Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԽԵԼՔԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ Է ԿԵՐԵԼ»

Հունվար 23,2009 00:00

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս խելքները գլուխները հավաքել:

Կենտրոնական բանկը տարեսկզբին, ընդամենը 5 օրվա ընթացքում, ֆոնդային բորսայում վաճառել է $63 մլն: ԿԲ-ն այս գործընթացը սկսել է իրականացնել դեռեւս նախորդ տարեվերջին, ինչի հետեւանքով էլ, ըստ տնտեսագետների, հաջողվում է դոլարի փոխարժեքը պահպանել գրեթե կայուն՝ 305-306 դրամի սահմաններում, եւ դրամը փրկել արժեզրկումից: Թե ինչ հնարավոր հետեւանքների կարող է հանգեցնել ԿԲ-ի վարած այս քաղաքականությունը, «Առավոտը» փորձեց պարզել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ զրույցում: «Բոլորս էլ հասկանում ենք, որ ԿԲ-ն խելքը հացի հետ չի կերել, որ մեր պահուստները վատնի՝ նրան պարտադրում են, եւ այս վճիռներն իրագործվում են ինչ-որ օղակների թելադրանքով: Դոլարի վաճառքը միանշանակ ճիշտ չէ՝ մի քանի տեսանկյունից: Նախ, մեր պահուստների դերը բոլորովին այլ է. դրանք այն միջոցներն են, որ ներկայիս սերունդը ժառանգում է հաջորդներին: Ակնհայտ է, որ ԿԲ-ն փորձում է սա դարձնել գնաճի կանխարգելման միջոց: Բայց դա պատրանք է, որը շատ կարճ ժամանակում բերելու է հակառակ արդյունքի: Տվյալներ չկան մեր միջազգային պահուստների վերաբերյալ, բայց, կարծում եմ, արդեն վատնել ենք դրանց մոտ 20-25%-ը, ինչը վտանգավոր է դարձնում նաեւ մեր երկրի միջազգային դիրքը»,- ասաց պարոն Ասատրյանը: Ըստ նրա՝ դեսուդեն ընկնելու փոխարեն՝ ԿԲ-ն պետք է պարզապես աներ այն, ինչ արել է 10 տարի շարունակ. «ԿԲ-ն չպետք է հետ կանգներ «լողացող փոխարժեքի» սկզբունքից, այլ պետք է համակերպվեր այն իրողության հետ, որ դրամն արժեզրկվում է: Չգիտեմ, թե ուր կտանի մեզ այս քաղաքականությունը, բայց հաստատ՝ ոչ լավ տեղ»:

2008-ը Բ. Ասատրյանը գնահատեց որպես բավականին ծանր տարի. «ԿԲ-ի այն քաղաքականությունը, որի մասին խոսում ենք, սկիզբ էր առել դեռ անցյալ տարվա սկզբներից: Դա պայմանավորված էր նաեւ ներքաղաքական իրավիճակով՝ մարտի 1-ի կրակոցներն ուղղված էին նաեւ սեփական տնտեսության վրա: Փողը վախենում է հանցագործություններից, եւ պարզ է, որ ներդրողները մտածեցին՝ գործ չունեն այս երկրի հետ, ավելի լավ է իրենց փողերը վերցնեն, գնան ավելի կայուն երկրներ, որտեղ իշխանությունները հարգում են մարդկանց իրավունքները, եւ ոչ թե զենքը դնում ու ասում՝ գնդակահարեք: Բնականաբար, թե՛ բացարձակ եւ թե՛ հարաբերական իմաստով, անցյալ տարվա սկզբներից ՀՀ-ում եղել է փողի արտահոսք: Դրա համար մթնոլորտ ստեղծեց նաեւ իշխանությունների ձեռնարկած հանցավոր նախընտրական արշավը: Այն, որ ասում ենք տնտեսական ճգնաժամ, առաջին հերթին հասարակության մեջ առաջացրեց առկա խնայողությունները դոլարի տեսքով պահելու ձգտումը, ընդ որում՝ ոչ բանկերում, այլ տանը՝ բարձի տակ: Արտաքին առեւտրի տեսանկյունից եւս ունենք ծանր վիճակ. տարվա արդյունքներով ներկրումը գերազանցել էր արդեն 4 միլիարդը՝ այն դեպքում, երբ ունեցել ենք դոլարով արտահայտված արտահանման բացարձակ թվի նվազում, որը եւս բացառիկ երեւույթ է, քանի որ մինչ այս, մեր արտահանման նվազումը մենք կարող էինք չափել միայն ազգային արժույթով»: Ըստ պարոն Ասատրյանի՝ պայմանավորված ոչ միայն ճգնաժամով, այլեւ էներգակիրների գների էական նվազումով, աշխարհում նկատվում են դեֆլյացիոն երեւույթներ, որը, սակայն, Հայաստանի վրա չի անդրադառնում. «Պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում ձեւավորվել են մենաշնորհներ, եւ առանձին անհատներ, որոնք սերտաճել են իշխանության հետ, կամ հենց իրենք են իշխանությունը, թելադրում են գները: Եթե մենք հետեւեինք Ռուսաստանի գնագոյացմանը, ապա այսօր Հայաստանում միջին որակի բենզինը պետք է արժենար 150-200 դրամ, իսկ մեր ներքին շուկայում բենզինի գները միշտ համահունչ են եղել ՌԴ-ի գներին, կամ անցյալ տարի, գարնանից սկսած, ռուսական շուկայում հացահատիկի միջին շուկայական գինը նվազել է 2 անգամ, իսկ այստեղ՝ աճել է: Այսինքն՝ մեր պետության ամբողջ տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է մի քանի հոգու հարստացմանը»:

Բ. Ասատրյանի համոզմամբ՝ Հայաստանի նման երկրները ճգնաժամի ազդեցությունը դեռ կզգան առաջիկայում. «Գարնանը, երբ հայ աշխատողը սովորաբար գնում է խոպան, այդ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ մնալու են առանց աշխատանքի: Շատերն էլ, որ արդեն տնավորվել էին Ռուսաստանում եւ ունեին կայուն եկամտի աղբյուր, 2009-ին չեն ունենալու այդ եկամուտը, նրանց հոսքը Հայաստան՝ արդեն նկատելի է: Հանցագործությունների ակնհայտ աճ կա: Ավելի վատ է լինելու 1-3 ամիս հետո: Մարտ-ապրիլին, երբ տնտեսությունն արթնանում է, մարդիկ սկսում են ավելի շատ ծախսեր անել, փող չի լինելու, դրան գումարած, որ տրանսֆերների նվազում կլինի: Կընկնեն սպառման ծավալները, եւ կտրուկ կմեծանա գործազրկությունը»:

ԿԲ նախկին նախագահը իշխանությանը խորհուրդ տվեց խելքները գլուխները հավաքել եւ հասկանալ, որ այս կերպ երկիրն առաջ գնալու հնարավորություն չունի. «Իրենցից պետք է պոկեն այն հատվածը, որը բիզնես է իրականացնում, հակառակ դեպքում՝ շատ վատ է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել