Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու ՆԺԿ նախագահը
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը ժամանակին նամակ էր գրել ՌԴ ՆԳՆ-ին՝ խնդրելով մանրամասներ տրամադրել «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի տեխնիկական հետազոտման մասին, որովհետեւ Հայաստանում չեն կարողանում նույնականացնել հատուկ միջոցը փամփուշտի հետ, արդեն ստացել է ռուսական կողմի պատասխանը: Թե ինչ կա այդ պատասխանում, որի մասին տեղեկացված է նաեւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, տակավին հայտնի չէ: Նա, ի պատասխան լրագրողների հարցին, միայն ասել է, թե այն կներկայացվի հանձնաժողովի առաջիկա նիստում: Ինչ վերաբերում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի միջոցով նույն հարցի առնչությամբ խորհրդարանական հանձնաժողովի կողմից ՌԴ ՆԳՆ-ին ուղարկած համանման բովանդակությամբ նամակի պատասխանին, ապա այն դեռ չի ստացվել: «Ա1+»-ի փոխանցմամբ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արդեն հինգերորդ օրը չի կարողանում, խոստացվածի համաձայն՝ ֆաքսով, ստանալ ՌԴ ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Սմիրնիի նամակը՝ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի եւ դրանց փամփուշտների համադրման հնարավորության մասին: Աղբյուրի մատուցմամբ, Նիկոյանը վստահեցնում է, թե անգամ հեռախոսով հնարավոր չէ ճշտել, թե ինչու է պատրաստի պատասխանը ուշանում: Ըստ Նիկոյանի՝ իրենց տրամադրության տակ գտնվող ՌԴ ՆԳ նախարարության հեռախոսահամարը արգելափակված է, եւ իրենք չեն կարողանում կապվել ռուսական կողմի հետ:
Հիշեցնենք, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ հենց այդ հատուկ միջոցի կիրառման արդյունքում էին մահացել ՀՀ երեք քաղաքացիները, սակայն դրա համար որեւէ ոստիկան, որոնց անունները հայտնի են, պատասխանատվության չի ենթարկվել, իբր, այն պատճառով, թե «հատուկ քննչականը» չի կարողանում պարզել, թե սպանության այդ դեպքերից յուրաքանչյուրը հատկապես ո՞ր զինծառայողի գործածած միջոցից է եղել:
«Ա1+»-ի տեղեկություններով, մեր երկրի իշխանության ամենաբարձր մակարդակով փորձ է արվում ամեն գնով ու տարբեր մեթոդներով «խոչընդոտել», որ հանձնաժողովն այդ պատասխանը ստանա: Այդ նպատակով նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան սպաներ են գործուղվել «մոսկվաներ»: Հենց այս խնդիրը գլուխ բերելու կամ դրա շուրջ բանակցություններ վարելու հետ է կապվում նաեւ հունվարի 19-ի երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, այդ օրը, երեկոյան, Սերժ Սարգսյանը Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա-Ֆերրերո Վալդների հետ ճաշկերույթից հետո հանդիպել է Ա. Կարապետյանին: Վերջինս, թեեւ հաստատում է այդ օրը հիշյալ հյուրանոցում իր եւ այդ ժամանակահատվածում նաեւ Ս. Սարգսյանի լինելու փաստը, բայց ժխտում է նրա հետ հանդիպման մասին տեղեկությունը՝ որպես ալիբի վկայակոչելով ընդդիմադիր մամուլի երկու լրագրողների հետ այդ վայրում ու այդ ընթացքում ժամադրված լինելու հանգամանքը: Այդ լրագրողներից մեկն «Առավոտին» ասաց, թե ժամադրությունը եղել է հե՛նց Ա. Կարապետյանի նախաձեռնությամբ՝ պարզապես զրուցելու նպատակով, մյուսը հիշեց, որ ՆԺԿ նախագահը ակնհայտորեն անհանգստացած է եղել իր՝ հյուրանոցում երկար մնալու հանգամանքից: Լրագրողի տպավորությամբ, Ա. Կարապետյանը «երեւի ինչ-որ մեկին էր սպասում, որովհետեւ անհանգիստ շարժումներ էր անում»: Ի վերջո, տեսնելով, որ լրագրողի հետ զրույցը երկարում է, Ա. Կարապետյանը նրան ուղղակի «ցրել» էր, եւ ինքը մնացել էր հյուրանոցում:
Այդուհանդերձ, մեր աղբյուրը նաեւ այս հանդիպման երկրորդ վարկածն առաջ քաշեց. ըստ այդմ, երկրի եւ կուսակցության նախագահները կարող էին քննարկել նաեւ Ա. Կարապետյանի՝ ընդդիմության դաշտում առավել «արմատական» կեցվածք որդեգրելու եւ ընդդիմության դրոշակն իր ձեռքը վերցնելու հեռանկարին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ այս վերջին վարկածի շուրջ տեղեկությունները արդեն վաղուց են շրջանառվում: