Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԺԵ՞Ղ», ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հունվար 22,2009 00:00

«Այն երկիրը, որտեղ ծիծաղում են դատարանի վրա, բնականոն գոյություն ունենալ չի կարող»,- ասել է լեհ իրավագետ Մարեկ Նովիցկին

Սկիզբը՝ նախորդ համարում:

Միանշանակ կարելի է եզրակացնել, որ արդարության՝ հասարակայնորեն ընդունված պատկերացումները, որի իրականացման երաշխավորը իրավունքի գերակայության սկզբունքն է, այն հիմնարար գաղափարներից է, որն ընդունելի է բոլորի համար, կարող է դառնալ հասարակությունը միավորող եւ միասնականացնող հզոր եւ կայուն գործոն: Առհասարակ պետք է նկատի ունենալ, որ հասարակությունը, որպես կանոն, միավորվում է ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին, ասենք՝ երբ վտանգված է նրա գոյությունը: Այդպես էր Ավարայրի ճակատամարտի, Սարդարապատի ճակատամարտի նախորդող ժամանակահատվածում: Այդպես էր նաեւ ղարաբաղյան շարժման ժամանակ: Պետականության պայմաններում հասարակությունը կարող է միավորվել միայն այնպիսի գաղափարների շուրջ, որոնք ապահովում են անհրաժեշտ պայմաններ հասարակության, ժողովրդի բնականոն, կայուն զարգացման, մարդկանց բարեկեցիկ կյանքի համար: Այդպիսի գաղափարներից են արդարությունը, իրավական հավասարությունը, իրավունքի գերակայությունը:

Այդ սկզբունքը ենթադրում է նախ եւ առաջ, որ իրավունքն ունի բնական իրավունքի նշանակություն: Դեռեւս ԱՄՆ Անկախության հռչակագիրը (1778թ.) արտահայտել է մարդու անօտարելի իրավունքներով (բնական իրավունքով)՝ ազատությամբ, կյանքի իրավունքով, երջանկության ձգտելու իրավունքով իշխանությունը սահմանափակելու անհրաժեշտությունը: Այս սկզբունքը ավելի ամբողջական եւ խորը արտահայտվել է Մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրում (Ֆրանսիա, 1789թ.), որտեղ մարդու բնական եւ անօտարելի իրավունքների պաշտպանությունը համարվում է իշխանության բուն խնդիրը եւ նպատակը:

Արդի պատկերացումներին համապատասխան, իրավունքի գերակայության սկզբունքը ներառում է մի շարք այլ սկզբունքներ, մասնավորապես՝ ա) ժողովրդի իշխանություն, որն իրականացնում է ժողովուրդը եւ գոյություն ունի ժողովրդի համար, բ) իշխանությունների բաժանում, գ) պետական մարմինների, պաշտոնատար անձանց իրավասությունների սահմանափակումը իրավունքով (բնական իրավունքով), դ) օրենքը չպետք է հակասի իրավունքին, այսինքն՝ օրենքը պետք է լինի իրավական, ե) միջազգային իրավունքի առաջնայնությունը: Այս սկզբունքներն ընկած են ժողովրդավարական պետություններում ձեւավորված սահմանադրականության գաղափարի հիմքում եւ արտահայտված են արդի սահմանադրություններում:

Իրավական պետությունը կառուցվում է իրավունքի գերակայության եւ դրանից բխող սահմանադրության գերակայության սկզբունքի հիման վրա: Սահմանադրության գերակայության սկզբունքն իր հերթին երաշխավորում է օրենսդիր իշխանության սահմանափակումը իրավական օրենքների շրջանակներում: Իրավական օրենքները երաշխավորում են անհատի ազատությունը, այսինքն՝ յուրաքանչյուրին թույլատրվում է կատարել այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով եւ պետական իշխանությունը սահմանափակված է այդ իրավունքով եւ ենթարկվում է, ինչպես նշված է, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությամբ, հետեւյալ պահանջով՝ «պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» (հ. 5): Միաժամանակ, օրենսդիր իշխանությունը չի կարող արգելել այն, ինչը պատկանում է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների ոլորտին եւ թույլատրել այդ ոլորտում վարչական կամ որեւէ այլ միջամտություն:

Ընդհանուր առմամբ, իրավական պետության գերխնդիրն ու ելակետային գաղափարը մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն է: Մարդու իրավունքների շարքում հատուկ կարեւորություն է ձեռք բերում յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, որի ապահովումը, փաստորեն, երաշխիք է մյուս իրավունքների ու ազատությունների պաշտպանության, խախտված իրավունքները վերականգնելու եւ, առհասարակ, արդարադատություն հաստատելու համար: Ինչպես ցույց է տալիս ժողովրդավարական հասարակությունների բազմամյա փորձը, արդարադատության ապահովման հիմնական եղանակն անկախ դատական համակարգի ստեղծումն է, որի միջոցով իրականանում է բոլորի հավասարությունն օրենքի առջեւ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ամրագրել է այս իրավունքը հետեւյալ ձեւակերպմամբ. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում, իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները» (հ. 8):

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված է, որ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից ունի ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք» (հ. 6): Միջազգային հանրությունը, կարեւորելով արդարադատության իրականացումը, ընդունել է մի շարք փաստաթղթեր՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» (1985թ.), «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների արդյունավետ իրականացման ընթացակարգերը» (1990թ.) եւ այլն, որոնց նպատակն է ապահովել դատարանների անկախությունն ու անկողմնակալությունը: ՀՀ Սահմանադրությամբ եւս նախատեսվում է դատական պաշտպանության իրավունքը (հ. 18), ինչպես եւ անկախ դատական մարմինների ստեղծումը (հ. 94):

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, դատական անկախ իշխանության ստեղծումը ե՛ւ ազգային օրենսդրությամբ, ե՛ւ միջազգային պայմանագրերով համարվում է ժողովրդավարության հաստատման կարեւորագույն նախապայմաններից մեկը: Ավելացնենք նաեւ, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հիմքը՝ մարդու արժանապատվությունը պաշտոնատար անձանց (չինովնիկների) ոտնձգություններից պաշտպանելու ամենագործուն միջոցն անկախ դատարանն է, որը սահմանադրության եւ օրենքների հիման վրա կարող է տալ նրանց գործողությունների (կամ անգործության) ճշգրիտ իրավական գնահատականը եւ, դրանով իսկ, կմեծացնի պաշտոնյաների պատասխանատվությունը մարդկանց իրավունքների խախտման նկատմամբ:

Պետության մեջ դատարանի կարեւորությունն ընդգծելու համար մեջբերենք հանրահայտ լեհ իրավագետ Մարեկ Նովիցկու խոսքերը. «Դատական իշխանությունը երրորդ իշխանությունն է, որը հավասար է մյուս երկուսին, հնարավոր է նաեւ, որ դրանցից կարեւոր է: Ինչ ուզեք կարող եք խոսել կառավարության մասին, խորհրդարանի մասին, բայց զգույշ եղեք դատարանին քննադատելիս: Այն երկիրը, որտեղ պատգամավորները ծիծաղելի են եւ երբ լսում ենք, թե նրանք ինչ հիմարություններ են դուրս տալիս, մենք ծիծաղում ենք, այն երկիրը, որտեղ նախարարը հիմար է, այդպիսի երկրներ կարող են գոյություն ունենալ, բայց այն երկիրը, որտեղ ծիծաղում են դատարանի վրա, բնականոն գոյություն ունենալ չի կարող: Նրանում ապրել արդեն հնարավոր չէ եւ այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել դատական իշխանության անկախությունը»:

Հայաստանում դեռեւս բավարար ուշադրության չեն արժանանում մարդու իրավունքների հիմնահարցերը եւ դրանց լուծումը: Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակելով ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն (ՀՀ Սահմանադրություն, հ. 1) եւ միանալով մարդու իրավունքներին վերաբերող մի շարք պայմանագրերի, ինչպես նաեւ դառնալով Եվրախորհրդի անդամ, ստանձնել է մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու պարտավորություններ եւ, հետեւաբար, պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ գոյություն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր հերթին, պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների առջեւ՝ ապահովել համապատասխան առաջընթաց նշված հիմնահարցերը լուծելու խնդրում, նպաստել իրական ժողովրդավարություն հաստատելու գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել