Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոնի տղա Վարդանը ազատության մեջ Է

Հունվար 23,2009 00:00

\"\"Հանցագործության վայրից փախուստի դիմելն օգնե՞լ է

Անցյալ շաբաթ օրը՝ հունվարի 17-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Լուսաստղ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել դանակահարությամբ ավարտված հերթական «ռազբորկան»՝ այս անգամ Մալաթիայի մթերքի շուկայի սեփականատեր եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանու տակ գտնվող Սիմոն Հակոբյանի կրտսեր որդու՝ Վարդան Հակոբյանի ակտիվ մասնակցությամբ: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, հիշյալ օրը Վարդան Հակոբյանը իր ընկերների հետ եւ երկու «ջիփ»-երով ու մարդկանց աչքի առաջ ռեստորանի մոտ «բռնացրել» է համայնքի ավագանի, նույն համայնքի բնակիչ, 1983թ. ծնված Վալերի Արայի Մանվելյանին ու էլի մեկին՝ 1986թ. ծնված Սարգիս Սամվելի Ոսկանյանին: Վ. Հակոբյանն ու նրա մի քանի ուղեկիցները կանգնեցրել են մեքենան, իջել, վիճաբանել, դանակահարել են իրենց երկու թիրախներին ու փախուստի դիմել: Վ. Մանվելյանն ու Ս. Ոսկանյանը անգիտակից վիճակում տեղափոխվել են Մալաթիայի հիվանդանոց, որտեղից էլ ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում, միայն հունվարի 19-ին, հաղորդում են ստացել կատարվածի մասին: Ու թեեւ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ մարմնական միջին ծանր վնասվածքներ հասցնելը, բայց ձերբակալվածներ չկան: Ասել է թե՝ Վ. Հակոբյանը դեռ ազատության մեջ է: Մեր աղբյուրների ասելով, Վարդանի հայրը՝ Ս. Հակոբյանը, արդեն հասցրել է լինել համայնքի ոստիկանության բաժնում: Ըստ որոշ եւ ճշտման չենթակա տեղեկությունների, նա մի պատկառելի գումար է «մուծվել» քննչականին: Հիշեցնենք, որ քննչական բաժինը համայնքի ոստիկանության բաժնի հետ, ըստ էության, առնչություն այլեւս չունի. այն առանձին մարմին է եւ ենթարկվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Ինչպես շատ դեպքերում, այս պարագայում էլ կատարվածն իր նախապատմությունն ունի, եւ Սիմոն Հակոբյանի ու այդ համայնքից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ «Լֆիկ Սամոյի» «տղաների» միջեւ վաղուցվա դիմակայության արդյունքն է: Հայտնի է, որ դանակահարված երկու տղաներն էլ պատգամավորի թիմից են, իսկ Վ. Մանվելյանը նաեւ ԲՀԿ-ական է: «Ռազբորկայի» պատճառների մասին վարկածները տարբեր են. աղջկա համար սկսված վեճ, չկիսած տարածք եւ այլն: Վարկածներից մեկն էլ այն է, որ Վ. Հակոբյանը, որը համայնքում թմրամոլի համբավ է ձեռք բերել, հիշյալ անձանց հետ փողային խնդիրներ է ունեցել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, կատարվածի առնչությամբ իր «վրդովմունքն» է հայտնել նաեւ պատգամավոր Ս. Ալեքսանյանը, որը սեփական շահագրգռությունն ունի, որ հանցագործության հեղինակները պատժվեն: Թե «քննչականի» կշեռքը որ կողմը կթեքվի՝ Սիմոն Հակոբյանի՞, թե՞ պատգամավոր Ալեքսանյանի, ցույց կտա առաջիկան: Փաստ է միայն, որ Ս. Հակոբյանը երեկ շատ անհանգստացած է եղել, որ այս միջադեպը հանկարծ մամուլի քննարկման առարկա չդառնա, որ տղային ազատելու իր փորձերը չտապալվեն: Հավելենք միայն, որ մեր աղբյուրները չեն բացառում, որ հարուցված քրգործի մեղադրանքը առաջիկայում վերաորակավորվի ավելի մեղմ հոդվածով: Մեկ այլ տեղեկության համաձայն, Ս. Հակոբյանի շրջապատում գտնվել է մեկը, որը պատրաստակամություն է հայտնել դանակահարությունը «իր վրա վերցնել»:

Հիշեցնենք, որ նույն Ս. Հակոբյանի ավագ որդին՝ համայնքի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Անդրանիկ Հակոբյանն էլ տակավին հայտնաբերված չէ: Նա էլ արդեն քանի տարի գտնվում է փախուստի մեջ: Ու թեեւ նրա նկատմամբ հայրենի իրավապահները հետախուզում են հայտարարել ու «չեն գտնում», բայց նրան շատերն են քաղաքում զրահապատ «ջիփով» շրջելիս տեսնում: Մեր տեղեկություններով, նա նաեւ ռեստորաններ է այցելում, օրինակ՝ հաճախ լինում է «Բելաջիո» ռեստորանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել