Ըստ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի՝ մեր երկրում ստեղծված իրավիճակի պատճառը նախ գավառամտությունն ու տգիտությունն է:
– Ամենաչարչրկված հարցից սկսեմ. Ձեր կարծիքով՝ մեր երկիրը կզրկվի՞ ձայնի իրավունքից:
– ԵԽԽՎ պատժամիջոցների մասին խոսում են բոլորը, բացի նրանցից, ովքեր պիտի խոսեն: Խոսում են մարդիկ, ովքեր երբեք որեւէ պատկերացում չեն ունեցել եւ իրենց չի էլ սպառնում առաջիկայում պատկերացումներ ունենալ ԵԽ-ի մասին, ինչը ինչպես է արվում, ինչ պայմաններում, երբ եւ այլն: Սա վկայում է անլուրջ վերաբերմունքի մասին: Ցավալի է, որ քննարկվում է սոսկ այդ պարզագույն հարցը՝ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից, թե ոչ: Այն հանգամանքը, որ նման հարց է քննարկվում, պիտի ահազանգ լիներ, որ բոլորը՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը լրջորեն քննարկեին խնդիրները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Հայաստանը երբեք նման իրավիճակում չի հայտնվել: Ավելի հաճախ հնչող արդարացումն է՝ իսկ ինչո՞ւ Ադրբեջանին չեն զրկում: Ի դեպ, Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո նման հարց Ստրասբուրգում քննարկվել է, ու թեեւ պատվիրակությունն ի վերջո չզրկվեց ձայնի իրավունքից, սակայն նվաստացումը լիակատար էր: Մեզ պատիվ չի բերում համեմատությունն Ադրբեջանի հետ: Մի մոռացեք, որ մեր երկիրն անցած տարիներին միշտ որակապես ավելի լավ դիրքեր է ունեցել ԵԽԽՎ-ում, քան՝ այժմ: Այսօր մեծապես վտանգված է մեր երկրի վարկը, ահա թե ինչը պետք է մտահոգի բոլորին: Բանաձեւի նախագիծը՝ ձայնից զրկելու դրույթով, նշանակում է համապատասխան վերաբերմունք երկրի նկատմամբ: Դա կարող է անդրադառնալ բոլոր ուղղությունների վրա՝ տնտեսականից մինչեւ քաղաքական: Ավելորդ է մանրամասնել, թե ինչ ցավալի հետեւանքներ կունենա այս իրավիճակը, որոնք վերացնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Ցավալին այն է, որ սխալներ են անում քաղաքական գործիչները, բայց պատժվում է պետությունը:
– Դուք ասում եք՝ Հայաստանում նման իրավիճակ չի եղել, մի՞թե գրեթե նույնը չէր 2003-2004-ին, միակ լուրջ տարբերությունն այն էր, որ այդ ժամանակ զոհեր չեղան:
– Ամենաէական տարբերությունն այն էր, որ այն ժամանակ՝ 2004-ի ապրիլի 12-ի դեպքերից հետո հնարավոր եղավ շատ արագ ճիշտ գնահատել իրավիճակը եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ իրավիճակից երկիրը դուրս գա: 2004-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ն ոչ թե ձայնից զրկելու վերաբերյալ բանաձեւ էր քննարկում, այլ՝ իրավիճակի զգալի բարելավման: Համեմատեք ժամկետները, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Ինձ համար գոնե ակնհայտ է, որ մարտի 1-2-ի դեպքերից հետո կարելի էր շատ ավելի վճռական քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:
– Ժամանակին, երբ դուք ԱԺ նախագահ էիք եւ խորհրդարանը որոշում կայացրեց հանձնել իր գործընկերներին, ի՞նչ հույսով էիք այդ քայլին գնում:
– ԱԺ-ն չի «հանձնել» պատգամավորներին: Ես կտրականապես դեմ եմ նման ձեւակերպմանը: Ամեն ինչ պետք է գնահատել իր ժամանակի ենթատեքստում: Համոզված եմ, երբեք չպետք է մոռանալ այն իրավիճակը, որում տեղի էր ունենում ԱԺ նիստը: Տեղի էր ունեցել աննախադեպ, ողբերգական իրադարձություն, եւ անհրաժեշտ էր տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Եկել էր գլխավոր դատախազը եւ ասում էր, որ բացահայտումներ անելու համար անհրաժեշտ է այդ պատգամավորների համար որպես խափանման միջոց ընտրել կալանքը: ԱԺ-ն կանգնած էր երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է համաձայներ, կա՛մ էլ այսօր կդառնար անպատասխան մնացած բոլոր հարցերի համար ներկայացվող մեղադրանքների հասցեատերը: Եվս մեկ հանգամանք: ԱԺ-ն դատարան չի՝ ԱԺ-ն պատգամավորներին մեղադրանք չի ներկայացրել եւ չի դատապարտել: ԱԺ-ն չէր ասում՝ տարեք մեր գործընկերներին եւ ինչքան ուզում եք՝ պահեք: ԱԺ-ն ասում էր՝ լավ, եթե այս պահին դա է անհրաժեշտ՝ բացահայտելու համար, թե ինչ է կատարվել, ովքեր են մեղավորները, մենք տալիս ենք մեր համաձայնությունը: Ցավոք, տարբեր սադրանքներ են կատարվում՝ դեպի ԱԺ ուղղորդելու կուտակվող բացասական վերաբերմունքը: Սա արդարացի չէ: Համապատասխան մարմինները պետք է պատասխան տան մնացած հարցերին:
– Այո, բայց երբ ժամանակը չափազանց ձգվեց, նույն ԱԺ-ն որեւէ վերաբերմունք չդրսեւորեց…
– Ցավոք սրտի, մի քանի ամիս հետո արձակուրդ էր, իսկ դրանից հետո՝ սեպտեմբերին, երբ փորձ եղավ, որ խնդրին ԱԺ-ն նորից անդրադառնա, ինքս կողմ եմ քվեարկել, բայց մեծամասնությունն այլ բան որոշեց: Եթե կային լուրջ հիմնավորումներ կալանավորված պատգամավորներին մեղադրելու համար, ոչ ոք չէր խանգարում, որ դրանք բերվեին ԱԺ, քննարկվեին, եւ պատգամավորներին ու հասարակությանը համոզեին, որ կան լուրջ պատճառներ եւ պիտի շարունակվի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց: Այդ շրջանում լուրջ դժվարություններ էին առաջանում անգամ ամենաակնհայտ լուծումների համար: Երբ մարտի 17-ին փոխվում էր «Հանրահավաքներ»-ի մասին օրենքը, զգուշացնում էի, որ կան դրույթներ, որոնք խաթարում են օրենքը, եւ նորից ստիպված ենք լինելու այն փոխել: Երեւան եմ հրավիրել փորձագետների, արդյունքում մշակվել է նոր նախագիծ, ուղարկվել է փորձաքննության, ստացվել է լիակատար դրական կարծիք, մայիսին այն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Մայիսի վերջին, երբ Ստրասբուրգում էի՝ մասնակցում էի ԵԽ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովին, նամակ էր ուղարկվել ԵԽ գլխավոր քարտուղարին, որ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու է աշնանը: Երբ վերադարձա, ինձ էլ առաջարկվեց նման նամակ ուղարկել ԵԽԽՎ նախագահին: Ես չուղարկեցի, որովհետեւ անհեթեթ էր նման իրավիճակում հետաձգել օրենքի փոփոխությունը: Հունիսի սկզբին օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցումով: Մեկ օրինակ բերեցի՝ ցույց տալու համար, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք գուցե եւ առաջին հայացքից ամենազգայունները չեն, բայց դրանց լուծումները եւս հեշտ չեն տրվել:
Հարցազրույցի ավարտը՝ վաղվա համարում