Գրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Հովսեփյանը
Արթուր Հովսեփյանը տեղեկացնում է, որ իր ընկերը՝ Վանաձորի բնակիչ Մարտուն Ջուլհակյանը, Վանաձորի կոլտնտեսային շուկայում ունեցել է թիթեղյա տաղավար, որտեղ միս է վաճառել: Շուկայի տնօրինությունը նրան առաջարկել էր քանդել տաղավարը եւ նույն տեղում կառուցել քարե երկու խանութ: Չունենալով դրամական միջոցներ՝ Մ. Ջուլհակյանը 1994 թ. դիմել է Արթուր Հովսեփյանին: Վերջինս համաձայնել է, պայմանով, որ խանութներից մեկը պետք է օգտագործման հանձնեին շուկայի տնօրինությանը, իսկ մյուսը օգտագործեր Մ. Ջուլհակյանը: Նրա կողմից այդ խանութը օգտագործվել է մինչեւ 1998թ., նա էլ վճարել է բոլոր հարկերը: Ըստ «Առավոտի» նամակագրի՝ 1998-2007 թթ., մինչեւ խանութների քանդելը, Մ. Ջուլհակյանը ամսական 4000 դրամ վճարել է շուկայի տնօրեն Գեւորգ Շահինյանին՝ առանց համապատասխան փաստաթղթի: Ի դեպ, վերջինս «Դուբայ» խանութների ցանցի սեփականատերն է:
«Որոշ ժամանակ անց շուկայի տնօրեններ Գ. Շահինյանն ու Վ. Նիկողոսյանը պահանջեցին քանդել խանութները: Այդ խանութների կառուցման համար ես Մ. Ջուլհակյանին կանխիկ եւ մաս-մաս վճարել եմ $5000: Մ. Ջուլհակյանը տնօրինությանը հայտնել էր, որ խանութները կառուցվել են իմ միջոցներով եւ առաջարկել էր վերադարձնել իմ գումարը»,- գրում է Ա. Հովսեփյանը: «Մի առավոտ ինձ զանգեց Մ. Ջուլհակյանը եւ ասաց, որ արդեն սկսել են խանութները քանդել: Ես գնացի շուկա, խանութներն արդեն կիսաքանդ էին եւ լուսանկարեցի դրանք: Իսկ երբ Գ. Շահինյանին ասացի, որ պատասխան են տալու օրենքի առաջ, նա սպառնաց, թե ինձ նստեցնել կտա, կվնասի իմ ընտանիքին եւ կվտարի Վանաձորից, քանի որ տեղի ոստիկանությունն էլ է իրենցը, «գայի պետն» էլ»,- հավելում է նա:
Հարցի առնչությամբ, ըստ Ա. Հովսեփյանի, 2007թ. ՀՀ ոստիկանապետի, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության եւ Վանաձորի հարկային ոստիկանության, Լոռու մարզի քննչական բաժնի, դատախազության կողմից նախապատրաստվում են նյութեր եւ հավաքվում բավարար ապացույցներ: «Հետո իմացա, որ իմ միջոցներով կառուցված երկրորդ քարե խանութը շուկայի տնօրինությունը թաքուն վաճառել է ոստիկանության Վանաձորի պարեկապահակային բաժնի պետ, գնդապետ Արթուր Մեհրաբյանին: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային վարչությունում նախապատրաստվել են նյութեր, սակայն ոչ մի իրավական հետեւանք չի ունեցել: Այդ ընթացքում իմ եւ ընտանիքիս հասցեին նրանց կողմից հնչեցվում էին սպառնալիքներ, որի պատճառով ստիպված եմ եղել 13.06.2007-ին գրավոր հայտարարություն տալ Լոռու մարզի դատախազին»,- հայտնում է Ա. Հովսեփյանը, որը նաեւ այդ մասին նամակով տեղեկացրել է ՀՀ նախագահին: Նա նաեւ հայտնում է, որ շուկայի տնօրինությունն իրեն առաջարկել է կես վարձավճարով խանութ տրամադրել՝ վնասը այդ ձեւով փոխհատուցելու պայմանով, իսկ ինքը չի համաձայնել, ինչից հետո շուկայի տնօրինությունը դիմել է հանցաշխարհի ներկայացուցիչ, Վանաձոր քաղաքի բնակիչ Կ. Մ.-ին: Վերջինս Ա. Հովսեփյանին Վ. Նիկողոսյանի կողմից փոխանցել է $1500՝ որպես երկու խանութներից մեկի գումարի մի մաս, իսկ մնացածը խոստացել է փոխանցել հետագայում: «2008թ. մարտի 22-ին եւ 23-ին ԱԱ Վանաձորի օպերլիազոր Ռ. Ավոյանի կողմից ենթարկվել եմ սպառնալիքների, դարձել հաշմանդամ՝ ձեռք բերել շաքարային դիաբետի երկրորդ տիպ, իսկ ղեկավարությունը բավարարվեց նրան միայն կարգապահական տույժ տալով: Այդ մասին 29.05.08թ. գրել եմ ՀՀ ոստիկանապետին, որից մինչ այսօր պատասխան չեմ ստացել»,- ասաց Ա. Հովսեփյան:
Պատճառված վնասի մնացած մասի փոխհատուցման մասին Ա. Հովսեփյանը գրում է. «2008թ. օգոստոսի 14-19-ը Վանաձորի երկաթգծի կայարանի ոստիկանապետ Մամիկոն Պրուտյանը անընդհատ զանգում էր եւ համոզում, որ ես գնամ եւ Գ. Շահինյանից վերցնեմ $2000, այն պայմանով, որ կեսը տամ իրեն: Նշեմ, որ նախկինում ստացած 1500 դոլարից 750-ը հաջորդ օրը, ըստ պայմանավորվածության, տվել էի հարկայինի աշխատակից Գեւորգ Հակոբջանյանին, քանի որ, իր ասելով, ինքն էր այնպես արել, որ գումարը վերադարձնեն: 21.08.08-ին, գումարը տալու պահին, ձերբակալեցին ինձ, արհեստականորեն կազմակերպելով, թե իբր ես Գ. Շահինյանից 1500 դոլար եմ շորթում: Այդ նույն օրը Լոռու մարզի ոստիկանությունում խոշտանգվել եմ եւ մեկուսարան տեղափոխվելու ճանապարհին կորցրել գիտակցությունս»:
Ձերբակալման օրվանից՝ 2008-ի օգոստոսի 25-ից, Ա. Հովսեփյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, տառապում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով, խրոնիկական բրոնխիտով, ասթմայով եւ երկու անգամ ընկնելով կոմատոս վիճակի մեջ՝ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ա. Հովսեփյանը հայտնում է նաեւ, որ 2007-ի հունիսի 20-ին, ժամը 18-ի սահմաններում ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Գ. Հակոբջանյանի եւ գնդապետ Մ. Պրուտյանի կողմից՝ Վանաձորի կայարանամերձ պուրակում, վերջինիս սեփական ռեստորանի մեկուսացված ճաշասենյակում:
Ա. Հովսեփյանը սպասում է, որ ՀՀ նախագահի միջամտությունից հետո կվերականգնվի արդարությունը: