Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է շրջանավարտների հայտագրումը

Հունվար 22,2009 00:00

Հունվարի 31-ից մարտի 15-ը այս տարվա դիմորդները պետք է կողմնորոշվեն, թե ինչ քննություններ են հանձնելու:

Հունվարի 31-ից կսկսվի հանրապետության 2008-09թթ. շրջանավարտների հայտագրումը, դրանով իսկ Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հայտարարում է 2009 թ. պետական ավարտական եւ միասնական (բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացի սկիզբը:

Միասնական քննությանը մասնակցելու համար այս տարվա շրջանավարտները պետք է իրենց կրթօջախներում լրացնեն դիմում-հայտեր, իսկ նախորդ տարիների շրջանավարտները պետք է դիմում-հայտերը լրացնեն իրենց տարածաշրջանների ընտրված դպրոցներում, որոնց ցանկը կա ԳԹԿ-ի համապատասխան հայտարարության մեջ, որը շուտով կհրապարակվի նաեւ մամուլում: Սակայն, եթե նրանք ծանոթ չեն այդ նպատակով առանձնացված դպրոցների ցանկին, կարող են պարզապես դիմել մարզային կրթության բաժիններին: Դիմում-հայտից բացի, միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է 3X4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն եւ յուրաքանչյուր քննության համար 1500 դրամի բանկային փոխանցման անդորրագիր:

Ի դեպ, ինչպես մեր խնդրանքով պարզաբանեց ԳԹԿ-ի մշակումների եւ կազմակերպական բաժի պետ Կարո Նասիբյանը, այդ վճարումը կատարելուց ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:

Իսկ նրանք, ովքեր մուծումը կատարում են, բայց հետո որոշում են չմասնակցել քննությանը, կարող են դիմում գրել ԳԹԿ տնօրենի անունով, եւ մինչեւ քննությունը ԳԹԿ-ն ետ է վերադարձնում այդ գումարը բանկի այն տարածքային բաժին, որտեղ երեխան գումարը մուծել է: Հետեւաբար, ասենք, Գորիսից կամ Տավուշից երեխան ստիպված չի լինի գալ Երեւան՝ այդ գումարը ստանալու համար:

«Հունվարի 31-ից մինչեւ մարտի 16-ը կարող են ներկայացնել միասնական քննության հայտ, այդ օրը կավարտվի 1-ին փուլը: Այդ ժամանակ 95%-ով պատկերը պարզ է դառնում, եւ դա մեզ թույլ կտա նախնական տվյալներն ուղարկել Լոնդոն, որտեղ տպվում են միասնական քննության թեստերը: Մարտի 16-ից հետո մեր տվյալների բազան ճշգրտման է ենթարկվում: Հնարավոր է՝ որեւէ երեխա որոշել է փոփոխել իր քննությունները կամ մի քննություն ավելի կամ պակաս հանձնել, կամ երեխայի անուն-ազգանվան դիմաց իր նկարը չի, եւ այլն… Այդ դեպքում մենք թույլ ենք տալիս, որ երեխան այդ նախնական ցուցակի վրա իր ձեռքով կարմիր գրիչով ճշտում անի, ասենք՝ «սա իմ լուսանկարը չի», կամ գրում է՝ «ես չեմ ուզում ֆիզիկայի քննություն հանձնել»…եթե գումարի մեջ տարբերություն չի լինում՝ որեւէ խնդիր չկա, իսկ եթե, ասենք, առարկա է ավելացվում, ինքը պիտի դրա համար լրացուցիչ գումար մուծի բանկում»,- ներկայացրեց պարոն Նասիբյանը: Այդ ճշգրտումների համար տրվում է եւս մեկ ամիս, եւ արդեն ապրիլի 15-ին ԳԹԿ-ն ունենում է հայտերի վերջնական ցուցակը: «Միայն ՀՀ-ում է այսքան երկար տեւում այդ գործընթացը: Օրինակ, Լեհաստանում նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են հունվարի 1-ին, իսկ ՌԴ-ում՝ մարտի 1-ին, մեզ մոտ ձգվում է մինչեւ ապրիլի 15-ը: Միջազգային փորձագետներն ասում են՝ մենք 2-րդ տարին է, նայելով ձեր նախապատրաստական աշխատանքներին, մտածում ենք, որ ոչինչ չեք հասցնի, բայց մեզ համար հանելուկ է մնում, թե ոնց եք հասցնում»,- պատմեց Կ. Նասիբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել