«Կազմակերպված պետությունը»՝ Բելառուսում
Անցած հանգստյան օրերին Մինսկի «կարմիր բերետավորներն» աշխատում էին իրենց ողջ ուժով: Ոստիկանները կանխում էին ընդդիմության բոլոր փորձերը՝ հարգանքի տուրք մատուցել 1990-ականներին անհետացած քաղաքական գործիչների եւ լրագրողերի հիշատակին: Ըստ «Նովայա իզվեստիա» թերթի, սկզբից իրավապահները դուրս մղեցին մոմեր տանող ցուցարարներին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկից, իսկ այնուհետեւ թույլ չտվեցին նրանց աղոթել Սուրբ Հովսեփի տաճարում: Բռնաճնշումների ենթարկվեց նաեւ Բելառուսի «Ժողովրդական ճակատ» երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆրանակ Վյաչերկան: Վերջինս ստուգում էր անցում զինվորական հոսպիտալում՝ վատ տեսողության եւ օրթոպեդիկ խնդիրների պատճառով: Երիտասարդի մոտ ներխուժեցին հատուկ ծառայությունների ներկայացուցիչները եւ ծեծի ենթարկեցին նրան: Իրավապահները բռնի ուժով տեղափոխեցին Վյաչերկային ոստիկանական մեքենա ու տարան զինկոմիսարիատ:
Նոր «խստացումների» մասին հայտարարեց նաեւ Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովը: Նա առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կպարտավորեցնեն մատնահետքեր հանձնել բոլոր զինապարտ քաղաքացիներին: Որպես հիմնավորում՝ Նաումովը ներկայացրեց անցած տարի Մինսկի կենտրոնում պայթյունի հետ կապված հանգամանքների նախաքննութան շահերը: Թե ինչպես են 100 հազարավոր քաղաքացիների մատնահետքերը նպաստելու այդ գործի բացահայտմանը, Նաումովը չի մանրամասնել:
Էստոնացիները ներողություն են խնդրել հրեաներից
Էստոնիայի «Հայրենիքի եւ հանրապետության միություն» իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Մարտ Լաարը (լուսանկարում) ներողություն է խնդրել երկրի հրեական համայնքից՝ իր հոդվածը «զարդարող» հակասեմիտական ծաղրանկարների համար: Այդ ծաղրանկարները ստեղծվել են անցած դարի 40-ական թվականներին: Դրանցից մեկի մակագրության մեջ գրված է. «Ստալինը որոշեց գրավել Էստոնիան եւ ոչնչացնել էստոնական ժողովրդին, որը համաձայն չէր հրեաների՝ ողջ աշխարհը գրավելու ձգտման հետ»: Այդ հրապարակման առթիվ Էստոնիայի հրեական համայնքի նախագահ Ալլա Յակոբսոնը հայտարարել է, որ ցնցված է, թե ինչպես 21-րդ դարում Եվրամիության անդամ Էստոնիայում կարող էին հայտնվել նման ծաղրանկարներ: «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Լաարի կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե նրանք չէին ուզում որեւէ մեկին վիրավորել: «Սակայն եթե, այնուամենայնիվ, կան վիրավորվածներ, մենք այդ մարդկանցից ներողություն ենք խնդրում: Մեր նպատակն էր ընդամենը ցույց տալ պատմական նյութը»,- ասված է հայտարարության մեջ: Գործակալությունը հիշեցնում է, որ հակասեմիտիզմի դեմ պայքարի նպատակով՝ Իսրայելը վերջերս հայտարարել է «բլոգերների բանակի զորակոչ», որի նպատակն է ինտերնետ ցանցում իրականացնել համապատասխան աշխատանք: Նույն նպատակով Իսրայելում ստեղծվել է Հոլոքոստին նվիրված արաբերեն վեբկայք, որը քարոզչություն է տանում մահմեդական աշխարհում:
Չինական գրաքննությունը «շտկել» է Օբամային
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ արտասանած ճառի՝ չինական հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակման ժամանակ անհետացել են կոմունիզմի եւ այլախոհության մասին արտահայտությունները:
Ըստ Lenta.ru-ի, գրաքննության է ենթարկվել նաեւ ամերիկյան նախագահի գրավոր տեքստը: Չինական իշխանություններին դուր չի եկել, երբ Օբաման կոչ է արել հիշել նախորդ սերունդներին, որոնք տապալում էին կոմունիզմն ու ֆաշիզմը ոչ միայն զենքի ուժով, այլեւ հստակ համոզմունքներով: Գրաքննվել է նաեւ դիմումը մի շարք պետությունների ղեկավարներին, որոնք, ըստ Օբամայի, «իշխանությանն են կառչում կոռուպցիայի եւ խաբեության միջոցով՝ լռեցնելով բոլոր չհամաձայնվողներին»: «Իմացեք,- ասաց ԱՄՆ նախագահը,- որ դուք պատմության սխալ կողմում եք, բայց մենք պատրաստ ենք ձեզ ձեռք մեկնել, եթե դուք բացեք ձեր բռունցքը»:
Չինական իշխանությունների համար ոչ ձեռնտու հատվածներում ԱՄՆ ղեկավարի ճառի հեռարձակումն ընդհատվում էր, իսկ կադրում հայտնվում էր չինացի հաղորդավարը: Սա Չինաստանի պետական ԶԼՄ-ների կողմից արտասահմանցի քաղաքական գործիչների ելույթների խեղաթյուրման առաջին դեպքը չէ:
2004 թվականին Շանհայում ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի ելույթից «ջնջվել» են քաղաքական ազատությունների մասին խոսքերը, իսկ 2003-ին խմբագրվել է Հիլարի Քլինթոնի գրքի այն հատվածը, որտեղ խոսվում էր Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ ոստիկաններն ու բանակը սպանել են մի քանի տասնյակ երիտասարդ ցուցարարների: