Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում՝ փողոցում բրեյք-դանս չեն պարում

Հունվար 22,2009 00:00

\"\"Ըստ հայ բրեյքերի՝ իրենց սխալ կհասկանան

Բրեյք-դանս կամ կոտրատվող պար: Սա պարային այն ուղղությունն է, որը մասնագետները կոչում են սպորտաձեւերի մեջ ամենապարայինը, պարային ուղղություններից՝ ամենասպորտայինը: Բրեյք-դանսն առաջացել է 1970-ականներին՝ Նյու Յորքի Բրոնքս կոչվող փողոցում, որը գտնվում է սեւամորթների թաղամասում: Այստեղ ժամանակին անընդհատ ավազակային կռիվներ էին լինում սեւամորթների եւ սպիտակամորթների միջեւ, որոնք ավարտվում էին արյունահեղություններով: Ժամանակի ընթացքում պայքարող երկու կողմերը որոշել են իրենց «հաշիվները մաքրել» ոչ թե արյան, այլ պարի՝ բրեյք- դանսի միջոցով: Պարում էին հենց փողոցում եւ հաղթանակն այն կողմինն էր, որը պարի մեջ ավելի հմուտ էր: Եթե Ամերիկայում բրեյք-դանսը «պայքարի պար» էր, ապա 1980-ականներին, երբ այն Կարո Կիրակոսյանի ջանքերով ներթափանցեց խորհրդային Հայաստան, դարձավ ինչ-որ իմաստով արգելված պար՝ այն ժամանակվա գաղափարախոսությանը հակասող: 1990-ականներին բրեյք-դանսի զարգացումը Հայաստանում «սառեց» եւ իր գործունեությունը վերսկսեց միայն 2000-ից: Ներկայումս այս յուրահատուկ պարային ուղղության հետեւորդների թիվը Հայաստանում անցնում է 80-ից: Այժմ մեր երկրում բրեյք-դանսի երկու պարային խումբ է գործում: «Առավոտը» զրուցեց դրանցից մեկի՝ «Ալեքս ստուդիոյի» ղեկավար Գարիկ Ալեքսանյանի հետ: Զրուցակիցս նշեց, որ բրեյքով ճիշտ է զբաղվել 8-10 տարեկանից, 18 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում. «Լավ պարելու համար պետք է շատ եւ մշտապես պարապել, քանի որ շարժումները հիմնականում հենված են ճկունության եւ ուժի վրա»:

Նկատենք, որ բրեյք-դանսում հաջողությունները պայմանավորված են նաեւ կազմվածքով: Պատահական չէ, որ այս պարային ուղղության ասպարեզում հաջողությունների թվով առաջին տեղում է Կորեան, իսկ 2008-ի բրեյք-դանսի «արքա» են ռուսները: «Առավոտի» հետ զրույցում Գ. Ալեքսանյանն ասաց. «Գոյություն ունեն վերեւի եւ ներքեւի բրեյք-դանս ուղղություններ՝ համապատասխան ենթաուղղություններով, ինչպիսիք են փոփ-լոքինգը, քինգ-թադը, էլեկտրիկ-բուգին…»:

Քանի որ բրեյք-դանս ասելով հաճախ հասկանում են գլխի վրա պտույտներ, Գ. Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ ուրիշ ի՞նչ էքստրեմալ շարժումներ գոյություն ունեն այս պարաձեւում: Հայաստանցի «բրեյքեր» (բիգ բոյ, բրեյքեր բոյ՝ հաջողված բրեյքերներին այսպես են կոչում – Տ. Հ.) զրուցակիցս պատասխանեց. «Ամենադժվար շարժումներից է «աերոթվիսթը», այսինքն՝ պարողը ձեռքի վրա հենված 360 աստիճանի պտույտներ է գործում՝ ձեռքերը հերթով փոխելով: Մյուսը «հեդսփին» է՝ պտույտը գլխի վրա, իսկ «բեյլի միլսի» դեպքում էլ բրեյքերը ձեռքերն ու ոտքերը կծկած վիճակում պոկվում է գետնից, օդում պտույտներ գործում եւ վերադառնում նույն դիրքին՝ մեջքի վրա»:

Մեր տեղեկություններով, բրեյք-դանսով զբաղվողները որոշակի առողջական խնդիրներ են ունենում: Օրինակ՝ անընդհատ գլխի վրա պարելուց մազաթափություն է սկսում, վնասվածքներ առաջանում: Գ. Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են խուսափում նման վտանգներից: «Մեր գլուխները սովորական մարդկանց գլխի պես չեն, – ծիծաղով պատասխանեց զրուցակիցս եւ շարունակեց:- Գոյություն ունեն տարբեր մարմնամասերի համար նախատեսված հատուկ պաշտպանիչ հարմարանքներ, որոնք թույլ չեն տալիս, որ շատ լուրջ վնասվածքներ առաջանան: Սակայն դրանք երբեմն անխուսափելի են: Դրա համար էլ բրեյք-դանս պարողների համար ամենակարեւոր նախապայմանը հարթ հատակն է»:

Հարցրինք՝ Երեւանում կա՞ հատուկ փողոց, որտեղ իրենց պարն են ցուցադրում հայ բրեյքերները: Գ. Ալեքսանյանը պատասխանեց. «Մեր պարի ստուդիան գտնվում է Ալավերդյան փողոցում: Սակայն Հայաստանում փողոցում պարելու նախադեպ չկա: Եթե մեկը փողոցում անգամ ձեռքը գետնին հպի, ապա հետեւից ավել-պակաս կխոսեն՝ ասելով, թե ինչ է փողոցներում թավալ գալիս: Քիչ մարդիկ կհասկանան, որ տվյալ անձնավորությունը սիրում է այդ պարաձեւը եւ նրա համար կապ չունի, թե ինքը որտեղ է գտնվում»: Գ. Ալեքսանյանը նաեւ մտահոգված է, որ բրեյք-դանսով հետաքրքրվողները հաճախ լուրջ մոտեցում չեն ցուցաբերում. «Նրանցից շատերը գալիս են մի շարժում սովորելու համար, որ դիսկոտեկներում իրենց ցուցադրեն»: Հետաքրքրվեցինք՝ ի՞ր համար բրեյք-դանսն ինչ է: Նա պատասխանեց. «Այն իմ անբաժանելի մասնիկն է: Մինչեւ այս պարաձեւով զբաղվելը՝ պարել եմ դասական, ժողովրդական եւ այլ պարեր, սակայն բրեյք-դանսը ինձ ձգեց հիմնականում այն պատճառով, քանի որ շրջանակների մեջ չէ, ունի ազատություն, ինչը թույլ է տալիս սեփական ներքին ուժն արտահայտել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել