Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱ՞Ր Է ՏԵՍՆՈՒՄ»

Հունվար 22,2009 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է աշխատանքից ազատել ընտրությունների ժամանակ իրեն «դավաճանած» կադրերին:

Օրերս մեր խմբագրությանն էր դիմել Գյումրիի Նորավան թաղամասի մանկապարտեզի նախկին տնօրեն Ռուզաննա Ներսիսյանը, դժգոհելով, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, հունվարի 8-ին իրեն ազատել է պաշտոնից: Տիկին Ռուզաննայի ներկայացմամբ՝ ինքն այդ մանկապարտեզում աշխատել է դեռեւս բացման օրվանից՝ 1986-ից, եւ, լինելով այս գործի վարպետը, ունենալով համապատասխան բարձրագույն կրթություն ու մեծ փորձ, իր աշխատանքով գոհացրել է Գյումրիի բոլոր քաղաքապետերին: Նրա աշխատանքը բազմիցս խրախուսել է նաեւ Գյումրիի ներկայիս քաղաքապետը: Սակայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վ. Ղուկասյանը աչքի տակ է առել Ռ. Ներսիսյանին, քանի որ վերջինիս ամուսինը՝ Գյումրիի ավագանու նախկին անդամ, Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը, ՏԻՄ ընտրություններին «հանդգնել» է իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար:

Հիշեցնենք, որ Կարապետ Ներսիսյանը քարոզարշավից մեկ շաբաթ անց ինքնաբացարկ հայտնեց՝ միանալով Ղուկասյանի հակառակորդ՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Ըստ տիկին Ռուզաննայի՝ Վ. Ղուկասյանը չմարսեց դա ու «քաղաքական հաշվեհարդար» տեսավ իր հետ. «Ես դեկտեմբերի 16-ին փոստով ծանուցագիր ստացա այն մասին, որ «Ձեր պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով Ձեզ հետ նոր պայմանագիր չի կնքվի», թե ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը, ինձ անհայտ է, ես որեւէ պայմանագիր չունեմ քաղաքապետարանի հետ կնքած, ես ընդունվել եմ հրամանով, այդպես էլ մնացել է: Ցավն այն է, որ Գյումրիի մանկապարտեզներում նույնիսկ 8-ամյա կրթությամբ վարիչ-տնօրեններ կան, սակայն նրանք անձեռնմխելի են, որովհետեւ ընտրություններին սատարել են քաղաքապետին: Ես որեւէ անգամ նկատողություն, դիտողություն չեմ ստացել քաղաքապետի կողմից»: Տիկնոջ համոզմամբ՝ իրեն աշխատանքից ազատելու համար կան այլ խորը պատճառներ: Ռ. Ներսիսյանի խոսքերով, իրեն հեռացնելով, Ղուկասյանն ուզում է վերջնականապես լիկվիդացնել Գյումրիի երեք հսկայական թաղամասերը՝ Նորավանը, Ստորմմաշինան ու Այգաբացը սպասարկող միակ մանկապարտեզը:

Բանն այն է, որ երկրաշարժից հետո նախակրթարանի շենքը գործել է որպես մանկական հիվանդանոց, իսկ 1992-ից մանկապարտեզը վերաբացվել է նույն շենքում, սակայն այս անգամ ոչ թե որպես թիվ 21, այլ՝ 12 համարի տակ, եւ քանի որ Սլաբոդկա թաղամասում գործող թիվ 12 մանկապարտեզի շենքը վթարային էր, այս 2 մանկապարտեզները, միավորվելով, գործել են Լազոյի 1 հասցեում, այսինքն՝ Նորավան թաղամասում, իսկ կառավարությունը որոշում է ընդունել՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանին թույլատրել Սլաբոդկայի վթարային մանկապարտեզի շենքն օտարելու: Սակայն օգտագործելով այդ փաստաթուղթը ու վկայակոչելով 12 համարը, խորամանկություն են արել ու օտարել Նորավանի նորակառույց մանկապարտեզի շենքի մոտ 1/4 մասը: Ընդ որում, ըստ տիկին Ռուզաննայի, օտարել են բավականին հարուստ անձնավորությունների՝ բժիշկներ Ֆելիքս Բալոյանին, Աշիկ Դարիբալդյանին, Լուիզա Կուրղինյանին, «Զանգակ» մանկապարտեզի վարիչ Անահիտ Շուխյանին: Ռ. Ներսիսյանի ներկայացմամբ՝ սկզբում մանկապարտեզի այդ տարածքները վերոհիշյալ անձանց տրամադրվել է որպես ծառայողական բնակարան՝ պայմանով, որ երբ հիվանդանոցն այդ շենքում դադարեցնի իր գործունեությունը, տարածքներն ազատեն: Սակայն նրանք այնպես են հիմնավորվել, որ այժմ դրված է մանկապարտեզը վերացնելու հարցը: Ռ. Ներսիսյանի խոսքերով, նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանը բնակիչներին օրդեր է տրամադրել, Վ. Ղուկասյանն էլ նրանց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել է: Ընդ որում, նրանցից մեկը՝ Անահիտ Հովհաննիսյանը, թեեւ «Ուրբան» ինստիտուտից բնակարանների գնման վկայագիր էր ձեռք բերել եւ Վանաձորում տան առուվաճառք ձեւակերպել, այնուամենայնիվ, ապօրինի մնացել էր մանկապարտեզի շենքում: Հետո սկսվել է մանկապարտեզի բակի օտարումը, բակը, որը վերոհիշյալ բնակիչների համար դարձել էր մեքենաների կայանատեղի, օտարվել է թաղի բնակիչներին: Տիկին Ռուզաննայի խոսքերով, մանկապարտեզին պատկանող հողի մեծ մասը օտարվել է քաղաքի հեղինակություններից մեկի՝ Ասոյի քրոջ աղջկան, իսկ բակի մյուս մասը անցած տարի օտարվել է թաղի մեկ այլ բնակչի, որը սկսել է բնակարան կառուցել, շինարարության թույլտվությունն էլ ստացել է անձամբ Վ. Ղուկասյանից: Տիկին Ռուզաննայի հաշվարկներով, թվով 7 ընտանիք բնակվում է մանկապարտեզի շենքի 25%-ը կազմող տարածքում: «Այս թեմայով ես շատ եմ վիճաբանել քաղաքապետի հետ, միշտ պայքարել եմ սրա դեմ, սակայն վստահ եմ, որ քաղաքապետի ուշքն ու միտքը մանկապարտեզը վերացնելն է: Ուստի գիտեմ, որ իմ պաշտոնազրկումը կապված է նաեւ սրա հետ»,- ասաց Ռ. Ներսիսյանը:

«Առավոտը» փորձեց այս թեմայով պարզաբանումներ ստանալ նաեւ Գյումրիի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետ Հովիկ Կարապետյանից: Սակայն կրթության բաժնի պետի պահվածքն ուղղակի ապշեցուցիչ էր. վերջինս «Առավոտ» օրաթերթի անունը լսելուն պես լսափողը կախեց ու ողջ օրվա ընթացքում քարտուղարուհին ասաց, որ նա տեղում չէ: Նկատենք, որ ճիշտ կլիներ, որպեսզի քաղաքապետը հենց նման կադրերից ազատվեր, որոնք կառույցի շահերը պաշտպանելու փոխարեն՝ իրենց պահվածքով ստվեր են գցում քաղաքապետի վրա ու ոտնահարում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Անաչառ լինելու համար նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանը երբեք իրեն թույլ չի տվել նման կերպ վարվել լրագրողների հետ, նույնիսկ, եթե հարցերն անցանկալի են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել