Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմն բողոքները արդյունք են տալիս

Հունվար 22,2009 00:00

\"\"Իջեւանի պոլիկլինիկայի շենքը չի սեփականաշնորհվի

Իջեւանի պոլիկլինիկայի 28 աշխատողներ բողոք-նամակով դիմել էին ՀՀ նախագահին եւ վարչապետին: Ի թիվս այլ դժգոհությունների, նրանք մտահոգություն էին հայտնել, որ օպտիմալացման հետեւանքով (պոլիկլինիկան միացվել է Իջեւանի հիվանդանոցին) թերապեւտներին (ընտանեկան բժիշկներին) պոլիկլինիկայից տեղափոխել են Իջեւանի Մոր եւ մանկան կենտրոնի նախկին ավտոտնակները, ուր մի ժամանակ անասնագոմ է եղել, իսկ պոլիկլինիկայի մնացած անձնակազմը (նեղ մասնագետներ) տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոցի շենք: Դա, բողոքողների համոզմամբ, արվում էր Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի տիպային եռահարկ շենքն ազատելու եւ հետագայում սեփականաշնորհելու նպատակով:

Հավանաբար, սույն բողոքի արդյունքում, կառավարությունը 2008թ. դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել, որով փոփոխություններ է կայացրել իր իսկ 2001թ. հունիսի 21-ի եւ 2006թ. նոյեմբերի 2-ի որոշումներում: Դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն, «Իջեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանվում է «Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ` այս բուժհիմնարկին վերապահելով նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայությունների իրականացման գործառույթներ: Նորաստեղծ ընկերությունը տեղափոխվում է Իջեւանի պոլիկլինիկայի շենք: «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի» ազատված շենքն էլ հանձնվում է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը:

Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը կառավարության որոշումը՝ պոլիկլինիկայի շենքը «Մոր եւ մանկան կենտրոնին» հանձնելը բացատրում է այդ կենտրոնի՝ որպես բուժհիմնարկ կայացած լինելով, նախկինում ունեցած հաջողություններով: Այն ստեղծված էր որպես մոդել՝ մոր եւ մանկան առողջության պահպանման, հղիների նախածննդային խնամքի համար, այստեղ բազմաթիվ սեմինարներ են կայացել եւ այլն:

Սակայն ինչո՞ւ կառավարությունը կենտրոնի ավանդը, այս հանգամանքները նախկինում հաշվի չէր առնում, պոլիկլինիկան չէր հատկացնում «Մոր եւ մանկան կենտրոնին», այլ պոլիկլինիկայի եռահարկ շենքի մի մասն էլ արդեն ազատել էր բուժաշխատողներից:

Պետգույքի կառավարման վարչության հաշվեկշիռ են հանձնվել նաեւ Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքների պոլիկլինիկաների շենքերը:

Նոյեմբերյանի պոլիկլինիկայի շենքը հիմնանորոգված է, պետբյուջեից այդ նպատակով հարյուրավոր միլիոն դրամ է ծախսվել: Ո՞ւմ եւ ինչքա՞ն գումարով կսեփականաշնորհվեն այս շենքերը: Հարցեր, որոնց պատասխանը գիտեն միայն կառավարությունն ու ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել