Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՍ ՀՆԱԶԱՆԴՎԻ՝ ԿՊԱՏԺԵ՞Ն

Հունվար 23,2009 00:00

Հունվարի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանին, որը համառորեն եւ դատական մի քանի նիստերի ընթացքում չէր համաձայնել դատարանում կեղծ ցուցմունքներ տալ «Մարտի 1»-ի գործով անցնող քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի եւ Արման Շահինյանի դեմ: Նա հայտարարել էր, թե իր անունից այդ անձանց դեմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եղած ցուցմունքներն ինքը չի գրել, ինքը միայն դատարկ թղթերի տակ է ստորագրել: Հայ ազգային կոնգրեսը Կարեն Հայրապետյանին համարեց մեր երկրի 60-րդ քաղբանտարկյալը: Երեկ արդեն բանտում գտնվող Կ. Հայրապետյանին են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ասել է, թե զուտ իրավական տեսանկյունից դժվար է պարզել այն ցուցմունքները, որ Հայրապետյանին են վերագրվում, նա՞ է գրել, թե՞ ոչ, կամ դրանք ստացվել են օրինակա՞ն, թե՞ քննությանը խորթ մեթոդներով, բայց իրենք ավելի հակված են հավատալու զինծառայողի ասածներին, քան՝ քննիչին, որի իրավունքն ինքն ունի՝ ելնելով իրավապահ համակարգի, նաեւ քննիչների հետ իր ղեկավարած գրասենյակի հարաբերությունների փորձից: Նա նաեւ նկատել է, որ եթե Հայրապետյանը իսկապես ցուցմունք տված լիներ, ապա ինչո՞ւ նա դրանցից պիտի հրաժարվեր՝ դատապարտվելով ազատազրկման:

Կ. Հայրապետյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալից այդ ցուցմունքները կորզվել են քննությանը խորթ մեթոդներով՝ խաբեությամբ, եւ հավելել է, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել