Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատի «Cօrus 2009» միջազգային գերմրցաշարը:
Ուժեղագույնների «A» խմբի չորրորդ տուրն առանձնացավ 14 մասնակիցների խաղաղասիրությամբ: Բոլոր յոթ պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Ընդ որում, Լեւոն Արոնյանը սեւերով միավորը բաժանեց վերջին տարիներին իր մշտական մրցակցի՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարային աղյուսակում դիրքերի վերադասավորություն տեղի չունեցավ: Պարզապես, գրոսմայստերներն իրենց վաստակած միավորների քանակն ավելացրին կեսով:
Երեկ «Corus»-ում հանգստյան օր էր, իսկ այսօր հինգերորդ տուրի օրն է: Մեզ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Արոնյան-Մովսիսյան դիմակայությունը, նախ այն պատճառով, որ խաղատախտակի հակառակ կողմերին նստելու են մեր երկու հայրենակիցները, ապա՝ որ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը՝ Ռաջաբովի, Կամսկու, Սմիթսի, Կարյակինի հետ միասին 2,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Լեւոնը՝ Ստելվագենի, Կարլսենի եւ Դոմինգեսի ընկերակցությամբ առաջատարների հնգյակից ետ է մնում ընդամենը կես միավորով: