Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ՆԵՐԻ ՆՈՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Հունվար 22,2009 00:00

\"\"«Ալեքսերվ» ընկերության տրամադրած ժապավենները շատ ՀԴՄ-ների չեն համապատասխանում, խանութներում էլ ստիպված տալիս են վիճակախաղի համար անպիտան կտրոններ:

Հունվարի 1-ից շրջանառության մեջ դրված հաշվիչ դրամարկղային մեքենանների (ՀԴՄ) համար նախատեսված նոր ժապավենները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել: Պարզվում է, որ այդ ժապավենները հաճախ չեն համապատասխանում ՀԴՄ-ներին, քանի որ արտադրված են ստանդարտ չափերով, իսկ վաճառքի կետերում եւ սպասարկման օբյեկտներում տեղադրված ՀԴՄ-ները տարբեր չափերի են:

«Առավոտին» դիմած մի շարք տնտեսվարողներ հավաստիացնում են, որ եթե անգամ մեկ միլիմետրով էլ ժապավենը լայն կամ նեղ է, հաշվիչ դրամարկղային մեքենան ոչ մի գործողություն չի անում կամ անում է՝ կիսատ-պռատ: Նրանք պնդում են, որ շատ օբյեկտների տրամադրած կտրոնների վրայի պարտադիր թվերի բացակայությունը պայմանավորված է հենց դրանով: Այսինքն՝ մեքենան պետք է տպի 10 սմ լայնությամբ կտրոն, որտեղ երեւալու են պահանջվող բոլոր տվյալները, բայց տպում է նախկին կտրոնի չափով՝ ընդամենը 4 սմ, որտեղ հիմնականում բացակայում են վիճակահանության համար պահանջվող 8 թվերը, կամ դրանք մի քանի անգամ են նշված: Չնայած սրան՝ այս ժապավեններն արտադրող միակ ընկերությունը՝ «Ալեքսերվը», չի շտապում իր «սխալն» ուղղել եւ բոլոր տնտեսվարողներին մատակարարել այնպիսի ժապավեններ, ինչպիսին համապատասխանում է նրանց ՀԴՄ-ին: Այս ընկերությանը չի անհանգստացնում այն, որ պարտավորությունները փաստացի չկատարելու դեպքում կարող է զրկվել արտոնագրից: Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, «Ալեքսերվի» «թիկունքին» կանգնած է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որն էլ հեշտ ու հանգիստ ամեն բան կշտկի:

Նշենք, որ տուգանքից խուսափելու համար տասնյակ ընկերություններ հարկայինի հետ «լեզու են գտել» եւ շարունակում են աշխատել հին ժապավեններով, մինչեւ որ պատրաստ կլինեն իրենց ՀԴՄ-ներին համապատասխանող նեղ ժապավենները: «Առավոտին» դիմած տնտեսվարողների հավաստմամբ, հարկայինից իրենց տեղեկացրել են, որ ժապավենների խնդիրը կլուծվի, ամենայն հավանականությամբ՝ 1 շաբաթից ոչ շուտ: Որոշ խանութների սեփականատերեր էլ ստիպված գնել են նոր ՀԴՄ-ներ՝ նախընտրելով միանգամից 50-55 հազար դրամ ծախսել ու գլխացավանքից ազատվել, քան թե տուգանվել մի քանի հարյուր հազար դրամով: Քիչ չեն նաեւ այն ընկերությունները, որոնք հարկայինի ստուգայցերի ժամանակ չեն խեղճացել ու ցույց տալով «Ալեքսերվի»՝ իրենց տրամադրած ժապավենները, տեսուչներին բացատրել են, որ իրենք ոչ մի մեղք չունեն եւ արժանի չեն եղել տույժ- տուգանքների: Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ այս ընկերություններից մեկն էլ «Երիցյան եւ որդիներ» սուպերմարկետն է, որտեղ հունվարի սկզբի մի քանի օրերին հաճախորդներին տրամադրել են հին կտրոններ: Սակայն Արաբկիր համայնքի թաղապետ, «Երիցյան եւ որդիների» սեփականատեր Ալբերտ Երիցյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, իրենց մոտ հարկային ստուգումներ իրականացվել են, սակայն խանութում առաջին իսկ օրվանից աշխատել են նոր ժապավեններով եւ ոչ մի խնդիր չեն ունեցել. «Ես շատ խիստ եմ այդ հարցերում, ինչպե՞ս կարող էի նման բան թույլ տալ»:

«Առավոտը» փորձեց նաեւ վերջերս իրականացված հարկային ստուգումների արդյունքում տուգանված «Նոր զովք» եւ «Երեւան city» (Տիգրան Մեծի փողոցում գտնվող) սուպերմարկետներից պարզել, թե նրանք է՞լ են նման խնդիր ունեցել, որ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել սպառողներին: Պարզվեց, որ «Երեւան city»-ն արդեն չի գործում, իսկ «Նոր զովքի» մենեջեր Ռաֆիկը, որը մեզ հետ զրույցում հրաժարվեց ասել իր ազգանունը, պատճառաբանելով, որ լրագրողները խիստ վտանգավոր են, ասաց, որ ՀԴՄ-ներ չտրամադրելը պայմանավորված է եղել իրենց աշխատողի անփութությամբ. «Աշխատողը չի տրամադրել, մենք էլ նրան աշխատանքից ազատել ենք»: Մեր հարցին, թե տուգանվել եք 3 անգամ, բոլոր դեպքերում էլ աշխատողնե՞րն են մեղավոր եղել, նա դրական պատասխան տվեց: Պարոն Ռաֆիկը եւս հավաստիացրեց, որ ՀԴՄ-ների նոր ժապավենները խնդիրներ են առաջացրել, սակայն ասաց, որ դա իրենց չի վերաբերում:

Պետեկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեցին, որ շատ ընկերություններ կտրոններ չտրամադրելը արդարացնում են անհիմն պատճառաբանություններով: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ընդամենը 1 ընկերություն զբաղվում ժապավենների վաճառքով, եթե չի կարողանում իր աշխատանքները ժամանակին հասցնել, վարչության պետ Նելլի Մանուչարյանը պատասխանեց. «ՀԴՄ-ների նեղ ժապավենները վաղուց պատրաստ են եւ այդ ժապավենների կարիքն ունեցողները դրանք պետք է վաղուց ունենային»:

«Ալեքսերվից» պարզաբանումներ ստանալու ակնկալիքով էլ փորձեցինք գտնել ընկերության հեռախոսահամարը, սակայն տեղեկատուներում այդպիսի ընկերություն գրանցված չէր: «Ալեքսերվից» տեղեկություն չուներ նաեւ Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել