Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի կանչում են «մշակելու»

Հունվար 23,2009 00:00

«Առավոտի» տեղեկություններով, վերջին մի քանի օրերին հայաստանյան իրավապահ համակարգը նորից սկսել է ՀՀ այլախոհ քաղաքացիների «մշակման»՝ իրեն հարազատ մեթոդները գործի դնել, այս անգամ ոչ թե հանրահավաքներին մասնակցելուց նրանց ետ պահելու, այլ «Յոթի» գործով դատական նիստերի օրերին դատարանի շենքի հարակից տարածքում այլեւս «չերեւալու» «հորդորով»: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունիի, Շենգավիթի, Արաբկիր-Զեյթունի, նաեւ Նոր Նորքի բաժինների աշխատակիցները առանց ծանուցագրի այցելում են դատավարության օրերին իրենց աչքով ընկած անձանց տները՝ մեկ կամ չորս-հինգ հոգով եւ «սիրալիր» տոնով հրավիրում ոստիկանության բաժին՝ պետի հետ զրուցելու: Այդպիսի դեպքերի զգալի մասը արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիայում, որտեղ ոստիկանության բաժին են հրավիրվում քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի բարեկամներն ու զինակից-ընկերները: Վերջիններս, որ նաեւ ձեռներեցներ են, առայժմ ձեռնպահ են մնում իրենց անունից հայտարարություն անելուց՝ իրավիճակը չլարելու հույսով, եւ կարծելով, թե ոստիկանությունը դրանով կսահմանափակվի: Մեր աղբյուրի ասելով, այս եւ այլ համայնքների ոստիկանության բաժիններ հրավիրվածներին շատ երկար չեն պահում՝ առավելագույնը մի 20 րոպե, թեեւ Նոր Նորքի ոստիկանություն հրավիրվածներից մեկին պահել են ամբողջ 4 ժամ: Հունվարի 21-ին ոստիկաններն այցելել են նաեւ ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանի տուն: Ինքն այդ պահին տանը չի եղել, բայց ընտանիքի անդամներին խնդրել են Աբրահամյանին փոխանցել, որ ներկայանա ոստիկանության պետին: Ոստիկանության հրավիրվածների թվում են նաեւ Ժիրայր եւ Վարդան անուններով մարդիկ, որոնց ազգանունները երեկ ճշտել չհաջողվեց: Այցելություն է եղել նաեւ արդեն հայտնի «հեղափոխական» Կլարա Խաչիկովնայի տուն:

Հետապնդումների սկսված նոր ալիքի առնչությամբ երեկ Հայ ազգային կոնգրեսն է հանդես եկել հայտարարությամբ: Փոխանցելով, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին ոստիկանության ապօրինի գործողությունների մասին, Կոնգրեսը նաեւ փաստել է, որ բացի «քաղբանտարկյալների դատական նիստերին մասնակցող, մասնավորապես «7-ի գործով» ընթացող դատավարությանը դատարանի շենքի մոտ հետեւող քաղաքացիներից», ոստիկանական բաժանմունքներ են հրավիրվում նաեւ տոնավաճառների՝ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող աշխատակիցները: Ոստիկանությունում, ըստ ՀԱԿ-ի հայտարարության, նրանց «բարեկամաբար խորհուրդ են տալիս հեռու մնալ» բողոքի ակցիաներից՝ «բացատրելով» պայքարի անհեռանկարայնությունն ու ակնարկելով անձի համար հնարավոր վնասը։

ՀԱԿ-ը դատապարտել է «վարչախմբի հրահանգած այս հերթական զանգվածային ապօրինությունը»՝ վստահեցնելով, թե՝ նա «սարսափում է զանգվածային ու կազմակերպված պայքարից, որի դեմ ստիպված է լինելու նահանջել»։ Միաժամանակ Կոնգրեսը քաղաքացիներին խնդրում է՝ առանց ծանուցագրի ոստիկանություն չներկայանալ, իսկ նման ծանուցագրերի կամ ոստիկանի կողմից պարտադրված նմանօրինակ զրույցի մասին տեղեկացնել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ՝ 52 09 74, կամ Կոնգրեսի իրավական խմբին՝ 54 05 11 հեռախոսահամարներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել