի որ, նրա կարծիքով, նման կերպ բողոքը դժվար թե տեղ հասնի:

Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչների խոսքերով էլ, իրենք շատ հուսահատ վիճակում են, ու չնայած սուլոցների տարափին, իրենց ոչ ոք բանի տեղ չի դնում: «Մենք արդեն 5 տարի էստեղ ներվեր ենք քայքայում, բայց ոչ մի արդյունք: 7 հոգով դրսում ենք մնացել: Ամեն մեկիս տվել են $3500՝ սեփական տան դիմաց: Բա դա խի՞ղճ է»,- մեզ հետ զրույցում ասաց Լալայան 31 հասցեի բնակչուհի Ռ. Հակոբյանը: «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ, իրացման գոտու բնակիչ Սեդրակ Բաղդասարյանի ներկայացմամբ. «Մեր 5 տարվա պայքարի ընթացքում միայն 1 դեպք է եղել, երբ Սերժ Սարգսյանը, որը դեռ վարչապետ էր, 2007-ի մայիսին հանդիպեց մեզ հետ, խոստացավ լուծել մեր հարցերը, սակայն նախագահ դառնալուց հետո սայլը տեղից չշարժվեց»: Ըստ Ս. Բաղդասարյանի, բարի կամք չդրսեւորելու հետեւանքով է, որ բողոքի ալիքն օր օրի մեծանում է. «Մեզ այսօր դիմում են ոչ միայն Հյուսիսային պողոտայի, այլեւ Խորենացու եւ Նար-Դոսի փողոցի բնակիչները: Իսկ 10 մարդու գործ արդեն Եվրոդատարանում է»:

Նշենք, որ այն բնակիչները, որոնց գործերը Եվրոդատարանում են, նամակ են ստացել, որտեղ նշված է, որ ՀՀ կառավարությունը հաշտության առաջարկ է անում եւ առաջարկում է բնակարաններ Կենտրոնում, սակայն՝ 2010-ի վերջին:

Ս. Բաղդասարյանի խոսքերով. «Ոչ մի երաշխիք չկա: Էլի վարձո՞վ ապրենք, համոզված չլինելով, որ 2010-ի վերջում մեզ տուն են տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել