Մեթյու Բրայզայի հայտարարության վերաբերյալ ասում է Վահրամ Աթանեսյանը
«Գոյություն ունի իրական հնարավորություն, որ կողմերն այս տարվա ամռանը՝ հունիսին, ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիրը»,- տարածաշրջան կատարած վերջին այցից հետո հայտարարել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ հավելելով, որ դա կախված կլինի նրանից՝ արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գտել են կամ կարո՞ղ են գտնել փոխըմբռնումը զարգացնելու ուղին եւ դա վերածել կոնկրետ քայլերի: Նա հույս էր հայտնել, որ դա կլինի, քանի որ Բաքվում համանախագահները բավական դրական պատասխան են ստացել: Նաեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին պատգամել էր՝ վստահել նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին, քանի որ վերջիններս, ըստ Բրայզայի, առաջնորդվում են իրենց ազգային շահերով: «Այս տարիների ընթացքում ամերիկացի համանախագահն այնքան արտառոց հայտարարություններ է արել,… երեւի հերթական բարի ցանկությունն է, մանավանդ որ՝ ինքը, հավանաբար, ավարտում է իր դիվանագիտական ծառայությունը: Չեմ կարծում, թե դա երեք համանախագահ երկրների ընդհանուր տեսակետն է»,- «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Մեթյու Բրայզայի վերոնշյալ հայտարարությունը՝ ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը: Դիտարկմանը՝ լուրջ չե՞ք վերաբերվում այս հայտարարությանը, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Չէի ասի, թե լուրջ չեմ վերաբերվում, պարզապես չեմ կարծում, որ դա համանախագահների միասնական տեսակետն է»:
ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ Արցախի խորհրդարանականների՝ անցած տարեվերջին տարածած հայտարարությունը նախկինում ԼՂՀ նախագահի օգնական Մանվել Սարգսյանը որակել էր պրոպագանդիստական քայլ՝ չվստահելով խորհրդարանականների անկեղծությանը: Անդրադառնալով Մանվել Սարգսյանի տեսակետին՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Պարոն Մանվել Սարգսյանը Հայաստանի որոշակի շրջանակների շահերը սպասարկող էքսցենտրիկ վերլուծաբան է: Ի՞նչ է նշանակում՝ հարկ եղած դեպքում այդ քաղաքական ուժերը չեն պաշտպանի հայտարարությունը: Դա ղարաբաղյան քաղաքական ուժերի վերաբերմունքն է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի նկատմամբ: Եվ նորություն չէ. դեռեւս մայիս ամսին ասել էինք, որ սկսել ենք քննարկումների մի գործընթաց, որը կամփոփենք տարեվերջին: Մանվել Սարգսյանը կուզենար, որ մենք այդ հայտարարությունը չընդունեինք, որպեսզի առիթ ունենար ասելու, որ ԼՂՀ խորհրդարանը եւ քաղաքական ուժերն անտարբեր են հարցի կարգավորման գործընթացի նկատմամբ: Իրեն եւ իր շրջանակի քաղաքական գործիչներին զրկել ենք չարախնդալու առիթից, ուստի այլ բան չի մնում, քան ասել, որ իր կարծիքով՝ փաստաթուղթը ստորագրողներն անկեղծ, վճռական չեն»: Ապա հավաստիացրեց. «Այդ փաստաթուղթը ստորագրող քաղաքական ուժերը վճռական են, եւ դա ամփոփ, միասնական տեսակետ է՝ հասցեագրված միջազգային հանրությանը»:
Քանի որ անընդհատ խոսվում է ԼՂՀ-ի՝ կրկին բանակցային կողմ դառնալու անհրաժեշտության մասին, Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է փոխվելու Արցախի բանակցային կողմ դառնալով, քանի որ ի սկզբանե Արցախը բանակցային կողմ էր՝ հարցը հանգուցալուծում չստացավ, Արցախը դուրս մղվեց բանակցություններից՝ հարցը դարձյալ առկախ է: Ի՞նչ տարբերություն նրանից, թե հարցի լուծումը օդից կախ կմնա Արցախի՞ մասնակցությամբ, թե՞ առանց Արցախի: «Ես կարծում եմ, ճիշտ կլիներ հարցն ուղղել Արցախի գործադիր իշխանությանը, քանի որ եթե ԼՂՀ-ն մասնակցում է բանակցություններին՝ բանակցողը լինելու է գործադիր իշխանության ներկայացուցիչը. ի՞նչ է ներկայացնելու ԼՂՀ-ն բանակցություններում: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ բանակցություններին մասնակցելու ԼՂՀ-ի ցանկությունն ինքնանպատակ չէ: Համանախագահ երկրները ԼՂՀ-ի բանակցային կողմ դառնալու ցանկությունը պետք է ընկալեն որպես պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն՝ պաշտպանելով ազգային շահը»: Իսկ Ղարաբաղի «ազգային շահ»-ը, ըստ պարոն Աթանեսյանի, հստակ ներկայացված է հիշյալ հայտարարության մեջ՝ «Դա ԼՂՀ-ի փաստացի անկախության միջազգային ճանաչումն է՝ մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անվտանգության ազգային համակարգի գերակայության պահպանմամբ»: