Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անմեղության կանխավարկածը»

Հունվար 22,2009 00:00

Սկեսուրների «գործը» դժվարացել է, նրանք չեն կարողանում հաստատ իմանալ՝ հարսի կուսությունը բնակա՞ն է, թե՞ ոչ:

Հատկապես 17-20 տարեկան աղջիկների շրջանում հաճախ է շոշափվում սեքսի թեման, եւ հենց այդ տարիքում է հավանականությունը մեծ, որ նրանք իրենց հետաքրքրությունը բավարարելու համար անցնեն իրական քայլերի: Թեեւ վերջին մի քանի տարում Հայաստանում շատ բան է փոխվել, երիտասարդներն ավելի ազատամիտ են դարձել, սակայն մի հարցում «հեղաշրջումն» այնքան էլ ակներեւ չէ՝ սկեսրոջ տուն մտնելիս հարսը պիտի «անարատ» լինի: Բայց սա չի ենթադրում, որ ամեն ինչ սառեցված վիճակում է, եւ հիշատակված հարցի նկատմամբ վերաբերմունքն ընդհանրապես չի փոխվել: Մի շարք չհրապարակված սոցհարցումներն ու ուսումնասիրությունները վկայում են, որ հայ աղջիկներն իրենց կուսությունը կորցնում են 20-22 տարեկանում, նրանցից ոմանք էլ «արդարացել են» են, որ «անմեղությունից» զրկվել են ապագա ամուսինների հետ: Պատկերն այլ է տղաների դեպքում, միջինացված հաշվարկներով, նրանք առաջին անգամ կնոջ հետ կենակցում են 16-17 տարեկան հասակում: Դժվար է հավատալ այս թեմաներով հարցումներին, քանի որ քչերը համարձակություն կունենան հաղթահարել տաբուն եւ սեռական հարաբերություն ունենալու ճշգրիտ տարիք նշել: Մինչդեռ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մեր երկրում 15-19 տարեկան յուրաքանչյուր 1000 աղջկա տարեկան բաժին է հասնում հղիության արհեստական ընդհատման 3-4 դեպք: Ժամանակակից բժշկությունը նմանատիպ աղջնակների մասին նույնպես հոգացել է՝ վիրաբուժական ճանապարհով վերականգնելով կուսաթաղանթը: Թեեւ վիճակագրական տվյալներ չկան, թե Հայաստանում կուսաթաղանթը վերականգնելու համար քանի կին է դիմել բժշկական միջամտության, սակայն բժիշկները հավաստիացնում են, որ այս երեւույթն արդեն շատ տարածված է ու սովորական բնույթ է կրում:

Փաստորեն, զգալի չափով հայ ընտանիքներում դեռեւս պահպանված՝ նորապսակների սավանի վրա արյան հետքեր փնտրելու սովորույթն արդեն կորցրել է իր ուժը, քանի որ դա խաբուսիկ է, եւ սկեսուրներն, այնուամենայնիվ, չեն կարող իմանալ՝ հարսի կուսությունը բնակա՞ն էր, թե՞ արհեստական: Մյուս կողմից, դժվարին իրավիճակում են հայտնվել իսկապես «անմեղները»: Սեռական կյանքի ազատության նոր մոտեցումներ որդեգրած երիտասարդ տղաները դժվար կհավատան, ասենք, 25 տարեկան աղջկա այն երդումներին, թե իր ապրած կյանքի ընթացքում ոչ մի տղա մատով անգամ չի դիպչել իրեն եւ կուսությունն էլ պահել է ապագա ամուսնու համար:

«Առավոտը» զրուցեց 27-ամյա Անիի հետ (անունը փոխված է), որը 22 տարեկանում «խաբվել» էր, սակայն մեկ ամիս անց հանդիպել էր 25 տարեկան մի տղայի, որն էլ, հավատալով աղջկա խաբված լինելու հանգամանքին, այնուամենայնիվ՝ սիրել ու ամուսնացել էր նրա հետ: «Ամուսնական առաջին գիշերից հետո սկեսուրս ինձնից պահանջեց անմեղության ապացույցներ, իրավիճակը փրկեց ամուսինս, մորն ասելով, թե ինքն է եղել իմ առաջին տղամարդը, պարզապես դա արել է մինչեւ ամուսնանալը, բարեբախտաբար, սկեսուրս հավատաց, թեեւ մի քանի օր ինձ այլ աչքով էր նայում: Ամուսնուս հետ խաղաղ ապրել եմ ընդամենը մի քանի ամիս, որից հետո սկսվեցին մեր կյանքի քաոսային օրերը: Նա սկսեց իրեն տալ խմիչքի ու գրեթե ամեն օր հարբած էր տուն գալիս: Անկողնում ինձ վերաբերվում էր որպես մարմնավաճառի, այսինքն՝ ուզածի պես օգտագործում էր ինձ եւ ստիպում էր անել բաներ, որոնք իմ սրտով չէին: Հետո ամուսինս սկսեց ինձ երեսով տալ, ասելով, որ պիտի գոհ լինեմ ինձ տան կին դարձնելու համար… Նա մեկ տարվա մեջ իրեն լրիվ կորցրեց, օրերով տուն չէր գալիս ու միշտ ընկճված էր… Ամեն կերպ խուսափում էր ինձ հետ հասարակական վայրերում հայտնվելուց, նույնիսկ իր քրոջ տուն չէինք գնում: Հասկացա, որ այս ամենի պատճառը ես եմ, եւ նա ամենեւին էլ չէր հաշտվել այն մտքի հետ, որ ինքը չի եղել իմ առաջին տղամարդը: Ամուսնուս կյանքը չխորտակելու համար կամովին բաժանվեցի, քանի որ արդեն անհնար էր մեր համատեղ կյանքը»,- պատմում է Անին:

Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ երկրորդ անգամ այլեւս չի ամուսնանա, քանի որ վախենում է երկրորդ անգամ էլ հայտնվել նմանատիպ նվաստացուցիչ իրավիճակում:

Ի դեպ, ըստ վիճակագրության, աշխարհում ամուսնալուծված տղամարդկանց եւ կանանց մոտ 75%-ը կրկին ամուսնանում է, բայց այդ ամուսնությունների կեսից ավելին նորից «վախճան» է ունենում: Ընդ որում, երկրորդ անգամ ամուսնացողների համատեղ կյանքն ավելի շուտ է ավարտվում, քան առաջինի դեպքում: Մեզ մոտ իրավիճակը հակառակն է: Ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է, սակայն չի ավելանում երկրորդ եւ ավելի անգամ ամուսնացողների թիվը: Մոտավոր հաշվարկներով, կանանց 30%-ը երկրորդ անգամ է ամուսնանում, իսկ տղամարդկանց՝ մոտ 55%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել