Երեկ Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը
Վերջին տարիներին գեղասահքի պաշտոնական առաջնություններում եւ միջազգային մրցումներում մեր հանրապետությունը հիմնականում ներկայացնում էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը: Սակայն նրանք, ինչպես «Առավոտը» տեղեկացրել է ժամանակին, հրաժեշտ են տվել մեծ սպորտին: Գլխավոր պատճառները երկուսն են եղել. նախ՝ Նաստյան անցած տարի վնասվածք էր ստացել, երկրորդ՝ նրանց այդպիսի որոշում կայացնել «հուշել» է տարիքը: Վազգենն արդեն 32 տարեկան է, Նաստյան այս տարի դառնում է 30 տարեկան: Բայց նրանք Մոսկվայում զբաղվում են մարզչությամբ, միեւնույն ժամանակ՝ հանդես գալիս տարբեր սառցաշոուներում:
Ֆինլանդիայում Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալու երկու մենասահորդ՝ Գեղամ Վարդանյանը եւ Անի Վարդանյանը: Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե Հելսինկիում տեսնելու ենք նաեւ Սարգիս Հայրապետյանին ու Արմինե Ստամբուլցյանին, սակայն հանրապետության գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ ճշտեց. «Դա սխալ տեղեկատվություն է: Սարգիսն ու Արմինեն Եվրոպա չեն մեկնել: Նրանք պատրաստվում են փետրվարի վերջին Սոֆիայում մեկնարկող աշխարհի պատանեկան առաջնությանը: Իսկ Սարգիսը մինչ այդ հանդես է գալու նաեւ փետրվարի կեսերին Լեհաստանում անցկացվելիք «Օլիմպիական օրեր» երիտասարդական փառատոնում»:
Սամվել Խաչատրյանը նաեւ նշեց, որ Եվրոպայի առաջնություններում առանձին մարզաձեւերից երկրորդ մասնակիցն ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի նախորդում տվյալ երկրի ներկայացուցիչը տեղ զբաղեցրած լինի լավագույն տասնյակում, ինչն իրատեսական է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ գեղասահքի բարձրակարգ դպրոցներ ունեցող այլ երկրների դեպքում:
Նրանց հետ մրցակցության պայմաններում մեզ համար առայժմ եւ մոտ ապագայում դա երազանք կլինի:
Մեր անգամ լավագույն գեղասահորդները տարիներ շարունակ հարկադրված են եղել մարզվել Շենգավիթի մարզադպրոցի՝ հանրապետությունում միակ սահադաշտում, որն իր չափերով եւ սառցի որակով հեռու է ժամանակակից պահանջներից: Բարեբախտաբար, Երեւանում վերաբացվեց Մարզահամերգային համալիրը, որը գեղասահքի զարգացման նոր խթան կհանդիսանա: Իսկ մինչ այդ, ինչպես տեղեկացրեց Ս. Խաչատրյանը, Գեղամի ու Անիի համար Եվրոպայի առաջնությունից առաջ ՀԱՕԿ-ի ծրագրով մեկ ամիս Ռիգայում մարզվելու հնարավորություն է ստեղծվել:
Երեկ Հելսինկիում պայքարի մեջ ներգրավվեցին մենասահորդները, որոնք մրցելու էին կարճ ծրագրում: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի պատանեկան առաջնությունների մասնակից Գեղամ Վարդանյանը, որը ստացավ ընդամենը 31,37 միավոր՝ ցույց տալով մասնակիցների շարքում վատագույն արդյունքը: Իսկ Անիի հերթը կհասնի վաղը: