Երբ վկային կեղծամով են դահլիճ բերում
Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով Երեւանի քրեական դատարանը (Ա. Ազարյան, Ե. Դարբինյան, Մ. Մարտիրոսյան կազմով) երեկ շրջիկ դատական նիստ էր հրավիրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին մարզադահլիճում: Մոտ 4,5 ժամ տեւած դատական նիստի ողջ ընթացքին ամբաստանյալներ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները հետեւեցին կանգնած, քանի որ ցրտի պատճառով նստելն անհնար էր: Մենք էլ գրառումները կատարում էինք ձեռնոցներով:
Երեկ պաշտպանական ճառով հանդես եկան 4 ամբաստանյալների պաշտպանները, որոնք միաբերան պահանջում էին արդարացնել իրենց պաշտպանյալներին, փոխել նրանց խափանման միջոցը՝ կալանքը: Ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալ երիտասարդները չեն ճանաչել զոհին: Պաշտպանները միջնորդեցին քրեական հետապնդում իրականացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժնի քննիչ Վարդան Կիրակոսյանի, դատախազության քննիչ Տիգրան Մանուկյանի, եւ այն ոստիկանների նկատմամբ, որոնք բռնության եւ կտտանքների միջոցով ապօրինի ցուցմունք-ապացույցներ են կորզել: Նրանք հիշեցրին, որ սա այն քրեական գործն է, երբ, վկայի անվտանգությունից ելնելով («Առավոտը» 3,5 տարի առաջ անդրադարձավ վկա Մելքոն Վարդանյանի՝ Շենգավիթ համայնքի դատարանից առեւանգման դեպքին- Ռ. Մ.), նրան կեղծամ են հագցրել ու ուղեկցել դատարան: Հանգուցյալ Մ. Մաքոյանի հայրը դատարանից պահանջեց. «Ով մեղավոր է՝ թող նա պատժվի»:
Մեղադրողները, պաշտպանական կողմի գնահատմամբ, իրենց մեղադրական ճառն արտագրել են մեղադրական եզրակացությունից, եւ չեն գնահատել գործում առկա տասնյակ ապացույցները: Պաշտպանները պնդեցին, որ, ըստ գործի նյութերի, 2005 թ. օգոստոսի 11-ին Մեսրոպ Մաքոյանի սպանությունը տեղի է ունեցել ոչ այն ժամին, որը մատուցել են մեղադրողները, այն է՝ մինչեւ գիշերվա 1:30-ը, այլ՝ ժամը 2-ից հետո: Ամբաստանյալ Հրաչ Սահակյանն ասաց, որ Մեսրոպը զանգեր է ստացել մի քանի անգամ եւ չէր կարող միաժամանակ պատասխանել զանգերին եւ վեճի մեջ մտնել իրենց հետ: Ամբաստանյալ Հ. Սահակյանը, որը կես ժամում ընթերցեց իր պաշտպանական ճառը, ասաց, որ նախաքննության մարմինը հեռախոսային վերծանումներին ուշադրություն չի դարձրել, չի գնահատել իրենց դեմ ցուցմունք տված վկայի մատնանշած այլ անձանց («Տուռո», «Միկա», «Արտյոմ», «Կուկու») գործողությունները: Իսկ վկաներից մեկը՝ Մարինե Հակոբյանը, ցուցմունք է տվել 22 անգամ:
Ըստ ամբաստանյալների՝ Մաքոյանի բջջայինի վրայի մատնահետքերը նույնպես չեն ստուգվել, չի գնահատվել «Միկա» անունով Միքայել Բուռնաչյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներում առկա «ապե, զգույշ կլինեք, մարդ են բռնել» հաղորդագրությունը: 7 տեղից դանակահարված Մաքոյանի հագուստը եղել է արյունոտ, մինչդեռ, փորձագետները ամբաստանյալներից որեւէ մեկի հագուստի վրա արյան կաթիլ չեն հայտնաբերել: