Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՉՈՒՆԻ

Հունվար 22,2009 00:00

\"\"Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ 2008-ի «բացահայտումները»

2008-ին Հայաստանի 566 գիտնականի հանձնվել է գիտական աստիճանի վկայագիր, 283 գիտնական-մանկավարժի՝ գիտական կոչման դիպլոմ: Գիտական աստիճանի վկայագիր ստացածների 35,9 %-ը կանայք են, ինչը վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Գիտության ամենաերիտասարդ թեկնածուն 23 տարեկան է, ամենատարեցը՝ 63, գիտության դոկտորի դեպքում նշված տարիքային սահմանը համապատասխանաբար 35-ն ու 74-ն են, դոցենտների շրջանում՝ 26-ը եւ 82-ը, ամենաերիտասարդ պրոֆեսորը 42 տարեկան է, ամենատարեցը՝ 77: Թեկնածուների միջին տարիքը 32-ն է, իսկ դոկտորներինը՝ 53-ը:

Այս մանրամասները բացահայտվեցին ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանի հետ՝ «Առավոտի» անցկացրած հարցազրույցում: Ա. Թռչունյանը զրույցի սկզբում նշեց, թե ինչն է եղել 2008-ի իրենց գործունեության առանցքում. «Վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը, ուշադրություն է դարձվել նրանց պատասխանատվության բարձրացմանը: Այս տարվա ընթացքում գործել է 61 մասնագիտական խորհուրդ, դադարեցվել է դրանցից 4-ի գործունեությունը, ստեղծվել 5 խորհուրդ, կատարվել 24-ի կազմերի եւ 7 խորհուրդների նախագահի փոփոխություններ: Ընդլայնել ենք ատենախոսությունների մի մասը՝ օտարերկրյա պետությունների որակավորման մարմիններ կամ միջպետական գիտական կենտրոններ լրացուցիչ փորձաքննության ուղարկելը»: Խոսելով գիտության դոկտորների եւ թեկնածուական աշխատանքների պաշտպանության մասին, Ա. Թռչունյանն «Առավոտին» ներկայացրեց ՀՀ վիճակագրական ծառայության՝ անցյալ տարվա ուսումնասիրությունը, ըստ որի՝ ՀՀ բուհերի 8494 հաստիքային դասախոսներից գիտության թեկնածուի աստիճան ունի ընդամենը 3274-ը, դոկտորի աստիճան՝ 671-ը: Մեր այն հարցին, թե այդ դեպքում որտե՞ղ են այդ բազմաթիվ «պաշտպանած» գիտնականները, Ա. Թռչունյանը այսպես պատասխանեց. «Առանց վերլուծելու ասել, թե շատ կամ քիչ են պաշտպանում՝ լուրջ չէ: Պիտի նախ տեսնենք՝ գիտական աստիճանի հավակնողների տեսակարար կշիռը որն է: Իհարկե, այսօրվա տվյալներն այնքան էլ բարվոք չեն: Թեկնածուների եւ դոկտորների պաշտպանությունը պիտի դիտարկենք բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմը համապատասխանեցնելուն ծառայեցնելու տեսանկյունից: Երբ այդ անձնակազմի մեծամասնությունը կազմում են գիտական աստիճան չունեցող մարդիկ, դա մտահոգության տեղիք է տալիս: Պիտի նախ լուծենք գիտական աստիճանը արժեւորելու խնդիրը: Թեկնածու կամ դոկտոր դառնալուց հետո աշխատավարձի էական փոփոխություն չկա, ուստի պիտի բուհում գլխավոր դեմք դարձնենք դասախոսին, պրոֆեսորին՝ բարոյական եւ ֆինանսական խթանների միջոցով: Բայց բուհերում պրոֆեսորադասախոսական անձնակազմի համապատասխան որակավորման մակարդակ ապահովելը չպետք է արվի ցածրորակ գիտական աշխատանքների եւ սուբյեկտիվ մոտեցումների հաշվին»: Մտահոգիչ է նաեւ այն, որ բուհերում պակասում է պրոֆեսորների թիվը, 2005-ի համեմատությամբ պրոֆեսորի գիտական կոչում ստացած մանկավարժների թիվը նվազել է 38.3%-ով: Ա. Թռչունյանն այս մասին ասաց. «Այնքան ենք ոչ ճիշտ ներկայացրել գիտակրթական ոլորտը, որ նույնիսկ որոշ մարդկանց մոտ ստեղծել ենք սխալ տպավորություն: Կրկնում եմ, պիտի լրջորեն մտածենք պրոֆեսորադասախոսական անձնակազմի համալրման մասին»: Երբ խոսք գնաց գիտելիքահենք հասարակության ստեղծման մասին, Ա. Թռչունյանից հետաքրքրվեցինք, թե դրա հիմքերը չպե՞տք է դնել հենց ասպիրանտների ընտրության ժամանակ, չպե՞տք է կանխարգելել այն երեւույթները, երբ ասպիրանտական տեղերը երբեմն օգտագործվում են՝ որպես բանակից խուսափելու միջոց: ԲՈՀ-ի նախագահը պատասխանեց. «Ասպիրանտուրան եւ բանակի համալրման խնդիրը չպիտի խառնել: Չեմ կարծում, որ ասպիրանտուրա ընդունվողների մեծամասնությունը հետապնդում է բանակից խուսափելու նպատակ: Եթե տաղանդների վերհանման, ստեղծագործող երիտասարդների աճը ապահովելու հարցում ունենանք հստակ մեխանիզմներ, այս հարցի առաջ չենք կանգնի: Բայց քաղաքացիները պիտի ծառայեն բանակում, քանի որ այն պիտի լինի 21-րդ դարի բանակ: Խնդիր է նաեւ պատվերի ձեւավորումը, այն, թե ինչ ենք սպասում ասպիրանտներից»:

Նկատենք, որ 42 աշխատանքների դեպքում ԲՈՀ-ի կողմից բեկանվել են մասնագիտական խորհուրդների որոշումները կամ աշխատանքները վերադարձվել են, այսինքն՝ այդ աշխատանքները ԲՈՀ-ում չեն հաստատվել: Դրանց թվում է 4 գիտության դոկտորի աստիճանի համար ներկայացված աշխատանք: Եղել են նաեւ կանոնակարգային այլ թերացումներ։ Հետաքրքրվեցինք՝ մասնագիտական խորհուրդների կայացրած որոշումների այս քանակով մերժումները, արդյոք, այլ մեկնաբանությունների տեղիք չե՞ն տալիս: Ա. Թռչունյանը նշեց. «Հայաստանում բացասական որոշում կայացնելը հեշտ չէ: Ցավոք, մասնագիտական դաշտերը բավականին նեղ են, եւ մարդիկ ընկերոջ, բարեկամի, ծանոթի հանդեպ հաճախ չեն կարողանում խիստ լինել: Ուստի պիտի լինի վերահսկողական կամ միասնական մոտեցում ապահովող մի կառույց: Հաճախ կասկածի տակ է դրվում ԲՈՀ-ի անհրաժեշտությունը: Իհարկե, եթե ուզում են զբաղվել ցածր որակի վերարտադրությամբ, շրջանցել կարգը՝ վերահսկողական մեխանիզմներ պետք չեն»: Հետաքրքրվեցինք՝ հատկապես ի՞նչ հիմնավորումներով են աշխատանքները մերժվել: Ա. Թռչունյանը պատասխանեց. «Եղել են արտագրված ատենախոսություններ, հստակ ներկայացված չի եղել գիտական նորույթը կամ այն բացակայել է, աշխատանքների եզրակացություններն ունեցել են ոչ բավարար հիմնավորվածություն, արդյունքների եւ մեթոդների միջեւ անհամապատասխանություն է նկատվել, արդյունքները տպագրված են եղել անընդունելի հրատարակություններում եւ այլն»: Ըստ ԲՈՀ-ի տարեկան հաշվետվության՝ մերժվել է գիտական ղեկավար լինելու՝ բուհերի կամ գիտական կազմակերպությունների 30 միջնորդություն, գիտական պարբերականների ցանկից հանվել է 2 ամսագիր: Այս կապակցությամբ ԲՈՀ նախագահն ասաց. «Կրքերը չբորբոքելու համար չեմ ուզում նշել այդ ամսագրերի անունները. դա կատարվում է պարբերաբար: Դրանք հանվել են, քանի որ եղել են ոչ թե նեղ մասնագիտական, այլ հանրամատչելի: Իսկ գիտական ղեկավար լինելու միջնորդությունները մերժվել են կարգով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Ըստ կարգի՝ ատենախոսությունների ղեկավարներ պիտի լինեն գիտության դոկտորներ, դրա հնարավորություն է տրվում նաեւ գիտության թեկնածուներին՝ որոշակի պահանջներին համապատասխանելու դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել