ՉԱՎԵՍԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ՎԱՏԻԿԱՆԻ ԴԵՄ
Երեքշաբթի օրը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անհայտ անձինք բենզին պարունակով տարաներ են շպրտել Վատիկանի ներկայացուցչության, մասնավոր հեռուստաընկերություններից մեկի ղեկավարի տան, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր ուսանողների վրա, որոնք ասուլիս էին անցկացնում՝ քննադատելով առաջարկվելիք սահմանադրական փոփոխությունները: Թե՛ Վատիկանը եւ թե՛ վերոհիշյալ հեռուստաալիքը բազմիցս քննադատել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին՝ իր իշխանությունը երկարաձգելու փորձի համար: Երջանիկ զուգադիպությամբ, նախագահի «չավեսամետ» այդ գործողություններից ոչ ոք լրջորեն չի տուժել: Հարձակումների համար պատասխանատվություն է վերցրել «Լա Պյեդրիտա» խումբը, որը սատարում է երկրի նախագահին: Այդ կազմակերպությունն արդեն մի քանի ակցիա է անցկացրել Չավեսի հակառակորդների դեմ: Վերջերս նրանք այրել են ուսանողական լիդերներից մեկի մեքենան: Փետրվարի 15-ին Վենեսուելայում պետք է անցկացվի հանրաքվե, որի ընթացքում որոշվելու է սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը: Եթե երկրի բնակչությունն այդ փոփոխություններին «այո» ասի, ապա Ուգո Չավեսը հնարավորություն կունենա 2012 թվականին ընտրվել եւս 6 տարով: 2007-ի դեկտեմբերին ընտրողները մերժել են նման փոփոխությունը:
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԶԲԱՂՎԵՑ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՎ
Երեկ ավարտվեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի երկօրյա այցը Ռուսաստան: Համմարբերգի հիմնական առաքելությունն էր վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի քննարկումը: Ըստ «Գազետա» թերթի՝ նա հանդիպել է ռուսաստանյան օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի հետ, փորձելով, մասնավորապես, նպաստել հիշյալ տարածաշրջանում գերիների փոխանակմանը: Համմարբերգը հասցրել է հանդիպել նաեւ իրավապաշտպանների եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Նա մտահոգություն է հայտնել «Մեմորիալ» հասարակական կազմակերպությունում 2008-ի դեկտեմբերին անցկացրած խուզարկությունների եւ համակարգիչների կարծր սկավառակների առգրավմամբ: Համմարբերգը նշել է, որ իրավապահների գործողությունները կասկածներ են առաջացրել ռուսաստանյան եւ եվրոպական իրավապաշտպանների շրջանում: Ըստ «Մեմորիալի» ներկայացուցիչների՝ եվրոպական օմբուդսմենի միջնորդությունն ունեցավ իր դրական ազդեցությունը: Սանկտ Պետերբուրգի դատարաններից մեկը, որին բողոքով դիմել էր «Մեմորիալը», խուզարկություններն անօրինական է համարել եւ պարտադրել է իրավապահներին վերադարձնել բոլոր առգրավված փաստաթղթերն ու առարկաները:
ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈ ԲԱՆՏԸ ԿՓԱԿՎԻ՞
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է 120 օրով սառեցնել Գուանտանամո բանտում գործող ռազմական տրիբունալների դատավարությունները, որոնք զբաղվում են ահաբեկչության մեջ մեղադրվող կասկածյալների գործերով: Այդպիսով՝ հետաձգվելու են Գուանտանամոյում գտնվող 21 կալանավորների դատավարությունները: Այս մասին հաղորդում է BBC-ին: Օբամայի նախընտրական խոստումներից մեկն էր փակել Գուանտանամոյի բանտը, որտեղ ամերիկյան իշխանություններն արդեն մի քանի տարի առանց դատի պահում են մոտ 250 հոգու: Այդ բանտի կապակցությամբ միջազգային իրավապաշտպանները բազմիցս մեղադրել են Վաշինգտոնին՝ մարդու իրավունքների խախտման համար: Ռազմական դատարանները եւս կարծր քննադատության են ենթարկվել, քանի որ ամերիկյան բանակի ներկայացուցիչները դատավարություններում հանդես են գալիս միաժամանակ թե՛ բանտապանների, թե՛ դատավորների եւ թե՛ երդվյալ ատենակալների դերում: Գուանտանամոյում գտնվող դատարանների վերաբերյալ Օբաման փաստաթուղթ է ստորագել իր պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց: Երդմնակալության իր ճառում նոր նախագահն ընդգծեց իրավունքի եւ մարդու իրավունքների գերակայության կարեւորությունը՝ մերժելով «մեր անվտանգության եւ մեր իդեալների միջեւ կեղծ ընտրությունը»: