Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ

Հունվար 22,2009 00:00

\"\"Ըստ կանադահայ Վաղարշ Էհրամճյանի, հարկավոր է ավելացնել հայեցի կրթություն ապահովող վարժարանների ու մասնագետների թիվը:

Հայրենիքում է մեր կանադահայ հայրենակից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀՅԴ ներկայացուցիչ Վաղարշ Էհրամճյանը: «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց կանադահայ գաղութի առանձնահատկությունները եւ այն խնդիրները, որոնց վրա ակնկալում է ՀՀ Սփյուռքի նախարարության ուշադրությունը: Պարոն Էհրամճյանը հայտնեց, որ Կանադայում ներկայումս բնակվում է 70-80 հազար հայ, նրանք հիմնականում կենտրոնացած են Քվեբեկ, Օնտարիո, Բրիտիշ Կոլումբիա նահանգներում: Մեր զրուցակիցն ասում է, որ գաղութն ավելի հին է, բայց որպես կազմակերպված միավոր, 50 տարի է՝ ինչ գործում է: Այն հիմնականում հայախոս է՝ շնորհիվ տեղի վարժարանների: 3 կրթական հաստատություն կա Քվեբեկում, 2-ը՝ Օնտարիոյում, կան նաեւ մի քանի մեկօրյա վարժարաններ: Ընդհանուր առմամբ, դրանք 3000 աշակերտ ունեն:

Վ. Էհրամճյանը փաստեց, որ Կանադայում Հայ առաքելական եկեղեցին ներկայանում է Էջմիածնական եւ Կիլիկյան «ճյուղերով», երբեմն լինում են ինչ-ինչ տարաձայնություններ՝ դրանով պայմանավորված, սակայն, հարթվում են. «Ժամանակի ընթացքում թեմական հարցը կլուծվի, որովհետեւ զանազանությունը միայն վարչական է՝ նույն եկեղեցին է, նույն աղոթքը: Թեմերի պատասխանատուները իրար հետ գործակցում են, որպեսզի ժողովուրդը չզգա այդ տարբերությունը»:

Կանադայում տպագրվում է 2 շաբաթաթերթ՝ «Հորիզոն» եւ «Ապագա»: Առաջինը ՀՅԴ պարբերականն է, երկրորդը՝ ՌԱԿ-ի եւ «Թեքեյան» մշակութային միության: Վ. Էհրամճյանի պատմելով, Հայաստանին, Արցախին, Ջավախքին վերաբերող թեմաները միշտ առաջնահերթ տեղ են գրավում հայկական պարբերականներում եւ քննարկվում են վարժարաններում. «Շատ կարեւոր է, որ երիտասարդները եւս տեղեկացված լինեն»:

Պարզվում է՝ 70000 կանադահայերի մեջ կան մարդիկ, որոնց չի հետաքրքրում գաղութի անցուդարձը: «Նրանք բոլորովին անջատված են իրենց պայմաններով, անձնական կյանքով, երեւի զեխություն են ուզում, Հյուսիսային Ամերիկայի մթնոլորտ, հաճույք…»,- պատմում է պարոն Էհրամճյանը:

Ըստ նրա, կանադահայության համար լուրջ խնդիր են խառն ամուսնությունները. հայերի 40 տոկոսն ամուսնացած է ոչ հայի հետ, այս միտումը գնալով ահագնանում է: Մեր զրուցակցի համոզմամբ, այս հարցը կլուծվեր, եթե հայեցի դաստիարակություն եւ կրթություն իրականացնող հաստատություններն ավելի շատ լինեին ու ապահովված համապատասխան մասնագետներով, դասագրքերով եւ ծրագրերով: Նա գտնում է, որ եթե կանադահայ երիտասարդների թեկուզ մեկ տոկոսը լավ կրթություն ստանա, հայրենիքում իր տեղը գտնի, ավելին՝ ընտանիք կազմի Հայաստանում ու կապվի հայրենիքի հետ, պատկերն այլ կլինի: «Սփյուռքի նախարարության համապատասխան հայեցակարգը կարդացել եմ, հիմնականում կրթական հարցերի վրա է շեշտը դրված: Ուզում եմ, որ իրենք հաշվի առնեն մի բան եւս՝ տեղական ուժերով պատրաստված մշակութային ելույթներն ու միջոցառումներն անբավարար են Սփյուռքում հայեցի դաստիարակություն ապահովելու համար: Հարկ է, որ լինի դասագրքերի պատրաստություն, բայց սփյուռքյան ոճով, որպեսզի հայրենիքից դուրս ապրող երիտասարդները դյուրությամբ ընկալեն, պիտի փոխադարձ հարաբերություններ լինեն ուսումնական ոլորտում, մասնագետների փոխայցելություններ… Մեզ մոտ հիմնականում կրոնական դաստիարակություն են ստանում եկեղեցու հովանու ներքո գործող կիրակնօրյա դպրոցներում: Կրոնի դաստիարակությանը դեմ չենք, որովհետեւ այդ միջոցով էլ են հայերեն լսում երեխաները, բայց, կրկնում եմ, դա քիչ է: Ի պատիվ Միջին Արեւելքի ճեմարաններում ուսանած երիտասարդության, ասեմ, որ հիմնականում նրանք են դասավանդում ու պատրաստում երեխաներին վարժարաններում»:

Պարոն Էհրամճյանը հայտնեց, որ Հայաստանից արտագաղթած կանադաբնակները եւս հեռու են պահում իրենց. «Երբ Հայաստանից արվեստագետներ են գալիս կամ մշակութային ձեռնարկներ են լինում, այդ ժամանակ ենք տեսնում բազմաթիվ հայ երիտասարդների: Գուցե պատճառը լեզվական տարբերությունն է՝ արեւելահայերենը, չգիտեմ…»: Նա նաեւ ուրախությամբ նշում է, որ Կանադայում օրինախախտ հայեր համարյա չկան, նրանց թիվը չի անցնում 10-12-ը, ու գաղութի վարկը շատ բարձր է այս երկրում: Կանադան այն երկրներից է, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայերն էլ այստեղ ակտիվ մասնակցություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական ու մյուս բնագավառներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել