Եթե դա իշխանությունը չանի սեփական կամքով
Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ներկայացրել է ՀԱԿ-ի հայտարարությունը, որը տեղ է գտել մեր թերթի իններորդ էջում:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հեռանկարին՝ նա կարծիք է հայտնել, թե այդպիսի որոշում ընդունելու համար բոլոր հիմքերը կան, քանի որ ԵԽԽՎ երկու բանաձեւերի պահանջների կատարման հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Լ. Զուրաբյանի ասելով՝ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում եւ սարսափում են հնարավոր պատժամիջոցների կիրառման հետեւանքներից, բայց արտաքուստ հանգստություն են պահում՝ սեփական թիմակիցներին քաջալերելու նպատակով: Նրա մատուցմամբ, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերյան նիստից հետո քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում, ինչն, ի դեպ, ԵԽԽՎ-ի պահանջների թվում առանցքային է, առաջընթացի փոխարեն ետընթաց է գրանցվել: Խոսքը դեկտեմբերի 23-ին բանտախցերում մի քանի քաղբանտարկյալներին ծեծի ենթարկելու մասին է: Ըստ ՀԱԿ համակարգողի՝ այդ տեղեկությունները, ինչպես նաեւ բոլոր 59 քաղբանտարկյալների անունները միջազգային կառույցներում կան: Զուրաբյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Կոնգրեսի համար առաջնային է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: «Եթե իշխանությունը չլուծի քաղբանտարկյալների խնդիրը, այն արդեն դառնալու է մեր լուծելիք հարցը»,- հայտարարել է Լ. Զուրաբյանը: Ըստ նրա՝ իշխանությունն այդ հարցը լուծել չի ուզում, որովհետեւ իր՝ բռնապետի պատկերացմամբ, քաղբանտարկյալներին ազատ արձակելը նշանակում է, որ իշխանությունը պարտվում է: Զուրաբյանը հանգստացրել է իշխանություններին՝ ասելով, թե այդ քայլը կարող է լինել առաջին հերթին հենց իշխանության, նաեւ՝ մեր երկրի հաղթանակը: «Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ մի գին է, որ այս իշխանությունը պատրաստ է վճարել քաղբանտարկյալներին բանտերում պահելու համար»,- հավելել է Կոնգրեսի համակարգողն ու որպես դրա օրինակ շեշտել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին ուղղած նամակը: Դրա բովանդակությունը Զուրաբյանն այսպես է ապակոդավորել՝ «եթե ուզում եք, որ լուծվի Ղարաբաղի հարցը, Հայաստանին մի զրկեք ԵԽ-ում քվեարկելու իրավունքից»:
Արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելը ՀԱԿ-ը կհամարի՞ իր հաղթանակը: Ի պատասխան այս հարցադրմանը՝ Զուրաբյանը հայտարարել է, թե՝ Կոնգրեսի խնդիրն է, որ երկրում քաղբանտարկյալներ չլինեն, որ Հայաստանը զարգանա ժողովրդավարության ուղով, իսկ Հայաստանին ձայնից զրկելու դեպքում դրա պատասխանատուն լինելու են միայն իշխանությունները: Նա հիշեցրեց, որ այդ իշխանությունը չօգտվեց ԵԽ-ի կողմից իրեն տրված ժամանակից, դա համարելով «քարտ բլանշ», քաղբանտարկյալներին բանտերում պահելու համար:
Խոսելով «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին՝ Կոնգրեսի ներկայացուցիչը հավաստիացրել է, թե՝ «բոլոր 10 սպանությունները բացահայտվելու են, եւ դա լինելու է կամ ընդդիմության կողմից, կամ նրա ճնշման տակ՝ իշխանությունների կողմից»: