Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արժանացել է պատվավոր կոչման

Հունվար 22,2009 00:00

\"\"Գնահատվել է «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ներդրումը:

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Կոչումը տրվել է արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար:

Նշենք, որ Հրանտ Վարդանյանին հանձնելով Հայաստանում առաջին անգամ շնորհվող պատվավոր կոչումը հավաստող շքանշանը, Ս. Սարգսյանը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգի» նախագահի վաստակը մեր երկրի տնտեսական առաջընթացի, տնտեսության ավանդական ճյուղերի վերակենդանացման եւ զարգացման, ինչպես նաեւ արտահանման խթանման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ընդգծել է նաեւ գործարարի մեծ ներդրումը նոր աշխատատեղերի ստեղծման հարցում եւ բարձր գնահատել նրա մշտական ուշադրությունը երեխաների նկատմամբ: «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ս. Սարգսյանին՝ բարձր կոչման համար, այն համարելով պարտավորեցնող եւ նոր եռանդով աշխատանքի մղող գնահատական: Նշենք, որ «Գրանդ Հոլդինգի» ընկերությանն են պատկանում նաեւ «Գրանդ Տոբակո» եւ «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունները, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Գրանդ Տոբակոյի» թղթի արտադրության ձեռնարկությունը, «Գրանդ Սան» գործարանը, «Պոնչիկանոց» ֆիրմային խանութների ցանցը, ինչպես նաեւ «ԱՐ» եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունները: Վերոնշյալ բոլոր ընկերությունները՝ միասին վճարած հարկերի ցուցանիշով, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում են հինգերորդ տեղը: Հիմնադրման օրվանից մինչ այսօր այդ ընկերությունները վճարել են ավելի քան 300 միլիոն դոլար հարկ:

«Գրանդ Հոլդինգն» ապահովում է մոտ 4500 աշխատատեղ, իսկ գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության արդյունքում՝ մարզերում բացվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել