Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԲԻՆԱ՞ՏՆ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Հունվար 22,2009 00:00

Կապանի լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան, նախորդ տարեվերջին, ամփոփելով անցնող տարին, հերքեց այն տեղեկատվությունը, որ «Դանդի Փրեշզ Մեթալզին» պատկանող «Դինո Գոլդ Մայնինգի» ֆինանսական վիճակը բարվոք չէ ու պատրաստվում է վաճառել այն. «Ես, որպես ընկերության գլխավոր տնօրեն, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Եթե այդպիսի բան լիներ, առաջինը ես կիմանայի»: Նշենք, որ ներկայումս ֆաբրիկան ու հանքը չեն աշխատում եւ հանքանյութ չի արտահանվում, ինչի հետեւանքով էլ կոմբինատի աշխատակիցների 60%-ը հարկադիր պարապուրդի մեջ է: Օրերս Կապանում գործարանի տնօրենն այս ամենը մեկնաբանել է այսպես. «Պարզապես, աշխատակիցները զբաղված են կոմբինատի բարելավման աշխատանքներով, այսինքն՝ դասընթաց-վարժանքներ են կազմակերպվում, կատարվում են բարեկարգման աշխատանքներ»: Ըստ Ռոբերտ Ֆալետայի՝ հարկադիր պարապուրդի ուղարկվածները կաշխատեն փոխարինաբար: Այսինքն՝ եթե նույն մասնագիտությունն ունեցող 2 աշխատակիցներից մեկը մեկ ամսով ուղարկվել է հարկադիր պարապուրդի, իսկ նրա գործընկերն աշխատում է, հաջորդ ամիսը նա է գնալու հարկադիր պարապուրդի, իսկ մյուսը կվերադառնա աշխատանքի:

Ընկերության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի 3 ամիս հետո. «Ճշմարտությունն այն է, որ ոչ մեկը չի կարող ասել, ինչ է լինելու եկող տարի: Ու եթե աշխարհի տնտեսական իրավիճակը չփոխվի՝ հնարավոր է ձեռնարկության վերագործարկումը ուշանա: Բայց մենք ունենք այդ ուղղությամբ ծրագրեր ու աշխատում ենք»:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Ագարակի պղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով սպասվող կրճատումների դեմ: Կառավարության անդամների հետ բանակցելով՝ սեփականատերերը համաձայնեցին 3 ամսով կրճատումներ չանել: Փետրվարին լրանում է այդ ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել